«Երբեւէ չենք խոչընդոտել ֆիլմի ցուցադրմանը որեւէ հեռուստաալիքով». «Շարմ Հոլդինգ»-ը՝ «Կյանք ու կռիվ» եւ «Կյանք ու կռիվ․ 25 տարի անց» ֆիլմերի ցուցադրման մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երբեւէ չենք խոչընդոտել ֆիլմի ցուցադրմանը որեւէ հեռուստաալիքով». «Շարմ Հոլդինգ»-ը՝ «Կյանք ու կռիվ» եւ «Կյանք ու կռիվ․ 25 տարի անց» ֆիլմերի ցուցադրման մասին



«Շարմ Հոլդինգ» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Կյանք ու կռիվ» եւ «Կյանք ու կռիվ․ 25 տարի անց» ֆիլմերի ցուցադրել-չցուցադրելուն առնչվող հարցին:


«Վերջին օրերին սոցիալական ցանցերում բազմապիսի քննարկումների թեմա է դարձել «Կյանք ու կռիվ» եւ «Կյանք ու կռիվ․ 25 տարի անց» ֆիլմերի ցուցադրել-չցուցադրելուն առնչվող հարցը։ Ֆիլմերի իրավատերը հանդիսացող «Շարմ Հոլդինգ» ընկերությունը հայտնում է, որ երբեւէ չի խոչընդոտել ֆիլմի ցուցադրմանը որեւէ հեռուստաալիքով եւ ներկայումս նույնպես պատրաստ է ցուցադրման արտոնագիր տրամադրելու ցանկացած հեռուստաընկերության, որը կդիմի նման ցանկությամբ։

Ցանկանում ենք նշել, որ հայ մարդու համար հայրենասիրության ու ոգու արիության հիանալի օրինակ դարձած «Կյանք ու կռիվ» եւ «Կյանք ու կռիվ․ 25 տարի անց» ֆիլմերում լավագույնս պատկերված պայքարի հաստատակամությունը հանուն հայրենիքի չափազանց անհրաժեշտ է մեր երկրի համար վճռորոշ այս ժամանակաշրջանում։ Այդ իսկ պատճառով ֆիլմերը լայն հանրության համար հասանելի են Kinodaran հավելվածում կամ kinodaran.com կայքում», - գրված է ընկերության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունն հաղորդագրություն էր տարածել, որում մանրամասնել էր, թե ինչու չի ցուցադրում «Կյանք ու կռիվ» ֆիլմը:

«Հանրային հեռուստաընկերությունը, արձագանքելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի վերաբերյալ հարցումներին, թե ինչու ֆիլմի հեղինակային իրավունքներն ունենալով հանդերձ՝ այն չի ցուցադրում, հայտնում է. թեեւ ֆիլմը նկարահանվել է Հանրային հեռուստաընկերության պատվերով եւ միջոցներով, եւ ըստ տրամաբանության՝ հեղինակային իրավունքները պետք է պատկանեին Հանրայինին, փաստացի, տնօրինվում են այլ ընկերության կողմից: Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունն արդեն իրավական գործընթաց է սկսել՝ պարզելու ֆիլմի հեղինակային իրավունքներն այլ իրավատիրոջ փոխանցելու հանգամանքները, վերականգնելու իր իրավունքները, ինչպես նաեւ գնահատելու եւ փոխհատուցելու Ընկերությանը հասցված վնասը: Հանրայինն այս խնդրի առնչությամբ դիմում է պատրաստվում ուղղել ՀՀ պետական վերահսկողական ծառայություն», - ասվում էր հայտարարության մեջ:

Ֆիլմի ռեժիսորը, իր հերթին, անդրադարձել էր ստեղծված իրավիճակին՝ գրելով. ««Կյանք ու կռիվ» ֆիլմի ստեղծագործական արժեքը (եթե ունի) դժվար վնասվի որեւէ մեկի կողմից:

Եթե հաղթանակած հայկական բանակի մասին ֆիլմը չցուցադրելու պատճառը ոչ թե քաղաքական է, այլ նրանում է, որ չունեք դրա իրավունքը` իրավունք ունեցողին գտնելը փոքր Հայաստանում կարծում եմ դժվար չի լինի: Այսօր 2022-ի սեպտեմբերի 30-նն է»: