Լրահոս

Ինչպե՞ս դուրս գալ ամանորյա սթրեսից




Ամանորն այնքա՜ն գեղեցիկ տոն է, բայց, միեւնույն ժամանակ, նաեւ շատ հոգսաշատ: Այդ է պատճառը, որ տոների ավարտից հետո շատերը սթրեսի մեջ են ընկնում: Ինչո՞ւ: Ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է դուրս գալ ամանորյա սթրեսից:

Որքան էլ հրաշալի ու հեքիաթային լինի Նոր տարին, այն նաեւ հոգսաշատ է: Գնումներ, տան զարդարանք ու մաքրում, ուտեստների պատրաստում, սեղանի զարդարում եւ վերջապես՝ հյուրեր, հյուրեր ու էլի հյուրեր: Այս ամենը, ինչ խոսք, մեզանից շատ էներգիա ու նյարդեր է խլում, այդ է պատճառը, որ Նոր տարին որոշ մարդկանց մոտ բացասական վերաբերմունք է ձեւավորում:

Նման մարդկանց համար ամանորյա արձակուրդն անգամ հետաքրիր չէ, քանի որ այն ամբողջությամբ ծախսում են տոնական նախապատրաստությունների վրա, իսկ հանգստանալու մասին խոսք անգամ չի կարող լինել:

Իսկ այն մարդիկ, ովքեր սիրում են Ամանորը եւ մեծ հաճույքով են տոնում, արձակուրդից հետո դժվար են կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ տոներն ավարտվել են, եւ ժամանակն է գնալ դասի կամ աշխատանքի: Նման մարդիկ նույնպես հակված են հետամանորյա սթրեսի:

Մասնագետներն ամանորյա սթրեսից խուսափելու համար խորհուրդ են տալիս տոներից մի քանի օր անց աստիճանաբար «հետ գալ» իրականություն: Արձակուրդային օրերին մենք մեզ թույլ ենք տալիս ուշ քնել, ուշ արթնանալ, շատ ուտել եւ խմել: Այս ամենին պետք է աստիճանաբար հետ վարժվել, որպեսզի արձակուրդի ավարտին կարողանաք թարմ ուժերով ներկայանալ աշխատավայր:

Ցերեկները քնելու կամ հեռուստացույց նայելու փոխարեն պետք է զբոսնել մաքուր օդին, խուսափել շատ ուտելուց: Աշխատանքի գնալիս փորձեք առաջին շաբաթը երկար չմնալ աշխատավայրում, շատ չծանրաբեռնվել: Ձեր գործընկերների հետ փոխանակվեք ամանորյա պատմություններով: Եվ հիշեք, որ թեեւ տոներն ավարտվեցին, բայց առջեւում գարուն է: