«Սթենդ-ափի շրջանակներում խոսում եմ խորքային թեմաներից՝ մտորելու տեղիք տալով». Հայկ Պետրոսյանը՝ 3 տարվա դադարի, նոր սթենդ-ափի և առաջնեկի լույս աշխարհ գալու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սթենդ-ափի շրջանակներում խոսում եմ խորքային թեմաներից՝ մտորելու տեղիք տալով». Հայկ Պետրոսյանը՝ 3 տարվա դադարի, նոր սթենդ-ափի և առաջնեկի լույս աշխարհ գալու մասին




Դերասան և երգիչ Հայկ Պետրոսյանը բեմական 3 տարվա դադարից հետո հանդիսատեսի դատին է հանձնել «Թեմա կա» սթենդ-ափը։ Նա Tert.am Life-ին պատմել բեմական դադարի, ինտելեկտուալ ոճի սթենդ-ափի և առաջնեկի ծննդյան մասին:

«Վերջին տարիներից հետո ես չէի արել սթենդ-ափ, պատերազմից հետո գրում էի հեղինակային երգեր, բայց եկավ մի շրջան և զգացի՝ երգերով ամեն բան չէ, որ հնարավոր է արտահայտել և որոշեցի վերադառնալ սթենդ-ափի ոճին, որին ժամանակավոր հրաժեշտ էի տվել: Անկեղծանալով ասեմ՝ հեշտ չէր որոշակի դադարից հետո բեմելը, քանի որ «Թեմա կա» ներկայացման թեմաները շատ են, բարդ և որոշ իմաստով ծանր, բայց հումորով, երգիծանքով խոսում եմ մի շարք թեմաների մասին: Հասցրել եմ խաղալ մի քանի ներկայացումներ, որոնք իրարից տարբերվել են՝ պայմանավորված լսարանով և արձագանքով»,- ասաց Հայկ Պետրոսյանը:



Խոսելով սթենդ-ափի խորագրերի մասին՝ նա նշեց, որ այս ձևաչափն այլ է:

«Թեմաները տարբեր են, խոսում եմ նաև կենցաղային իրավիճակներից, բայց հիմնական կորիզն այսօրվա աշխարհն է, այսօրվա աշխարհի քաղաքական լիդերները և նրանց ռազմավարությունը, մենք՝ հայերս այդ աշխարհակարգային դիսկուրսում, մեր «սխալներն ու թերությունները», անելիքները, թվայնացումը, կյանքի վիրտուալացումը, նաև խոսում եմ պատերազմի մասին, թեմաներն իսկապես շատ են, ընդուպ՝ Ադամ և Եվա»,- նշեց նա:

Նմանօրինակ սթենդ-ափները քիչ են հանդիպում դաշտում, բայց դերասանը նշեց՝ մի քանի ներկայացումից հետո հասկացել են, որ այս ոճն ու ձևաչափը ևս հոգեհարազատ են հանդիսատեսին։

«Սթենդ-ափի աշխարհում առաջատար ոճերից, իսկապես, կենցաղային թեմաների շուրջ պատմություններ կերտելն է, քանի որ այս ոճի սպառողները շատ են, մասնավորապես Քեվին Հարթը 70.000 հանդիսատեսի առաջ սթենդ-ափ է արել, բայց նաև կա Ռուսլան Բելիի նման սթենդ-ափեր, որը ելույթ է ունենում ավելի խորը և օրակարգային հարցերի շուրջ։ Կարող եմ ասել, որ «Թեմա-կա» սթենդ-ափն ավելի մոտ է հենց այս ոճին՝ մի փոքր փիլիսոփայական է, ավելի քիչ կենցաղային և, մեծամասամբ, հայկական, քանի որ արծարծված թեմաները հայի մասին են: Փորձել եմ այնպես անել, որ հանդիսատեսը մտածելու շարժառիթներ ունենա, իսկ այդ ամենը համեմել եմ հումորով, բայց ծիծաղեցնելը չի եղել առաջնահերթություն»,- ասաց դերասանը:



Նա նաև նշեց, որ հանդիսատեսն իսկապես եկել է հենց մտածելու առաջնահերթությամբ՝ գնահատելով իրավիճակները հումորային տեսանկյունից ներկայացնելը:
«Սթենդ-ափից հետո երկու տղա մոտեցան ինձ՝ շնորհակալություն հայտնելու, և ասացին, որ իսկապես շատ թեմաների շուրջ մտորելու առիթներ կան։ Սա լավագույն գնահատականներից էր հանդիսատեսի կողմից»,-ասաց նա:

Հայկ Պետրոսյանը նաև մանրամասնեց՝ ինչով էր զբաղվում բեմից դադարում լինելու շրջանում:

«Երաժշտությունից չեմ հեռացել և պատերազմից վերադառնալով՝ գրել եմ մի շարք երգեր և ձայնագրել ենք ալբոմ, հույս ունեմ՝ շուտով հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու դրանք»,- ասաց նա:



44-օրյա պատերազմին մասնակցած Հայկ Պետրոսյանն անդրադարձավ նաև Արցախում այս օրերին տիրող իրավիճակին՝ նշելով, որ մարտական ընկերը ևս Ստեփանակերտում շրջափակման մեջ է:

«Այն, ինչ կատարվում է Արցախում դա ծայրահեղ ծանր է: Մարտական ընկերներիցս Վահագնը, որը հադրութեցի է, այժմ շրջափակման մեջ է։ Երբ զանգահարել էի իրեն, հարցրեցի՝ գումար ուղարկե՞մ, ընկերս էլ պատասխանեց՝ ուղարկում ես, որ ի՞նչ անենք, եթե ապրանք չկա: Իսկապես ծայրահեղ ծանր վիճակ է, նաև անելանելի: Սթենդ-ափի առաջին ելույթին ներկա էին նաև մարտական ընկերներս, որոնք եկել էին և վերջում նստել, ես էլ կատակելով ասացի՝ տղերք ջան սթենդ-ափ եք եկել, հո խրամատում չենք»,-ասաց նա։



Նշենք նաև, որ նախորդ տարի լույս աշխարհ է եկել Հայկ Պետրոսյանի առաջնեկը՝ Արինէն և դերասանը մեզ հետ զրույցում խոսեց առաջնեկի լույս աշխարհ գալու, տպավորությունների և առաջնեկի անվան ընտրության մասին:

«Արինէ անունն ընտրելիս շեշտադրել ենք «ար» արմատը: Դուստրս օրեր առաջ սկսեց անել իր առաջին քայլերը․ պետք է նշեմ, որ բոլորիս, մասնավորապես իմ և կնոջս ուրախությունն է: Արինէն եկավ լույս աշխարհ՝ բերելով ամենալավ բաները. սեր, ջերմություն, հոգատարություն, նվիրվածություն, պատասխանատվություն և ժպիտներ: Ես ու կինս արդեն մեկ տարի է աշխարհի ամենաերջանիկ ծնողներն ենք»,- ասաց նա:



Խոսելով իր և կնոջ հարաբերությունների մասին Հայկն ընդգծեց, որ սթենդ-ափն առաջինը հենց Անին է ունկնդրել:

«Սկզբից մինչև վերջ ամբողջական ելույթն իմպրովիզներով կայանում է հենց բեմում, բայց ամբողջական և ավարտական տեսքն առաջինը կինս է ունկնդրել և նմանօրինակ հարցերում ինձ շատ է օգնում»,-եզրափակեց դերասանը։