Դուբայում կայացած Junior Model International եւ Miss Teen Super Globe մրցույթներից հայ մասնակիցները վերադարձել են Առաջին մրցանակով եւ Գրան պրիով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դուբայում կայացած Junior Model International եւ Miss Teen Super Globe մրցույթներից հայ մասնակիցները վերադարձել են Առաջին մրցանակով եւ Գրան պրիով




Սպտեմբերի 18-ից 24-ը Դուբայում կայացել են Junior Model International եւ Miss Teen Super Globe մրցույթները, որտեղից Հայաստանը վերադարձել է հաղթանակներով։ Մեր երկիրը Junior Model International մրցույթում ներկայացնում էր 7-ամյա Դիանա Բարսեղյանը, որն արժանացել է Առաջին մրցանակի, իսկ Miss Teen Super Globe-ում ներկայացել են 14-ամյա Արինա Ալեքսանյանն ու 16-ամյա Անի Հարությունյանը։ Արինան Հայաստան է վերադարձել Առաջին մրցանակով, իսկ Անին՝ Գրան պրիով։

Պատանի մոդելները «Աստղերի ֆաբրիկա» մոդելային գործակալության սաներն են։ Դուբայում կայացած մրցույթներին նրանց ուղեկցել է գործակալության համահիմնադիր Սուսաննա Բուդաղյանը, որը NEWS.am STYLE-ին տրամադրել է մրցութային օրվա լուսանկարներից ու պատմել Հայաստանի հաղթանակների մասին։

Սուսաննան տեղեկացրեց, որ երկու մրցույթներն էլ անցկացվում են նույն կազմակերպչի կողմից, միմյանցից տարբերվում են միայն տարիքային շեմով։ Junior Model International-ին կարող են մասնակցել մինչեւ 13 տարեկան երեխաներ, իսկ Miss Teen Super Globe-ին՝ 14-ից 18 տարեկան պատանիներ։



«Մրցույթներին մասնակցել են մոտ 47 երկրների ներկայացուցիչներ։ Երեխաները հանդես են եկել տարբեր փուլերով՝ անգլերենով ներկայացրել են իրենց, պատասխանել են ժյուրիի հարցերին, ցուցադրել իրենց տաղանդը։ Մեր երեք մասնակիցներն էլ Տաղանդի փուլում պարային համարներով են հանդես եկել, բայց ներկայացել են տարբեր ոճերով եւ մոտեցումներով։ Երրորդ փուլում կազմակերպվել էր երկրների ցուցահանդես․ տաղավարներ էին տեղադրվել, որոնցում յուրաքանչյուր երկիր ցուցադրում էր իր ազգային ուտեստները, խմիչքը եւ մշակութային մյուս առանձնահատկությունները։ Այս տարի հետաքրքիր միտք ունեցանք․ մեզ հետ մրցույթին եկել էր նաեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներից Մհեր Ամիրջանյանը, եւ նրա օգնությամբ ներկայացրինք հայկական դուդուկն ու մյուս երաժշտական գործիքները։ Հայկական տաղավարում հնչեց դուդուկը, քոչարի պարեցինք ու բոլոր մասնակիցներին հրավիրեցինք մեզ հետ պարելու»,-պատմեց Սուսաննան։



Նա հավելեց, որ աղջիկները բարձր տրամադրությամբ ու մեծ ոգեւորությամբ են վերադարձել հայրենիք։

Մրցույթում մեր մասնակիցներն ընտրվել են նախընտրական փուլից հետո, որն անցկացվել էր փետրվարին՝ «Աստղերի ֆաբրիկա» մոդելային գործակալության՝ «Հայաստանի դեմքը» մրցույթի միջոցով։ Այն արդեն երրորդ տարին է անցկացվում Հայաստանում եւ հնարավորություն տալիս պատանի մոդելներին ներկայանալ միջազգային տարբեր հարթակներում։ Սուսաննայի խոսքով՝ չի բացառվում, որ Հայաստանի հաջող մասնակցությունից հետո Junior Model International եւ Miss Teen Super Globe մրցույթները հաջորդ տարի հյուրընկալվեն Հայաստանում։