Սարգիս Գրիգորյանը՝ նոր ճանապարհորդական նախագծի և ԱՄՆ-ում բնակության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարգիս Գրիգորյանը՝ նոր ճանապարհորդական նախագծի և ԱՄՆ-ում բնակության մասին




ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասան Սարգիս Գրիգորյանը նոր՝ ճանապարհորդական ծրագիր է սկսել։ Նախագծին մասնակցում են նաեւ ԱՄՆ-ում բնակվող Ոսկան Մարգարյանը եւ Սուրեն Կարտաշյանը։ Տղաները ծագումով Հայաստանից, Արցախից ու Ջավախքից են։ Տեսանյութին կից նշված է, որ առաջին թողարկման ընթացքում ճանապարհը տղաներին տանելու է Սան Դիեգո։ Դերասանը Tert.am Life-ի հետ զրույցում առաջին անգամ մանրամասներ է ներկայացնում նախագծից:

-Ինչպե՞ս է ծնվել նախագծի գաղափարը և ինչու հենց ճանապարհորդական ծրագիր:

-Դիմավորում էինք մեր ընկերոջը, որն իջնելու էր Սան Ֆրանցիսկոյում, իսկ մենք դիմավորում էինք 3-ով, իսկ մինչև օդանավակայան հասնելը շատ հետաքրքիր ու լավ ժամանակ անցկացրեցինք միասին, և ծնվեց գաղափարը, որի շրջանակներում որոշեցինք 3-ով ճամփորդել՝ ներկայացնելով Միացյալ Նահանգները հայերի համար:

-Նախագծի գլխավոր հերոսները 3-են, ինչպե՞ս որոշվեց հենց այս անձնակազմով սկսել նախագիծը:

-Գլխավոր դերերում մենք երեքով ենք՝ ես, Սուրեն Կարտաշյանը, որը երկար տարիների փորձ ունեցող օպերատոր է, և բլոգեր Ոսկան Մարգարյանը, որն ունի մեծ լսարան: Հատկանշական է, որ բոլորս արմատներով Հայաստանից ենք, չնայած տղաներն ապրել են երկար տարիներ ՌԴ-ում: Ոսկանը Ջավախքից է, Սուրենը Տավուշի մարզից է, իսկ ես՝ Արցախից:



-Ի՞նչ լեզվով է թողարկվելու նախագիծը:

-Նախագիծը թողարկվելու է երկլեզու՝ հայերեն և ռուսերեն, բայց մատուցումն ինքնին հետաքրքիր է, ձևաչափը նույնպես:

-Քանի՞ թողարկումից է լինելու բաղկացած այն: Տեղյակ եմ, որ հասցրել եք մի քանի թողարկում նկարահանել, ո՞րն է եղել ամենից հետաքրքրականն ու տպավորիչը:

-Առաջին եթերաշրջանն ենք ամփոփելու, որը նախատեսել ենք 12 եթերի տրամաբանությամբ, բայց պլաններում կա ճամփորդել բոլոր նահանգներով: Պետք է նշեմ, որ բոլոր թողարկումներն իրենց հերթին ունեն յուրահատկություններ, և տարբեր տպավորություններ ունենք: Մենք ամեն մի նկարահանմանը վերցնում ենք 2-3 օր և ուղևորվում մի ճանապարհով, Լաս Վեգաս, Սանտա Բարբարա, Սան Դիեգո․ առաջին եթերաշրջանին փորձելու ենք ներառել Կալիֆորնիան:


-Կցանկանամ նաև մի փոքր խոսենք Ձեր այս շրջանի մասին, կարողացե՞լ եք լիարժեք ինտեգրվել ԱՄՆ-ում և այդտեղ ծավալել Ձեր գործունեությունը, տեղյակ եմ նաև, որ կազմակերպում եք տարբեր միջոցառումներ, Դուք էիք կազմակերպել նաև Ոսկանի և Կարինայի առաջնեկի սեռը պարզելու արարողությունը:

-Միացյալ Նահանգները կանգնեցրեց ինձ մի շարք դժվարությունների առաջ, բայց ես այն մարդն եմ, որ գիտեմ՝ ինչ եմ ուզում և ինչ կարող եմ անել: Չեմ կարող հստակ պատասխանել՝ ինտեգրվե՞լ եմ ԱՄՆ-ում, թե՞ ոչ, այս փուլում անգամ չգիտեմ՝ մնալո՞ւ եմ Միացյալ Նահանգներում, թե ոչ: Այժմ կարող եմ ասել, որ հասկացել եմ մի կարևոր բան, որ պետք է ապրել այսօր և այստեղ՝ անելով ամեն բան, որ երեխաներս ժպտան: Ինչ վերաբերում է իմ և Ոսկանի ծանոթությանը, մենք հենց այդ ժամանակ էլ ծանոթացել ենք նրանց հետ:



-Որքանո՞վ է տարբերվում այդտեղ Ձեր առօրյան և կյանքը Հայաստանում Ձեր առօրյայից:

-Երբ եկա Հայաստանից, հասկացա, որ այն, ինչ բացարձակ ճշմարտություն էր ինձ համար, կարող է լինել բացարձակ սուտ, այն, ինչ բացարձակ գեղեցկություն էր, կարող է լինել բացարձակ տգեղություն, այն, ինչ բացարձակ արժեք էր, կարող էր լինել էժանագին մի երևույթ։ Գալով այստեղ՝ ես մեծացա մտածողությամբ և հասկացա՝ ամենակարևորն ընտանիքն է: Այստեղ ես կարևորն անկարևորից զատեցի՝ հասկանալով, որն է իմ ճիշտն ու սխալը:

- Հայաստան վերադառնալու ցանկություն կա՞:

-Այս հարցի շուրջ չեմ մտածել և կասեմ՝ ամենամեծ ցանկությունն այս փուլում ճանապարհորդել է ամբողջ աշխարհով, ապրել՝ ճանապարհորդելով: Ես հայ եմ, իմ մտածելակերպով, գենոֆոնդով: Ես իմ կյանքը չեմ տեսնում ոչ մի տեղ և տեսնում եմ ամեն տեղ: Նշեցի, որ ապրում եմ օրով և այսօր իմ ամենամեծ ցանկությունն աշխարհը բացահայտելն է, հիանալը և դա երազանք է, որը շուտով կդառնա իրականություն: Հայաստանի հետ կապը երբեք չեմ կորցնում, քանի որ Հայաստանում է իմ եղբայրը, ծնողներիս գերեզմանները, իմ բարեկամները, մանկությունն ու պատանեկությունը, և կապը չի կարող կտրվել: