Ի վիճակի չեմ տեսնել՝ իմ աչքի առաջ ինչպես է պատմություն ու արժեք ոչնչանում. Գյումրու դրամատիկականի տնօրենն ահազանգում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ի վիճակի չեմ տեսնել՝ իմ աչքի առաջ ինչպես է պատմություն ու արժեք ոչնչանում. Գյումրու դրամատիկականի տնօրենն ահազանգում է




Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահի մեջտեղում հայտնվեց 2016 թվականին։ Որմնանկարն այդ տարիներին փրկվեց նախկին Ստորոմմաշինա գործարանի կիսաքանդ ճաշարանում ոչնչացումից։

«Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամն Իտալիայի Ռեստավրացիայի ինստիտուտի ճանաչված վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինին հրավիրեց Գյումրի, վերջինս եկավ մասնագիտական խմբի հետ, որմնանկարը պատից կտրեց, տեղափոխեց, տեղակայեց թատրոնի ճեմասրահում։

2016 թվականին մշակույթի նախարարությունը հայտարարեց՝ տեղակայումը ժամանակավոր է։ Եվ արդեն 7 տարի է՝ այն նույն տեղում է՝ վտանգվելով որպես արժեք և վտանգելով ճեմասրահի անցուդարձը։



Հսկա որմնանկարը փակել է ամբողջ ճեմասրահի լուսավորությունը, բացի այդ՝ այն ներս բերելիս էլ մեծադիր ապակիներ, որոնք առանց այն էլ վթարային էին, վնասվել էին։ Որմնանկարի պահպանության համար անհրաժեշտ հատուկ պայման ու ջերմաստիճան բաց ճեմասրահում թատրոնը, բնականաբար, որքան էլ կամենա, չի կարողանա ապահովել։

Դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կրկին ահազանգում է՝ որմնանկարը վնասվում է, հրատապ արձագանքման կարիք կա։

«Այս որմնանկարը, ճիշտ է, ազգային արժեք է ճանաչվել, սակայն, սրանով հանդերձ, ոչնչանում է։ Ես անհանգստացած եմ, օր առաջ այն պետք է տեղափոխվի։ Քննարկման ենթակա չէ նույնիսկ այս վիճակը։ Այն մեծ արժեք է, բայց սխալ տեղում է, արդեն վթարային է դարձել»,- ասում է Հարությունյանը։



Խնդրի մասին քաջատեղյակ են և՛ Գյումրու քաղաքապետարանը, և՛ Շիրակի մարզպետարանը, արդեն նաև՝ ԿԳՄՍ փոխնախարարը։ Սակայն որևէ մեկի՝ այս պահին ձեռնարկած կամ ձեռնարկվելիք քայլերի մասին հայտնի չէ դրամատիկականին։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով մասնագետներ են գնացել, որմնանկարն ուսումնասիրել և փաստել՝ խնդիրներ կան։

Դրա մի հատվածում արգելապատնեշներ են դրված, որպեսզի հնարավորության սահմաններում կարողանան թատրոնի այցելու հատկապես երեխաներից պաշտպանել այն։ Այս առումով էլ շատ խնդիրներ կան։

Դրանք ամեն օր խորանում են, թատրոնի տնօրենն ասում է՝ ի վիճակի չէ տեսնել, թե իր աչքի առաջ ինչպես է պատմություն, արվեստ ու արժեք ոչնչանում։



Ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ 88-ի աղետից փրկված, տասնամյակներին քամուց, անձրևներից ու արևից փրկված և միայն 2016-ին ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնված «Սարերումն» առաջիկայում փուլ գա հայկական անտարբերության պատճառով: