Լրատվական դաշտի հոկտեմբեր ամսվա մոնիթորինգ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լրատվական դաշտի հոկտեմբեր ամսվա մոնիթորինգ



2022 թվականի մարտ ամսից «Հանուն Չորրորդ Իշխանության» հկ-ն տեղեկատվական դաշտում իրականացնում է
մշտադիտարկում, որով յուրաքանչյուր ամիս ամփոփվում է լրագրողական դաշտում արձանագրված խախտումներն ու կարևոր
իրադարձությունները: Հերթական մշտադիտարկման արդյունքները վերաբերում են 2022 թվականի հոկտեմբեր ամսին: Եվ այսպես.

1․ Ամսվա ընացքում արձանագրվել է լրագրողի կամ լրատվամիջոցի կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքի
սահմանափակման դեպք Ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական ստորաբաժանման կողմից։

Այսպես՝ հոկտեմբերի 11-ին Sputnik Արմենիայի լրագրողը ԱԱԾ-ից պատասխան նամակ է ստացել, ըստ որի՝ ՀՀ Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության գոտու տեղամասերին հարող բնակավայրերում լուսաբանում իրականացնելը
ոչ նպատակահարմար է, ուստի մերժել են այցի թույլտվությունը։ Պատճառը՝ տեղանքում իրականացվող ինժեներական աշխատանքներն են:

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր պատճառներով Պաշտպանության նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանափակվում է որոշ լրագրողների աշխատանքը սահմանային հատվածներում, ինչի մասին «Հանուն
Չորրորդ Իշխանության» հկ-ին հայտնում են տարբեր լրատվամիջոցների աշխատակիցները։
Նաեւ բազմաթիվ են դեպքերը, երբ տարբեր պաշտոնյաներ, ներկայիս իշխանությունների մոտ կանգնած ԶԼՄ-ի ներկայացուցիչներ հայտնվում են սահմանային հատվածներում, տեսանյութեր ու լուսանկարներ են տարածում:

2․ Հոկտեմբերի 21-ին ArmDay.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ հայտնել, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ. պահանջում
է 3 մլն դրամ: Թե ինչում է գործարարը մեղադրում Տաթև Այվազյանին, գրառումից պարզ չէ, միայն նշվում է, որ վերջինս պատրաստ է ցանկացած դատարանում պաշտպանել իր իրավուքները: «Հանուն Չորրորդ Իշխանության» հկ-ն կհետևի ընցացքին։

3․ Հոկտեմբեր ամսին լրագրողների նկատմամբ բռնության, սպառնալիքի, ֆիզիկական ուժի կիրառման սպառնալիքի, բռնության, մասնագիտական անհիմն որակավորման և անձնական վիրավորանքի դեպքեր չեն արձանագրվել:

«Հանուն Չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպությունը շարունակում է աչալուրջ հետևել լրատվական դաշտում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին և ներհայաստանյան ու արցախյան բոլոր լրատվամիջոցներին ևս մեկ անգամ կոչ է
անում ներկայացնել լրագողների կամ կազմակերպության հետ առնչվող խոսքի ազատության, մասնագիտական գործունեության սահմանափակման և այլ դեպքերի հետ կապված իրավական ու էթիկայի բոլոր խախտումները: Առավել աղմկահարույց դեպքերին
հրավիրվելու է պատկան մարմինների ուշադրությունը:

Մեր առաքելությունն է օբյեկտիվ լրատվության և լրագրողական գործունեության պաշտպանությունը։ Մենք պայքարում ենք հանուն մեր իրավունքների և արդարության: Պատրաստ ենք սիրով աջակցել: «Հանուն չորրորդ իշխանության» հասարակական
կազմակերպություն։

«ՀԱՆՈՒՆ ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ