Լրահոս

Ինչպես կարգավորել երեխայի քունը




Խորհուրդներ` անձնական փորձից:

Ընկերներս ու բարեկամներս հենց ծնող են դառնում, որոշ ժամանակ անց ինձ հարցնում են. "Ոնց ես արել, որ երկու երեխադ էլ հենց պառկացնում էիր անկողին, իսկույն քնում էին` առանց լացելու": Օրերս կրկին այդ հարցը տվեցին ու խոստացա կիսվել իմ "մեթոդներով":


1. Երեխան պետք է ունենա քնելու հստակ ժամ, որը խախտել չի կարելի, նույնիսկ եթե տանը հյուրեր են: Խնդրեք հյուրերի ներողամտությունը ու փոքրիկի հետ ճիշտ ժամին առանձնացեք ննջասենյակում:
 
2. Երբեք մի թողեք արթուն երեխային մահճակալում: Նա պետք է սովորի, որ մահճակալում իր հայտնվելը քնելու համար է:

3. Քնի ժամին պետք է նախորոք նախապատրաստվել: Ես մոտ մեկ ժամ առաջ վերացնում էի բոլոր գրգռիչները` բարձր գոռացող հեռուստացույց, ուժեղ լուսավորություն և այլն, երեխային վերցնում գիրկս, մեղմ երգեր երգում կամ ցածր ձայնով բաներ պատմում, նույնիսկ եթե նա դեռ չի հասկանում:
 
4. Երբ պառկեց մահճակալի մեջ, վերջ, կրկին ձեռքերի վրա վերցնել չկա: Եթե անհանգստանում է, նստեք կողքը, բբռնեք ձեռքը, շոյեք նրան ու շարունակեք հանգիստ երգել կամ խոսել: Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ երեխային որևէ ցավ է անհանգստացնում:

5. Մի քիչ ավելի մեծ երեխաներին քնելուց առաջ կարող եք հատուկ սիմվոլներ ցույց տալ կամ "կախարդական բառեր" ասել, որոնք կկրկնեք ամեն օր: Եվ անպայման վստահեցրեք նրան, որ առավոտյան կրկին կհանդիպեք: Հաճախ երեխաները վախենում են այլևս չտեսնել ձեզ, միայնակ մնալ:

6. Ննջասենյակում չպետք է լինի շոգ, իսկ երեխան չափից տաք հագնված! Քնելուց առաջ անպայման օդափոխեք:
 
Սա ամենակարևոր կետերն են, իսկ մնացածը ձեր փորձը կհուշի: