34 տարեկանում մահացել է երգիչ Ահարոն Քարթերը

Մահացել է երգիչ, հեռուստահաղորդավար եւ Backstreet Boys խմբի անդամ Նիք Քարթերի կրտսեր եղբայրը՝ Ահարոն Քարթերը։ Նա 34 տարեկան էր։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Արտիստի ներկայացուցչի խոսքով՝ նրա մարմինը հայտնաբերվել է Կալիֆոռնիայի Լանկասթեր քաղաքում գտնվող նրա տանը։ Մահվան պատճառն այս պահին հայտնի չէ։
Ըստ TMZ-ի՝ Լոս Անջելեսի ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, երբ հայտնի է դարձել խեղդված տղամարդու մասին։ Հրատարակության աղբյուրը պնդում է, որ Ահարոնի մարմինը հայտնաբերվել է լոգարանում։
Ահարոնը որպես փոփ երգիչ հայտնի է դարձել 1990-ականների վերջին՝ թողարկելով չորս ստուդիական ալբոմ՝ սկսած Aaron Carter դեբյուտային ալբոմից 1997 թվականին, երբ նա ընդամենը 9 տարեկան էր։
Տարիների ընթացքում Քարթերն անցել է ռեփի։ Նա նաեւ հայտնվել է «Dance with the Stars»-ում եւ խաղացել է «Seussical» ներկայացման մեջ: