«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը դրամահավաք է սկսել․ «Ամեն գնով ուզում են «Երկիր մեդիային» հանրապետական ծածկույթ չտրամադրել». ինչ է ասում ՀՌՀ-ն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը դրամահավաք է սկսել․ «Ամեն գնով ուզում են «Երկիր մեդիային» հանրապետական ծածկույթ չտրամադրել». ինչ է ասում ՀՌՀ-ն



«Երկիր մեդիայի» տնօրինությունը դիմել է վարչական դատարան եթերից զրկվելու համար։ Բագրատ Եսայանը կարծում է` իրենց լիցենզիայից զրկելու որոշումը քաղաքական ենթատեքստ ունի։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը դրամահավաք է սկսել. հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է` որոշել են տեխնիկապես վերազինվել և մասնակցել հանրային մուլտիպլեքսում սլոթի հաջորդ մրցույթին։
2022-ի դեկտեմբերի 2-ին հանրային մուլտիպլեքսում սլոթի մրցույթում «Երկիր Մեդիան» ու «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» լիցենզիա չստացան։ Մրցույթում հաղթող ճանաչվեցին «Արմենիա թի-վի»-ն, «Ա-թիվի» և «Շանթ» ընկերությունները, «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի»-ն, որոնք կզբաղեցնեն հանրապետական մուլտիպլեքս ծածկույթի սլոթը։

«Հիմնական մեղադրանքներից մեկը կամ հիմքերից մեկը, որը բերում էր ՀՌՀ-ն, որ չենք ստացել արտոնագիր, այն էր, որ թույլ տեխնիկական զինվածություն ունենք։ Չեմ ուզում խոսել մեր տեխնիկական զինվածության մակարդակի մասին, բայց որպեսզի հանձնաժողովը չունենա որևէ կռվան` պատճառաբանելու իր որոշումը, դրամահավաք ենք հայտարարել։ Արդյունքում լավագույն տեխնիկայով կվերազինվենք և կդիմենք հաջորդ մրցույթին»,–ասում է Եսայանը։

Միաժամանակ, նա կարծում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի` իրենց և «Հայկական երկրորդ հեռուստաալիքին» լիցենզիայից զրկելու որոշման ենթատեքստը քաղաքական է, և հստակ խնդիր է դրվել 2 ոչ իշխանական աշխարհայացք ունեցող հեռուստաընկերություններին զրկել եթերից։ Եսայանը նշում է, որ բոլոր որոշումները կայացվում են մեկ անձի և մեկ թիմի կողմից` իրենց արտահայտումը ստանալով տարբեր մարմինների միջոցով։

Հեռուստաընկերության տնօրենն ասում է, որ ՀՌՀ-ի թիրախում հայտնվել են, երբ քաղաքական դաշտում ակտիվություն է սկսվել` «Դիմադրության» շարժումը ցույցեր էր անցկացնում և ուղիղ եթերում «Երկիր մեդիան» լուսաբանում էր դրանք։ Այդ ժամանակ, Եսայանի խոսքով, փորձ է արվել միջամտել եթերային քաղաքականությանը, քանի որ կարծիքներ էին հնչում, թե ինչո՞ւ պետք է հեռուստաընկերությունն ուղիղ եթեր տրամադրի ակցիաներին։ Իսկ դրան հաջորդել է ՀՌՀ կողմից վարչական տուգանք կիրառելու մասին որոշումը` այս անգամ, սակայն, «Կոռուպցիա 2. Հատուցում» հեռուստասերիալի համար։ Հեռուստաընկերությունը դատարանում էր դիտարկել այդ որոշումը, և դատարանը որոշել էր բեկանել այն։

«Բացի այդ սպառնալիք էր հնչում, որ եթե հեռուստաընկերությունը շարունակի նույն եթերային քաղաքականությունը, ինքն իրեն կդնի լիցենզիայից զրկվելու սպառնալիքի առաջ։ Վստահ եմ` քաղաքական որոշում է կայացվել, որ «Երկիր մեդիան» չպետք է լինի հանրապետական ծածկույթում։ Արդեն վարչական դատարանում բողոքարկել ենք մեզ եթերից զրկելու քայլը, և փետրվարի 21-ին նիստ է նշանակվել»։

Եսայանը հիշեցնում է նաև, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել ԱԺ, որի ընդունման դեպքում այն հեռուստաընկերությունը (5-րդը), որը լիցենզիա չէր ստանում, անմիջապես չպետք է դադարեցներ գործունեությունը, այլ շարունակեր եթերը, մինչև մրցույթի վերջնական արդյունքների ամփոփումը։ Եսայանը նշում է, որ չնայած այս նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, սակայն երկրորդ ընթերցմամբ այն ԱԺ այդպես էլ չի բերվում, և կասկածներ կան, որ ներկայիս քաղաքական թիմը երկրորդ ընթերցման այդպես էլ չի ներկայացնի նախագիծը։

«Կարծում եմ, որ բոլոր գործողությունները նպատակ ունեն ամեն գնով «Երկիր մեդիային» չտրամադրել հանրապետական ծածկույթի հաճախականություն, իսկ հնարավորության դեպքում ամեն ինչ անել, որ այն դադարի գոյություն ունենալ։ Վստահեցնում եմ ` այս նպատակին նրանք չեն հասնելու»,–ասաց Եսայանը։

Այժմ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը մնացել է վճարովի եթերում` կաբելային հեռուստաընկերություններում, որը բավականին մեծ ծածկույթ է ապահովում ՀՀ–ում։