Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց Ազգերի լիգայի խաղարկությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց Ազգերի լիգայի խաղարկությունը




Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 2։3 հաշվով արտագնա պարտություն կրեց Իռլանդիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում։

Մինչև 70-րդ րոպեն խաղն անցնում էր իռլանդացիների տարածքային և խաղային բացահայտ առավելությամբ։ Դաշտի տերերը անընդհատ տնօրինում էին գնդակը և ոչ մի շանս չէին տալիս մեր հավաքականին գրոհներ կառուցելու և որևէ վտանգ ստեղծելու համար։ Արդյունքում, Իռլանդիայի հավաքականը երկու գնդակ ուղարկեց Հայաստանի ընտրանու դարպասը։ 18-րդ րոպեին Ջոն Իգանը անկյունայինի խաղարկման արդյունքում գլխի հարվածով բացեց հաշիվը։ 52-րդ րոպեին էլ Մայքլ Օբաֆեմին հեռահար հարվածով գրավեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը։

71-րդ րոպեին Հայաստանի հավաքականն արթնացավ և կարողացավ թրջել խաղի հաշիվը։ Վահան Բիչախչյանի հեռահար հարվածը դիպավ ուղղահայաց դարպասաձողին, գնդակն անդրադարձ կատարեց տուգանային հրապարակի մատույցներ, որտեղից էլ ուժգին հարվածով Արտակ Դաշյանը գնդակն ուղարկեց դաշտի տերերի դարպասը։ 2 րոպե անց մեր հավաքականը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Իռլանդիայի հավաքականի պաշտպանը սխալ փոխանցում կատարեց, գնդակին տիրեց Էդուարդ Սպերցյանը և պտտեցրած հարվածով գրավեց Իռլանդիայի դարպասը։ Այս հաջողությունից ոգևորված Հայաստանի հավաքականի խաղացողները ոգևորվեցին և ջանքեր էին գործադրում նաև հաղթական գնդակը խփելու, սակայն իրավիճակը փոխվեց 88-րդ րոպեին։ Իռլանդացիների խաղարկած անկյունայինի արդյունքում կատարած հարվածը ձեռքով փակեց Արտակ Դաշյանը։ Գլխավոր մրցավարը, դիտելով դրվագի տեսակրկնությունը, 11-մետրանոց հարված նշանակեց։ Այս որոշումը զայրացրեց Հովհաննես Համբարձումյանին և մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտի արժանացավ, ապա կարմիր քարտ ստացավ նաև Արտակ Դաշյանը, իսկ նշանակված 11-մետրանոցն էլ դիպուկ իրացրեց Ռոբի Բրեդին՝ դնելով հանդիպման վերջակետը։

Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի խաղարկության նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականն ընդամենը մեկ հաղթանակ է տարել, և դա գրանցվել է հենց առաջին տուրում՝ Իռլանդիայի հետ Երևանում կայացած խաղում։ Մնացած բոլոր խաղերում մեր հավաքականը պարտվել է։

Այսպիսով, Հայաստանի ազգային ընտրանին 3 միավորով զբաղեցրեց B դիվիզիոնի 1-ին խմբի վերջին՝ 4-րդ հորիզոնականը և այդ պատճառով Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգա C դիվիզիոնում: