Թուրքիայի հավաքականը պետք է զգա իրեն եռացող կաթսայում. ՖԱՖ–ը պատրաստվում է տարվա խաղին. armeniasputnik.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թուրքիայի հավաքականը պետք է զգա իրեն եռացող կաթսայում. ՖԱՖ–ը պատրաստվում է տարվա խաղին. armeniasputnik.am



Armeniasputnik.am-ը Էքսկլյուզիվ նյութ է պատրաստել  Հայաստան Թուրքիա խաղին ընդառաջ։

Առաջին հայկական ճակատի կամ ինչպես ավելի հայտնի է` ՖԱՖ-ի (First Armenian Front) շտաբում արդեն մի քանի ամիս է՝ իրարանցում է։ Մեր ազգային հավաքականի երկրպագուների ամենամեծ բանակը պատրաստվում է Հայաստանի առաջիկա ֆուտբոլային հանդիպմանը։
16 տարի շարունակ Առաջին հայկական ճակատը (ՖԱՖ) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ոչ մի խաղ բաց չի թողել։ Բոլոր խաղերին են պատասխանատվությամբ ու ոգևորվածությամբ պատրաստվում, բայց այս անգամ զգացմունքները մի փոքր այլ են` Հայաստանը խաղում է Թուրքիայի դեմ։

Պատրաստվել խաղին սկսել են մոտ երկու ամիս առաջ։ Քաղաքին ֆուտբոլային տրամադրություն տալու ու ավելի լայն շրջանակների իրազեկելու համար բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել, այդ թվում վահանակներ են փակցրել Երևանի տարբեր հատվածներում «Կյանքի խաղ» կարգախոսով։

Արդեն գրել են նոր երգեր, որոնց բառերով թղթերը խաղի օրը կլինեն տրիբունաներում: Տրիբունաներում կլինեն նաև Հայաստանի դրոշի գույներով թղթեր. երբ հայ ֆուտբոլիստները դուրս կգան խաղադաշտ՝ այդ թղթերը պետք է պարզել վերև, որպեսզի մարզադաշտում եռագույնը պատկերվի, իրազեկում է ՖԱՖ-ը։
Մարտի 25-ին խաղից առաջ էլ կանցկացվի երկրպագուների ավանդական միասնական երթը դեպի մարզադաշտ։
Սա պատմական խաղ է, ասում են ՖԱՖ–ի անդամները, պետք է խաղի ամբողջ պատասխանատվությունն ու կարևորությունը փոխանցել նաև քաղաքին, մարդկանց ու անգամ ֆուտբոլիստներին. տրամադրվածությունը պետք է մարտական լինի բոլորի մոտ։

«Բոլոր խաղերն են կարևոր, բայց կան խաղեր, որ մնացածից տարբերվում են, կան խաղեր, որ իսկապես կյանքի խաղ են։ Մենք ուզում ենք հասցնել ֆուտբոլիստներին, որ դա իրենց համար էլ է կյանքի խաղ։ Անհաջողության դեպքում ոչ մեկ չի «կախելու» այդ ֆուտբոլիստներին, բայց պատասխանատվությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի»,– ասում է ՖԱՖ–ի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը։

Մյուս կողմից էլ մեծ պատասխանատվություն է դրված նաև երկրպագուների վրա։ Նրանք էլ իրենց հերթին պետք է տղաներին հավելյալ վստահություն ու ուժ փոխանցեն։
«Չենք կարող հաշվի չառնել, որ մենք խաղալու ենք թուրքի դեմ, ինչքան էլ որ սա սպորտ է։ Պետք է այդ օրը Թուրքիայի հավաքականը իրեն դաշտում զգա ինչպես եռացող կաթսայում։ Եթե մենք` երկրպագուներս, դա ապահովենք, գործի կեսը կանենք։ Տղերքն էլ իրենց մասով մյուս կեսը կանեն»,– ասում է ՖԱՖ–ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը։



Սա նշանակում է 90 րոպե թեժ աջակցություն` երգերով, վանկարկումներով, ծափերով, թմբուկներով, բայց ոչ մի դեպքում՝ անկարգություններով։ Առաջին հայկական ճակատի անդամները հորդորում են երկրպագուներին աջակցությունը չշփոթել անկարգության հետ։
«Հորդորում ենք տարբեր իրեր չնետել, չփորձել մտնել խաղադաշտ, որովհետև նման վարքագիծը միայն վնաս է տալու, կա անգամ որակազրկման վտանգ, կարող են անգամ հավաքականին տեխնիկական պարտություն գրանցել։ Պետք է թողնենք դաշտում տղերքն անեն իրենց գործը, մենք էլ մեր գործը անենք տրիբունայում»,– ասում է Սերգեյ Ջանջոյանը։
ՖԱՖ–ում վստահ են` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նույնպես պատասխանատվությամբ են պատրաստվել այս խաղին, ու խոսքը միայն 90 րոպե անմնացորդ խաղալու մասին չէ։ Շատ կարևոր է նաև սառնասրտությունն ու սպորտային ճիշտ պահվածքը։



Նշենք, որ մարտի 25-ին Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականները կհանդիպեն 3-րդ անգամ։
Առաջին երկուսը 2010 թ.–ի աշխարհի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլում էին։
Առաջին խաղը տեղի ունեցավ Երևանում 2008 թվականի սեպտեմբերին։ Պատասխան խաղը Բուրսայում էր` 2009–ի հոկտեմբերին։
Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խաղը դիտում էր Աբդուլա Գյուլի հետ։ Դա Թուրքիայի առաջնորդի առաջին այցն էր Հայաստան։

Ֆուտբոլային իրադարձությունը, կարելի է ասել, սկիզբ դրեց հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին կամ «ֆուտբոլային դիվանագիտությանը»։
Հայաստանի հավաքականը 0։2 հաշվով պարտվեց, և դա միակ զիջումը չէր։ Հյուրերի «պատվին» ՀՖՖ-ի տարբերանշանից անհետացավ Արարատ լեռը՝ Հայաստանի խորհրդանիշը, որոշ ժամանակով անջատվեց Ծիծեռնակաբերդի գիշերային լուսավորությունը՝ «վթարային անջատում» պատճառաբանությամբ։
Առաջին հայկական ճակատի բազմաթիվ երիտասարդներ 2008–ին ներկա չեն եղել այս խաղին. տարիքի բերումով։
Սերգեյ Ջանջոյանը ՖԱՖ–ի եզակի անդամներից է, որ ներկա է եղել, բայց դրական հիշողություններն այդ օրվանից քիչ են։ Խաղի չափից դուրս շատ քաղաքականացված լինելու պատճառով սպորտային հակամարտությունը երկրորդ պլան էր մղվել։

«15 տարի առաջ հանդիպման կարգախոսը ֆուտբոլային դիվանագիտությունն էր։ Բոլորը քննարկում էին, թե երկու նախագահներն ինչ են խոսելու, ինչ են անելու։ Այդ ամենն այնպիսի մաշտաբների էր հասել, որ երբ ֆուտբոլիստները մտան դաշտ, ոտքերը դողում էին, նրանք վայրկյան առաջ մտածում էին գնդակից բաժանվեին, որ սխալ չգործեին, կարելի է ասել՝ խաղն ամբողջությամբ ձախողվեց»,– նշում է նա։

Հետաքրքրվածությունը երկրպագուների շրջանում նույնն էր, ինչ այս օրերին, բայց կար մի մեծ տարբերություն` նախորդ խաղն այսչափ լարված, պատերազմական իրավիճակում չէր։
«Այս խաղը հետաքրքրիր է նաև սպորտային առումով, քանի որ ընտրական փուլի սկիզբն է, հավաքականը շատ գրավիչ տեսք է ստացել, նոր համալրումներ կան, նոր մարզիչ, նոր սպասումներ կան, բոլորը մտածում են՝ նոր էջ է սկսվում»,– ասում է ՖԱՖ անդամ Երվանդ Իսպաիլյանը։



Ի դեպ, 2008-ին երկրպագուները ակցիա էին կազմակերպել մարզադաշտում` Թուրքիայի օրհներգի ժամանակ բոլորը սուլում էին։ Արդյոք սա նույնպես «ոչ սպորտային» մոտեցում չէր հարցին Ջանջոյանը պատասխանում է կտրուկ. «Կա երկիր, որի օրհներգը առհասարակ պետք է չհնչի մեր երկրում»։
Ի դեպ՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում։
Նշենք, որ մարզադաշտի առաջին երկու շարքերի տոմսերը չեն վաճառվել անվտագության նկատառումներից ելնելով։ Արևելյան տրիբունայի 800 տոմս ձեռք է բերել Առաջին հայկական ճակատը, Արևմտյան տրիբունայի մի հատված հատկացված է Թուրքիայի պատվիրակությանը, այնպես որ վաճառքի են դրվել ավելի քիչ քանակությամբ տոմսեր։

«Սա առաջին դեպքը չէ, որ խաղի տոմսերը շատ արագ սպառվեն, Իտալիայի հետ խաղից առաջ էլ այսպես եղավ, Ռուսաստանի հետ խաղից առաջ էլ։ 14.000 տեղանոց մարզադաշտը գնալով փոքր է դառնում մեր երկրպագուների համար, քանի որ հետաքրքրությունը ավելանում է ֆուտբոլի նկատմամբ»,– ասում է ՖԱՖ-ի անդամ Երվանդ Իսպաիլյանը։
Հավելենք, որ հանդիպումը կսպասարկի իսպանացիների մրցավարական խումբը։
ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին թուրք երկրպագուներ ներկա չեն լինի։ Կգա պատվիրակություն, բայց թե ովքեր կլինեն դրա կազմում՝ հայտնի չէ։