Լրահոս

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է պատժել Խաչանովին




Ադբեջանի թենիսի ֆեդերացիան դիմել է Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF) եւ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային՝ պահանջելով պատժել ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ Արցախին աջակցություն հայտնելու համար, հաղորդում է rsport.ria.ru-ն։

Խաչանովի գործողությունները Բաքվում համարում են «Ադրբեջանի դեմ ուղղված անընդունելի սադրանք»։

Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո հայ թենիսիստը դարձյալ գրություն է թողել տեսախցիկին․ «Շարունակե՛ք հավատալ մինչեւ վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»։

Կարեն Խաչանովը 1/16 եզրափակիչում հաղթանակից հետո էր առաջին անգամ անդրադարձել Արցախի շրջափակմանը։

Կարեն Խաչանովը պարզաբանել է, թե ինչու է Ավստրալիայի բաց առաջնությունում տարած նախորդ երկու հաղթանակներից հետո տեսախցիկի վրա գրություններով աջակցություն հայտնել Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին։

«Բազմիցս ասել եմ, որ հարգում եւ գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց հորս եւ մորս կողմից ունեմ հայկական արյուն։ Ցանկանում եմ որեւէ կերպ աջակցել, հավատ եւ ուժ տալ նրանց»,- ասել է Կարեն Խաչանովը։

1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովը երեք սեթում պարտության է մատնել աշխարհի 33-րդ ռակետ, ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկային՝ 6:0, 6:0, 7:6 (7:4)։