Արցախի պատերազմը՝ երեխաների աչքերով․ Վրույր Թադեւոսյանի «Ասք Կապույտ երկնքի» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ Լոս Անջելեսում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախի պատերազմը՝ երեխաների աչքերով․ Վրույր Թադեւոսյանի «Ասք Կապույտ երկնքի» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ Լոս Անջելեսում




Դեկտեմբերի 19-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել լրագրող, հաղորդավար Վրույր Թադեւոսյանի «Ասք Կապույտ երկնքի»/The Tales of the Blue Sky վավերագրական ֆիլմի փակ դիտումը։ Կինոժապավենը ներկայացնում է պատերազմի մասին ողջ ողբերգությունը՝ Արցախի 44-օրյա պատերազմը վերապրած երեխաների աչքերով։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վրույր Թադեւոսյանը պատմել է, թե ինչպես է ստեղծվել ֆիլմը, կիսվել իր ապրումներով ու գլխավոր նպատակով, ինչպես նաեւ՝ տրամադրել լուսանկարներ՝ ֆիլմի ամերիկյան պրեմիերայից։

 
 «Այս մասին շատ երկար եմ մտածել, ապրել գաղափարով, վերլուծել, պլանավորել... Գիտեք՝ դա նաեւ իմ պատմությունն է. ես՝ ինքս, պատերազմի սերունդ եմ, կյանքիս առաջին 5-6 տարիներն անցկացրել եմ ապաստարաններում, հետո՝ պարբերաբար պատրաստվել ու վարժանքներ անցել դպրոցում, թե ինչպես կարող ես թշնամու հարձակումից արագ պատսպարվել։ Իմ ու ինձ հասակակաից հազարավոր երիտասարդների պատմությունն է սա։ Ու երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, ցավալի գիտակցման եկա, որ մի ամբողջ սերունդ կրկին ականատեսն է լինելու պատերազմի այդ նույն արհավիրքին։ Այդ շրջանում էր, երբ ընկերոջս՝ երգիչ Անդրեի ու նրա քրոջ՝ Անուշի հետ վերհիշում էինք պատերազմական օրերի մեր «արկածները», որոնք հիմա, գուցե, ծիծաղելի թվան, բայց անհավանական խիզախության ու մանկական համարձակության պատմություններ են։ Նրանք՝ Արցախում, ես՝ Տավուշում, ապրել ենք միանգամայն նույն օրերը։ Շատերը կարծում են՝ անհնար է այդ փորձությունները հաղթահարել, շատերը, նույնիսկ, չեն էլ պատկերացնում, թե որքան ծանր ու անդառնալի հետք կարող է թողնել պատերազմը երեխաների հոգում։ Այդ զրույցների ժամանակ էր, որ գաղափար առաջացավ՝ իմ ու ինձ նման մարդկանց պատմությունն աշխարհին պատմել հենց հիմա՝ մեր կողքին այդ նույն պատերազմն ապրող երեխաների շուրթերով, եւ հենց Արցախի մանուկների օգնությամբ աշխարհի մեծ էկրաններից լսելի դարձնել մեր ձայնը»։



Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2022 թվականի հունիսին՝ Արցախի 4 սահմանամերձ գյուղերում։ Նկարահանող խումբը եղել է Մյուրիշեն, Ավդուռ, Կարմիր Շուկա, Թաղավարդ սահմանամերձ գյուղերում։

«Իրականում՝ ճամփորդությունն իրենով առանձին մի ֆիլմի ենթակա նյութ ունի։ Սա զուտ վավերագրություն չէր մեզ համար։ Իմ նպատակն էր արցախյան մի մեծ կտավ հավերժացնել, որտեղ հոգեբանական խորը շերտերով երեւում են ինչպես մարդկանց կենցաղն ու միջավայրը, այնպես էլ երեխաների ապրումներն ու կյանքը՝ մեր օրերում»,-ասում է Վրույրը,-«Հերոսներից յուրաքանչյուրի ընտանիքում պատերազմի անմիջական ազդեցությունը կա, երեխաները, մանկական պարզ մտքով, պատմում են այդ օրերի իրենց ապրածն ու տեսածը։ Հերոսներից մեկի եղբայրն անհայտ կորած է համարվում, մյուսի հայրը ծանր վիրավորվել է հակառակորդի հրետակոծությունից, մեկ ուրիշ ընտանիք թշնամու մարտական հենակետից մի քանի մետր հեռավորության վրա է ապրում… Հասկանու՞մ եք։ Աշխարհում մեզ բաժին հասած թշնամին ամենաանողոքն է, նրա զենքը ամեն վայրկյան թիրախում է պահում բոլորիս։ Ամեն կադրում, ամեն բառով, երաժշտության ամեն մի նոտայով այս մեծ ողբերգությունն է բացահայտվում ժպտացող մանուկների աչքերում»։



Ֆիլմն ամբողջովին արցախյան բարբառով է, ուղեկցվում է անգլերեն ենթագրերով։ Վրույրի խոսքով՝ այն ստեղծվել է միջազգային չափանիշներով՝ հաշվի առնելով բովանդակության արժեքն ու արդիականությունը։

«Որքան էլ ֆիլմի հերոսները Արցախի երեխաներն են, միեւնույն է՝ թեման համամարդկային է։ Հաստատված տվյալներով այսօր աշխարհում ավելի քան 450 մլն երեխա ապրում է պատերազմական գոտիներում։ Կարծում եք՝ նրանց ապրածը ա՞յլ բան է։ Ոչ։ Աշխարհի բոլոր անկյուններում երախաները նույնությամբ եմ վերապրում դեպքերն ու իրադարձությունները։ Շատ երկար եմ ուսումնասիրել այս խնդիրը։ Ցուցադրության ժամանակ, երբ օտարազգի հանդիսատեսն արտասվում էր, հասկանում էի, որ ասելիքը հասանելի է, ու մեզ հաջողվել է Արցախի երեխաների շուրթերով օտար-անծանոթ մարդկանց հետ զրուցել։ Ամերիկյան հեղինակավոր FOX 11-ը եւս ծավալուն անդրադարձ կատարեց ֆիլմին՝ որպես մեր օրերում այս ողբերգությունը յուրահատուկ կերպով էկրանավորած աշխատանք։ Ոգեւորությանս չափ չկար, երբ հեռուստացույցով դիտում էի, թե ինչպես են պատերազմ տեսած Արցախի մանուկները աշխարհի հետ զրուցում Fox-ի եթերից»։



Այս վավերագրությամբ լրագրողը նպատակ ունի կինոյի լեզվով աշխարհի հետ խոսել անդադար ձգվող պատերազմի ողբերգությունների ու հետեւանքների մասին։

«Ֆիլմի առաջին դիտողներից մեկն ասում է՝ «սա մի մեծ ապտակ էր մեզ՝ մեծահասակներիս համար», մեկ ուրիշ հանդիսատես այս ֆիլմը որակեց որպես «զենք», որը կարող է լուրջ հաջողություններ ունենալ։ Նպատակս հենց ժամանակակից մեդիա պահանջներին համապատասխան այնպիսի աշխատանք ստեղծելն էր, որով Արցախյան հարցի մասին կարող ենք բարձրաձայնել մեծ էկրաններից՝ աշխարհի տարբեր անկյուններում։ Երեխաների ապրումներն ավելի խոսուն են, նրանց կենցաղն աղաղակում է թշնամու ներկայության մասին, ու նրանց անվախ առօրյան եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչքան ուժեղ սերունդ է մեծանում՝ նույնիսկ այդ պայմաններում»։



Ֆիլմի ցուցադրություն նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Վրույրի խոսքով՝ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։

«Ֆիլմը կոմերցիոն չէ, ֆինանսական դժվարությունները շատ են, բայց թեման, մատուցման ձեւն այնքան արդիական ու կարեւոր է, որ դիտումներ կազմակերպելու հրավերներ արդեն իսկ ստանում ենք տարբեր երկրներից։ Հայաստանում ցուցադրություն անպայման լինելու է արդեն այս տարվա ընթացքում»։

Ֆիլմի հետագա աշխատանքները կազմակերպելու, Արցախի մանուկների խնդիրները բարձրաձայնելու եւ միջազգային հեղինակավոր փառատոններին ներկայացնելու համար դրամահավաքի առցանց պորտալ է նվիրաբերել Veterans of Armenia հիմնադրամը։