Իննա Խոջամիրյանը, Գոռ Հակոբյանը և այլք՝ Առաջին ալիքի «4 երազանք» հեռուստանովելում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իննա Խոջամիրյանը, Գոռ Հակոբյանը և այլք՝ Առաջին ալիքի «4 երազանք» հեռուստանովելում




Հանրային Հեռուստատեսությունը սկսել է նոր՝ «4 երազանք» ուսուցողական հեռուստանովելը, որի գլխավոր առանցքում են 4 տղաները, նրանց երազանքներն ու առօրյան: Tert.am Life-ը ներկայացնում է նախագծի մանրամասները:

Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը շեշտեց, որ նմանօրինակ ուսուցողական նախագծերն ավելի քան կարևոր են ու կա նման նախագծի պահանջարկ:

«Կարևորոմ եմ Հանրայինի եթերացանցում նման մանկապատանեկան և ուսուցողական նախագիծը: Փորձը ցույց տվեց, որ այն իսկապես պահանջված էր, սրա մասին է վկայում սերիալի բարձր վարկանիշը: Հենց մեր զրույցի պահին էլ էկրանին այս հեռուստանովելն է, և մի պատկերավոր օրինակ. հերոսներից մեկի սենյակում կախված են Տիգրան Համասյանի, Տաթևիկ Հովհաննիսյանի լուսանկարները, մյուսի սենյակում Տիգրան Պետրոսյանի, երրորդի մոտ էլ Հենրիխ Մխիթարյանի: 4-րդ երեխան էլ երազում է գիտնական դառնալ ու իր գիտափորձերի ճանաարհին բազմաթիվ խոչընդոտների հանդիպում, բայց չի հիասթափվում: Սա խոսում է այն մասին, որ երեխաներն ունեն երազանքներ, և դրանց իրականացման ճանապարհին իրենց համար օրինակ են հենց մեր հայ մեծերը: Մեր նպատակն է այս թվային դարում ցույց տալ՝ կան երեխաներ, որոնք ունեն ազնիվ երազանքներ՝ հանուն հայրենիքի հզորացման: Ես կուզեի, որ մեր ծնողները իրենց երեխաներին հենց այդպես դաստիարակեն»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:





Նմանօրինակ նախագծերի կարևորությունը շեշտեց նաև դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որը նովելում մարմնավորում է դպրոցի տնօրենի կերպարը: Նշենք նաև, որ սա դերասանուհու առաջին համագործակցությունն է Հանրային հեռուստաընկերության հետ: Իննան կատակելով նշեց, որ տնօրենի կերպար մարմնավորելը վերջ դրեց իր «աշակերտական» կարիերային՝ մեկ այլ սկիզբ դնելով:

«Իմ և ընկեր Միկոյանի միջև շատուշատ նմանություններ կլինեին, եթե ես հիմա որոշեի դպրոցում աշխատել, կամ տնօրեն դառնալ. երիտասարդ, համառ, նպատակասլաց, նորարար, բայցև անփորձ ու փխրուն աղջիկ, ով փորձում է արմատացած մեխանիզմներ փոխել: Մի վայրկյան նույնիսկ, երբ ինձ պատկերացնում եմ Անիի տեղում` ուզում եմ փախչել տնօրենի աշխատասենյակից: Պատկերացնում եմ ինչ դժվար է. հարգանքներս բոլոր մանկավարժներին: Չեմ հոգնի շեշտել` հեռուստանովելի հերոսները բացառիկ փոքրիկներ են. ամեն մեկը մի վառ անհատականություն է: Այնուամենայնիվ , հաշվի առնելով, որ նրանք երեխաներ են, չափազանց կարևոր է նկարահանող անձնակազմի դերը: Այս պարագայում աշխատանքային դաստիարակությունը իդեալական է ստացվել: Ծնողների պես են շփվում դերասանների հետ, ամեն մեկի հետ իր լեզվով. մեկի մազերը շոյելով, մեկին սաստելով, մյուսի հետ շատ երկար ու մանրամասն տեքստի վրա աշխատելով: 50-ից ավել երեխայի հետ աշխատել, այն էլ նրանցից եթերային կերպար ստանալը տիտանական աշխատանք է՝ ըստ իս»,- ասաց դերասանուհին:



Գլխավոր դերասանուհին պատմեց հեռուստանովելի սիրելի հատվածի մասին:

«Մի տեսարան եկավ մտքիս, որը տիկին Ռուշանյանի (տնօրենի համար ամենակոնֆլիկտային կերպարը, Սառա Արամովնան) հետ ենք խաղացել.շատ գեղեցիկ ու իմաստալից տեսարան էր, որն ընկեր Միկոյանը եզրափակում է Էնշտեյնի հետևյալ խոսքերով,-«Եթե ձկանը գնահատեն նրա թռչելու կարողությամբ, ապա նա ամբողջ կյանքում իրեն անհաջողակ կզգա»:
Ուզում եմ մեր երեխաներին թևեր տանք... Հայաստանում ավելի քան կարևոր սերունդ է մեծանում հիմա»,- նշեց Իննա Խոջամիրյանը:



Գլխավոր դերակատարներից Արտուշ Բաղդասարյանը, որը 13 տարեկան է, մեծ ոգևորությամբ և եռանդով է խոսում նախագծի մասին:
«Կերպարս շատ է սիրում խաղալ իր հոր հետ, զբաղվել ֆուտբոլով, ինձ համար նաև հարմար է, որ հոր հետ տեսարաններում ես խոսում եմ Գյումրու բարբառով, իսկ ընկերներիս հետ՝ գրական հայերենով: Շատ հետաքրքիր է Գոռ Հակոբյանի հետ խաղալը, քանի որ շատ հաճախ է տեքստից դուրս իմպրովիզներ անում, որոնք իսկապես ծիծաղելի են և դժվար է լինում պահել ծիծաղը: Ինձ շատ են դուր գալիս նկարահանումները, սա իմ առաջին փորձն է»,- ասաց երիտասարդ դերասանը:



Նրա հոր կերպարը մարմնավորում է դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը, որը նշեց՝ նկարահանման հրապարակում ոչ թե երեխաներ են, այլ պրոֆեսիոնալ անձնակազմ:

«Երբ միացա նկարահանումներին, հասկացա, որ նկարահանման հրապարակում պրոֆեսիոնալ անձնակազմ է, որը պատրաստ է առանց տրտնջալու խաղալ, նկարահանվել, փորձել տեսարաններն ու աշխատել: Կերպարս ավելի քան հոգեհարազատ է, նաև ռեժիսորի հետ որոշեցինք, որ հետաքրքիր կլինի նման կերպ փորձել»,- ասաց Գոռ Հակոբյանը: