«Եվրատեսիլ» երգի մրցույթի էստաֆետը Թուրինից պաշտոնապես փոխանցվեց Լիվերպուլին

Երեկ «Եվրատեսիլ» երգի մրցույթի էստաֆետը Թուրինից պաշտոնապես փոխանցվեց Լիվերպուլին, ինչպես նաեւ վիճակահանությամբ որոշվեց, թե արտիստները որ կիսաեզրափակչում են հանդես գալու: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանը Եվրատեսիլում» պաշտոնական ինստագրամյան էջից։

Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում` մայիսի 11-ին:

Նշենք, որ Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը՝ «Միավորված երաժշտությամբ» այն արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի եւ մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: Երանգները եւս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները:
Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին եւ 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: