Իվետա Մուկուչյանը՝ «Մանկական Եվրատեսիլի», ակնկալիքների և հաղորդավարների հետ աշխատելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իվետա Մուկուչյանը՝ «Մանկական Եվրատեսիլի», ակնկալիքների և հաղորդավարների հետ աշխատելու մասին




«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի արարողությանը մնացին հաշված ժամեր: Վերջին ամսվա ընթացքում Երևանում տարածված է եվրատեսիլյան շունչը, իսկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չեն դադարում ասուլիսներն ու փորձերը:

Tert.am Life-ը զրուցել է երգչուհի Իվետա Մուկուչյանի հետ, ով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2016»-ին՝ «LoveWave» երգով և այս տարի վարելու է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը Գարիկ Պապոյանի և Կարինա Իգնաթյանի հետ:

«Շատ ուրախ եմ, որ նման հեղինակավոր մրցույթի հաղորդավարներից մեկը հենց ես եմ։ Ինչ խոսք, մեծ նոստալգիա ապրեցի․ միանգամից հիշեցի, թե ինչ մեծ ճանապարհ էինք անցել մենք 2016-ին՝ երբ ես էի ներկայացնում Հայաստանը «Եվրատեսիլում»։ Հպարտություն է, որ Հայաստանը նման հեղինակավոր մրցույթ հյուրընկալելու հնարավորություն ունի։ Վստահ եմ, որ մենք՝ որպես հյուրընկալող երկիր, ամեն–ամեն բան հնարավորինս լավ կանենք՝ ցույց տալով իսկական հայկական ջերմությունը և հյուրընկալությունը, որի մասին լեգենդներ են պտտվում»,- ասաց երգչուհին:



Իվետա Մուկուչյանը հավելեց, որ ուրախ է բեմը կիսել Գարիկ Պապոյանի և Կարինա Իգնաթյանի հետ:

«Ուրախ եմ, որ բեմը կիսելու եմ Գարիկ Պապոյանի հետ, ում հետ աշխատելու մեծ և հաջող փորձ ունեմ, ինչ վերաբերում է Կարինա Իգնաթյանին, նրա հետ աշխատում եմ առաջին անգամ, բայց արդեն հստակ է, որ լուսավոր և տաղանդավոր աղջիկ է, ում հետ աշխատելը շատ հեշտ է»,–ասաց երգչուհին։

Նշենք, որ մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

«Նորություն չեմ ասի, որ ես մեծացել եմ Գերմանիայում, այնտեղ հոլն այսպիսին չէր, բայց վստահ եմ, որ այս տարվա խորհրդանիշը շատերի կյանքում է ջերմ հիշողություններ արթնացնում։ Ի դեպ, բավական զվարճալի էր նաև հոլը պտտել սովորելու գործընթացը։ Առհասարակ, «Եվրատեսիլը» մեծ տոն է՝ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար․ մեկ անգամ հայտնվելով այնտեղ սիրո ալիքի մեծ չափաբաժին ես ստանում, որը բավական է ամբողջ կյանքում լավ հիշողություններ ունենալու համար։ Ուրախ եմ, որ կրկին այդ տոնի մի մասնիկն եմ․ անհամբեր սպասում ենք, թե երբ ենք արդեն բեմից ասելու՝ good evening Europe»,- նշեց երգչուհին: