Սյուզաննա Մելքոնյանը՝ Ղազախստանում գրանցած իր հաղթանակի ու թեժ մրցակցության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սյուզաննա Մելքոնյանը՝ Ղազախստանում գրանցած իր հաղթանակի ու թեժ մրցակցության մասին




Սյուզաննա Մելոքոնյանը հայրենիք է վերադարձել նոր հաղթանակով․ երգչուհին Հայաստանը ներկայացրել է Ղազախստանում կայացած ALMATYM JŪREGIMDE/«Ալմաթին իմ սրտում» միջազգային երգի մրցույթում՝ նվաճելով առաջին հորիզոնականը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սյուզաննան նշեց, որ մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել է մրցույթի Հայաստանի պատվիրակության ղեկավար՝ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանից, ով նաեւ միջազգային ժյուրիի կազմում էր։



«Մրցույթի մասին ինձ պատմել է հենց Վրեժ Կիրակոսյանը, որը նաեւ իմ շատ լավ ընկերներից է, ու, առհասարակ, շատ լավ մարդ, որին շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Միասին քննարկեցինք, որոշեցինք, որ, ինչո՞ւ ոչ, եթե ես հաղթել եմ հայտնի նախագծում, դա բոլորովին չի նշանակում, որ այլեւս ոչ մի մրցույթի չպետք է մասնակցեմ, մանավանդ, որ իմ կյանքում այնքան շատ են եղել տարբեր մրցույթները, փառատոններն ու նախագծերը, որ արդեն կյանքիս անբաժան մասն են դարձել։

«Ну-ка, все вместе!» շոուում իմ հաղթանակից անցել էր արդեն մեկ ու կես տարի, ու ես հասկացա, որ ինձ պետք է կտրվել իմ առօրյա գործերից, բացի այդ՝ ցանկացած նման հարթակ թողնում է իր ուսուցողական հետքը․ դու վերադառնում ես ոչ միայն հաղթնակով, այլեւ նոր գիտելիքով, ձեռք ես բերում նոր ընկերներ, նոր կապեր․․․ Այս ամենը հաշվի առնելով՝ ես հասկացա, որ պետք է պարտադիր մասնակցեմ նաեւ այս մրցույթին։ Կարծում եմ՝ առհասարակ, յուրաքանչյուրս մեր բնագավառում պետք է օգտակար լինենք մեր հայրենիքին, իսկ իմ տեղը բեմն է, երգարվեստն է, եւ ես հենց այդ լեզվով կարող եմ աջակցել իմ հայրենիքին»,-նշեց երգչուհին՝ չհերքելով,-«Առաջին բանը, որ մտքիս գալիս էր, հաղթանակն էր, քանի որ շատ լավ էի պատրաստվել, չնայած, որ գրաֆիկս բավական խիտ էր։ Իհարկե, ամենակարեւորը, մեկնել էի Հայաստանը լավ ու պատվով ներկայացնելու մտքով»:

Մրցույթը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին եւ 5-ին, անցկացվել է երկու փուլով։ Առաջին մրցութային օրը Սյուզաննան կատարել է Վարդուհի Վարդանյանի «Հայաստան աշխարհ» երգը, երկրորդ օրը մասնակիցները, այդ թվում նաեւ Սյուզաննան, ներկայացրել են ղազախերեն երգեր։



«Առաջին մրցութային օրվա համար ընտրել եմ հենց Վարդուհի Վարդանյանի երգը, քանի որ, նախ, այն մեր երկրի մասին է, երկրորդ՝ իր կառուցվածքով մրցութային երգ է։ Ի դեպ, շնորհակալ եմ Մանե Գրիգորյանին՝ երգի օրիգինալ գործիքավորումն ինձ տրամադրելու համար։ Երկրորդ մրցութային օրը պետք է սիմֆոնիկ նվագախմբի ուցեկցությամբ կատարեինք ղազախերեն որեւէ երգ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ղազախերենի իմ ուսուցչուհուն՝ Շուշաննա Անդրանիկովնային, որի օգնությամբ ընդամենը մեկ ամսում կարողացա որոշակիորեն յուրացնել ղազախերենը։ Մրցույթին ներկայացել եմ դիզայներ Ֆաինա Հարությունյանի զգեստներով, ինչի համար անչափ շնորհակալ եմ նաեւ նրան»։



Մրցույթին մասնակցել է 12 երկրից 15 մասնակից։ Խոսելով իր մրցակիցների մասին՝ Սյուզաննան նշեց, որ մրցակցությունը բավական մեծ է եղել, ինչը լարվածություն է առաջացրել որոշ մասնակիցների շրջանում։



«Չսպասված լարվածություն կար կուլիսներում։ Որեւէ այլ մրցույթում մրցակիցներիս կողմից այսպիսի լարվածություն չէի զգացել։ Հատկապես աղջիկների խմբում տպավորություն էր, թե բոլորը հանդերձարանում միմյանց ժպտում էին, բայց իմ նկատմամբ այդ լարվածությունը ես նկատում էի։ Ամեն դեպքում, անգամ դա ինձ չխանգարեց, որովհետեւ ես արդեն ունեմ մրցութային փորձ․ թող սա անհամեստություն չթվա, բայց մինչեւ վերջ պայքարել եմ, որ լավագույնս ներկայացնեմ հայրենիքս»,-հավելեց երգչուհին, որն արդեն հայրենիքում անցել է ակտիվ աշխատանքի։


Լուսանկարները տրամադրել է Սյուզաննա Մելքոնյանը