Լրահոս

«Ամեն անգամ արցունքներով ենք փորձից հեռանում»․ Անահիտ Կիրակոսյանը՝ «Սանսեթ Բուլվար-ի, «Դիմակահանդես»-ի Մեդուզան լինելու ու որդու արձագանքի մասին




Վերջին շրջանում հայկական մշակութային կյանքի ամենաքննարկվող իրադարձություններից է «Սանսեթ Բուլվար» հանրահայտ մյուզիքլի հայաստանյան պրեմիրան։ Այն կկայանա ապրիլի 6-ին եւ կներկայացվի մինչեւ ապրիլի 12-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մյուզիքլի երեւանյան պրեմիերան ոգեւորություն է առաջացրել արվեստասերների շրջանում. առավել ոգեւորված են, սակայն, հայ դերասանները, որոնք ոչ միայն հնարավորություն են ստացել խաղալու բարձրակագ մյուզիքլում, այլեւ աշխատելու համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ, որոնցից է գլխավոր դերակատարուհի Թամարա Գվերդծիթելին։

NEWS.am STYLE-ը, պարբերաբար, անդրադառնում է սպասվող մյուզիքլին։ Մեր այսօրվա զրուցակիցը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է, որը եւս ակտիվ մասնակցություն ունի այս աշխատանքում։ Դերասանուհին մեզ պատմել է ոչ միայն իր կերպարների, այլեւ երաժշտական մեկ այլ մեծ փորձառության մասին, որը ստացել էր «Դիմակահանդես» նախագծին մասնակցելիս։



Անդրադառնալով «Սանսեթ Բուլվար»-ին՝ դերասանուհին նշեց, որ իրեն հրավիրել էին մյուզիքլի համար քասթինգին մասնակցելու, թեեւ խոստովանեց, որ մինչ իր ստացած զանգերն էլ իմացել էր դրա մասին եւ արդեն հետաքրքրվել նախագծով․

«Սա աննախադեպ նախագիծ է՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ ԱՊՀ երկրների շրջանում։ Առաջին անգամ համաշխարհային մյուզիքլ՝ հանճարեղ Վեբերի երաժշտությամբ․․․ Ինչ խոսք, գայթակղիչ էր»,-նշեց Անահիտը։

Դերասանուհին մյուզիքլում մարմնավորում է միանգամից երեք հերոսուհու․

«Քանի որ սա մյուզիքլ է՝ ժանր, որը Հայաստանում շատ քիչ է կիրառվել՝ այն էլ այս մասշտաբներով, ես միանգամից խաղում եմ երեք կերպարի։ Առաջին հերոսուհիս Անիտան է։ Հետաքրքիրն այն է, որ տառերի տեղափոխությամբ համընկել է իմ անվան հետ՝ Анаит-Анита (ծիծաղում է)։ Երկրորդ կերպարս Նորա Դեզմոնդի՝ գլխավոր հերոսուհու կոսմետոլոգն է, իսկ երրորդ կերպարս լրագրող է։



Անսահման ուրախ եմ, որ այս մեծ կտավի գունապնակներից մեկն եմ լինելու, թեկուզ փոքրիկ մասնիկը, բայց լինելու եմ, որովհետեւ այստեղ շատ կարեւոր է, որ խմբով հանդես գալուց հասկանաս՝ մի ամբողջականություն եք, ու եթե մեկը մի բան այն չանի, ամբողջ փազլը կխախտվի»։

Դերասանուհու համար սա, ինչպես մյուզիքլում, այնպես էլ, առհասարակ, միջազգային նախագծում լինելու իր առաջին փորձն է,-«Չեմ կարող բացատրել զգացողություններս։ 200-ից ավել մարդ մասնակցել է քասթինգին, եւ դու հասկանում ես, որ 24-ի մեջ ես աննկարագրելի բարդ փուլերից հետո․․․ Սա, կարծես, քննություն լիներ ինձ համար՝ կարո՞ղ է, արդյոք, դրամատիկ դերասանուհին հանդես գալ մյուզիքլում, երգել, պարել, խոսել, խաղալ, միաժամանակ դեկորներով զբաղվել, ու ստացվեց․․․»։

Անահիտն առանձնահատուկ հպարտություն է համարում հանրահայտ Թամարա Գվերդծիթելիի հետ մեկ բեմում հանդես գալը,-«Նրա հետ շփվելը, ծանոթանալը մեծ պատիվ է։ Նա հրաշք մարդ է, երգչուհի, ու արդեն փորձերից կարող եմ ասել, որ դերասանուհի, ով իր խաղով այնպես է անում, որ մենք խմբով վերջում ամեն անգամ հուզվում ու արցունքները աչքերին փորձից տուն ենք հեռանում։ Այդքան անկեղծ ... այդքան ազնիվ բեմում... շշմելու է։ Էներգետիկա է, որ դիպչում է յուրաքանչյուրիս, պատկերացնում եմ՝ հանդիսատեսի հետ ինչ է կատարվելու»։



Դերասանուհին նշեց, որ հատկապես շատ բան է սովորում ռեժիսորից՝ Անտոն Մուզիկանսկիից,-«Հանճար եմ ասում իրեն։ Ամեն օր սովորում ու սովորում ես... Կարծես՝ նոր նշաձող լինի, նոր դպրոց ինձ համար։ Դիրիժոր Մարիամ Բարսկայան եւս անսահման տաղանդավոր է, ու բոլորից կարճ ժամանակում ստացավ երգող դերասաններ։ Չգիտեմ՝ շշմելու են բոլորը․․․ Իսկապես, շնորհակալ եմ SKYFIST ընկերությանն ու մեր պրոդյուսեր Պողոս Հարությունյանին, որի շնորհիվ այս հրաշք նախագիծը իրականություն կդառնա։ Բեմում ամեն ինչ կենդանի է լինելու՝ թե հնչողությունը, թե երգեցողությունը»։

Անահիտը վերջին շրջանում, հատկապես, զգալի գործունեություն է ծավալում նաեւ երաժշտության ոլորտում։ Մինչ մյուզիքլին անցնելը դերասանուհին մասնակցում էր Առաջին ալիքի ամենաինտրիգային երաժշտական նախագծին՝ «Դիմակահանդես»-ին, որտեղ Մեդուզայի կերպարում հասավ մինչեւ եզրափակիչ փուլ։ Դերասանուհին նախագծի փորձագետներին ու հեռուստադիտողին զարմացրեց ոչ միայն վոկալային տվյալներով, այլեւ՝ ճկուն շարժումներով։



«Արդեն վոկալի դասերի եմ գնում եւ բավական պրոֆեսիոնալ ձեւով եմ զբաղվում երգով, իսկ «Դիմակահանդես»-ին մասնակցելը մի ուրիշ հաճույք էր,-նշեց դերասանուհին,-Մեդուզայի կերպարում հենց ես եմ ցանկացել լինել, ինչին նախագծի պատասխանատուները համաձայնեցին։ Այնուհետեւ հրաշալի դիզայներ Արամ Նիկոլյանը ստացավ իմ կերպարը։ Մեդուզայիս այնքան էի սիրել, որ երբ հասա կիսաեզրափակիչ ու պետք է հանեի դիմակս, անկեղծ՝ լաց էի լինում, որ էլ նրան չեմ տեսնելու․․․ Ամեն երգին ամեն շաբաթ շատ պատասխանատու եմ մոտեցել ու վերապրել»,-հավելեց նա։

Նախագծի ինտրիգը նրանում է, որ մասնակիցները, նույնիսկ, մտերիմներից պետք է գաղտնի պահեն իրենց մասնակցության փաստը։ Անահիտը հավատացրեց, որ մինչեւ վերջին վայրկյանը ստել է թե հարազատներին, թե ընկերներին․



«Դե, խաղի կանոններն են այդպիսին, պետք էր պահել գաղտնիքը, ես էլ սիրով թաքցնում էի (ծիծաղում է)։ Չնայած զավեշտալին այն էր, որ որդիս՝Մհերը, ով 4 տարեկան է, 2-րդ գալա համերգին, երբ Մեդուզան Վիտասի երգով հանդես եկավ, ասաց՝ մաման ա։ Մի կերպ եմ ինձ զսպել, որ չխոստովանեմ (ծիծաղում է)։

Արձագանքը շատ հզոր էր, բոլորն ասում էին, որ չգիտեին իմ երգելու, այդչափ կերպարային լինելու մասին։ Դե իսկ ես ուրախ էի շատ, որ մինչեւ եզրափակիչ հասա ու վայելեցի այդ կախարդական նախագիծը, որն առաջինն էր այն իմաստով, որ դեմքդ չեն տեսնում, բայց պետք է քեզ սիրել տաս»։

Անդրադառանալով մյուս նորությունների մասին մեր հարցին՝ Անահիտը նշեց, որ մինչեւ ապրիլի 12-ը միայն զբաղված է լինելու մյուզիքլով,-«Այս աշխատանքն անհնար է համատեղել այլ գործերի հետ, իսկ հետո վստահ եմ՝ կլինեն նոր նախագծեր։ Արդեն իսկ առաջարկներ կան, որոնք քննարկման փուլում են»,-հավելեց դերասանուհին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին