87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը



87 տարեկանում կյանքից հեռացել է կինոգետ, կինոքննադատ, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը։ Լուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տիգրան Վիրաբյանը։

Սուրեն Հասմիկյանը ծնվել է 1935 թվականին, Երևանում։
1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը։
1961-ին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան՝ կինոգիտության գծով։ Եղել է առաջին կինոգետներից, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն։ 1960-ականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խմբագիր։
1971-1982 թվականներին եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը։ 1989 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոքննադատների կոլեգիայի նախագահն էր։
1968-1978 թվականներին Հասմիկյանը հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար։
1991 թվականին նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ...» ֆիլմում։
Հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդվածներ, բազմաթիվ սցենարներ, 3 գրքերի հեղինակ է։ Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը։

Դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-2006 թվականներին եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչ։

Սուրեն Հասմիկյանը դերասանուհի Հասմիկի` Թագուհի Հակոբյան թոռն է։Ապագա կինոքննադատը դեռ մանկուց որոշել էր իր համար գրական կեղծանուն ընտրել Սուրեն Հասմիկյան անունը, որը հետագայում դարձավ նաև նրա պաշտոնական ազգանունը։