Ինչպե՞ս խնամել մաշկը ուշ աշնանը և ձմռանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպե՞ս խնամել մաշկը ուշ աշնանը և ձմռանը




Ուշ աշնանն ու ձմռանը մարդու մաշկը հավելյալ խնամքի կարիք է զգում։ Երբ մեկնարկում է ջեռուցման սեզոնը, փակ տարածքներում՝ տանը, աշխատավայրում օդը չորանում է՝ իր բացասական ազդեցությունը թողնելով մաշկի վրա։ Խնամքի միջոցները՝ լոսյոնները, փափկացնող քսուքները երբեմն սպասված արդյունքը չեն տալիս, անհրաժեշտություն է առաջանում դիմել հավելյալ միջոցների։ Ամենաարդարացվածներից մեկը սննդակարգում որոշակի փոփոխություններ մտցնելն է։

Ուշ աշնանն ու հատկապես ձմռանը սննդակարգի անբաժանելի մասը պետք է լինեն օգտակար ճարպերը՝ օրգանիզմը «ներսից փափկացնելու» համար։ Ձկան յուղոտ սորտերը, կոկոսի, կտավատի, ընկույզի յուղը օգտակար ճարպերի հարուստ աղբյուր են։

Սննդակարգում փոփոխություններից բացի, ուշ աշնանն ու ձմռանը անհրաժեշտ է մաշկը խնամելիս որոշակի կանոնների հետևել։

Առավոտյան կամ օրվա ընթացքում լվացվել հարկավոր է ոչ թե սառը կամ տաք, այլ գոլ ջրով։ Լոգանք ընդունելիս պետք է հիշել՝ շատ երկար ժամանակ տաք ջրի տակ մնալը նույնպես չորացնում է մաշկը, քանի որ տաք ջուրն, ի տարբերություն գոլ ջրի, շատ ավելի արագ է մաքրում մաշկի պաշտպանիչ՝ ճարպային շերտը։

Լոգանք ընդունելուց հետո դեմքի և մարմնի մաշկը հարկավոր է խնամել կոկոսի յուղով։

Մարմինը հարկավոր է մերսել բնական մազերով պատված խոզանակով՝ ակտիվացնելով ավշային համակարգը, օրգանիզմից դուրս բերելով տոքսինները, մաշկի մակերեսից հեռացնելով մեռած բջիջների շերտը։ Խոզանակի վրա կարելի է մի կաթիլ էվկալիպտի եթերայուղ լցնել, այն թարմացնում է մաշկը, ինչպես նաև լավացնում է վերին շնչառական ուղիների աշխատանքը։

Մաշկի խնամքի միջոցների՝ լոսյոնների, քսուքների մեջ նույնպես կարելի է մեկ կաթիլ եթերայուղ ավելացնել՝ մաշկին հավելյալ փափկություն հաղորդելու համար։ Ամենից օգտակարն են համարվում բերգամոտի յուղը, որն օգնում է բուժել էկզեման, ինչպես նաև վերացնում է մաշկի գրգռվածությունը, խորդենու եթերայուղը, որը նույն ազդեցությունն ունի։ Թեյի ծառի յուղը նույնպես հայտնի է իր հրաշագործ հատկություններով․ մաշկը փափկացնելուց, դրան առողջ երանգ հաղորդելուց բացի, ունի նաև հանգստացնող, հակաբորբոքային ազդեցություն։

Ցուրտ եղանակին պետք չէ մոռանալ նաև ձեռնոցների մասին։ Դրանք ձեռքերի մաշկը պաշտպանում են ձմռան սառը օդի, քամու ազդեցությունից, չեն թողնում, որ մաշկը ձմռանը չորանա և ճաքճքի։