Պատմական նշանակությունը ռիսկեր է պարունակում. «Ոսկե գնդակի» բացասական կողմը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պատմական նշանակությունը ռիսկեր է պարունակում. «Ոսկե գնդակի» բացասական կողմը




Ֆուտբոլային հանրության քննարկման թեման առաջիկա օրերին նվիրված է լինելու Կարիմ Բենզեմային: Մադրիդի «Ռեալի» հարձակվողը France Football-ի կողմից ճանաչվեց 2021-2022 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Աշխարհում քիչ են մարդիկ, որոնք կասկածում էին ֆրանսիացու հաղթանակին: Ոչ թե այն պատճառով, որ 34-ամյա Բենզեման մի գլուխ բոլորից լավ է խաղում, այլ որովհետև վաղուց այսպես է ստացվել. միջազգային խոշոր մրցաշարի բացակայության ժամանակ կարևոր է Չեմպիոնների լիգայում փայլելը, ինչը արեց Կարիմը: Ոմանք իրավացիորեն կասեն` իսկ Կուրտուա՞ն: Նա էլ որոշիչ դեր ուներ «Ռեալի» հաջողություններում, բայց դեռ ոչ ոք արդարացի չափանիշ չի մտածել դարպասապահին և հարձակվողին համեմատելու համար, իսկ դա նշանակում է, որ շատերի համար գոլը միշտ ավելի բարձր կդասվի, քան սեյվը:

Բայց խոսենք «Ոսկե գնդակի» պատմական նշանակության մասին: Այս մրցանակն արդեն քանի տարի է երկու ծայրահեղությունների արանքում է: Մի մասն ասում է, որ այն կորցրել է իր վաղեմի հեղինակությունը, իսկ մյուսները նշում են ֆուտբոլիստի կարիերայում մրցանակի նշանակության մասին: «Ոսկե գնդակի» քննադատներն այն PR-ի զոհ են կոչում կամ հեղինակազրկված անվանում Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի գերիշխանության պատճառով:



Բայց «Ոսկե գնդակի» մեկ այլ բացասական կողմ էլ կա, որի մասին գրեթե չի խոսվում: Գրեթե բոլոր մեծագույն ֆուտբոլիստները, որոնք չեն ստացել «Ոսկե գնդակը», ժամանակի հետ թերագնահատվում են: Կամ, ավելի ճիշտ, նրանց ժամանակաշրջանում խաղացած մեկ այլ ֆուտբոլիստ, ով հաջող մրցաշրջան է անցկացրել և հանգամանքների բերումով լավագույնը ճանաչվել, ժամանակի հետ հաճախ ավելի բարձր կարգավիճակ է ստացել մեծագույնների հիերարխիայում:

21-րդ դարի օրինակներից…

Երբ հիշատակվում են Պավել Նեդվեդի, Ֆաբիո Կանավարոյի կամ Մայքլ Օուենի անունները, սովորաբար մարդկանց մտքին առաջինը գալիս է «Ոսկե գնդակը»: Բայց մի՞ թե նրանց ժամանակներում եղել են պակաս լավ ֆուտբոլիստներ: Ո՞վ կարող է հիմնավորել, թե ինչո՞վ էր Ալեսանդրո Նեստան զիջում Կանավարոյին, Ռաուլ Գոնսալեսը` Օուենին, Միխայել Բալակը՝ Նեդվեդին, իսկ Թյերիի Անրիի ու Չավին՝ ցանկացած ուրիշին:

Թարմ օրինակներից

Լուկա Մոդրիչը հիասքանչ ֆուտբոլիստ է և իմ կարծիքով՝ վերջին տասնամյակում «Ռեալի» լավագույն խաղացողը: Այն, որ խորվաթը «Ոսկե գնդակ» է ստացել և մեծ գնահատման արժանացել, դա ֆուտբոլային արդարություն է: Սակայն...

Իմ համոզմամբ՝ արդեն մի քանի տարի է աշխարհի լավագույն կիսապաշտպանը Քևին Դե Բրույնեն է, բայց նա ոչ միայն «Ոսկե գնդակ» չունի, այլ նույնիսկ նրա դիրքում լավագույնը լինելու փաստը միանշանակ չի ընդունվում: Վստահեցնում եմ, եթե բելգիացին ստանա հաջորդ «Ոսկե գնդակներից» մեկը, կախարդական կերպով շատերը կսկսեն խոսել նրա արժանիքների և լավագույնը լինելու մասին, չնայած հիմա լռում են:

Իսկ այն, որ Անդրես Ինիեստան չի ստացել «Ոսկե գնդակ», դա արդեն ֆուտբոլային մեծագույն անարդարություն է: Եթե դրա պատճառով հանճարեղ իսպանացին ժամանակի հետ Մոդրիչից ցածր դասվի, ապա կարելի է ֆուտբոլը փակել և բանալին նետել մոտակա մոլորակ:



Եթե նկատել եք, վերջին տարիներին Մեսիից և Ռոնալդուից բացի, մրցանակին արժանացած ֆուտբոլիստները (ինչպես նաև 2020-ին աբսուրդային որոշման պատճառով մրցանակը չստացած Լևանդովսկին) եղել են 30 տարեկանից բարձր տարիքի: Այս ամենը հետաքրքիր ենթադրության է տանում...

Բոլոր այն ֆուտբոլիստները, որոնց կարողություններին վաղուց ծանոթ ենք և ենթագիտակցորեն դրանք սահմանափակել ենք, երբ մեկ քայլ բարձրացնում են իրենց խաղամակարդակը, ինչպես նաև դա ամրագրում թիմային հաջողությամբ, ինքնաբերաբար դառնում են լավագույնի կոչման թեկնածու:

Այդ հանգամանքը 30 տարեկանին մոտ ֆուտբոլիստներին լրացուցիչ առավելություն է տալիս նույն Կիլիան Մբապեի կամ Էրլինգ Հոլանդի հետ պայքարում, որովհետև այդ հարձակվողների հնարավորությունների չափանիշը դեռ չի սահմանվել: Նման իրավիճակում բարձրանում են Քևին Դե Բրույնեի, Նեյմարի, Մոհամեդ Սալահի, Հարի Քեյնի, Սադիո Մանեի, Անտուան Գրիզմանի և շատ ուրիշների շանսերը: Եթե նրանք Վինիսիուս Ժունիորի կամ Լերոյ Սանեի հետ հավասար շանսեր ունենան մրցանակը ստանալու, ապա մեծ հավանականությամբ նախապատվությունը կտրվի փորձառուին:

Մի կողմից, դա լավ է, բայց եթե Մանեն ստանա մրցանակը, շատերն իրավացիորեն կհարցնեն, իսկ Սալա՞հը: Կրկին վերադառնում ենք նրան, ինչից սկսեցինք: Այդ պատճառով մեծանում է այն մարդկանց դերը, որոնք կարող են անընդհատ բարձրաձայնել լավագույն ֆուտբոլիստների ֆենոմենի մասին և թույլ չեն տա, որ նրանք մոռացվեն, անկախ ստացած մրցանակներից: Չէ որ, Դիեգո Մարադոնան, Եվրոպայում խաղալով, երբեք հին աշխարհամասի լավագույն ֆուտբոլիստ չի ճանաչվել՝ հատուկ կանոնակարգի պատճառով: Բայց նրա հանճարեղ խաղը չի մոռացվել և չի մոռացվի, քանի որ այդ մասին քննարկումները չեն դադարում: