«CREED III»․ Հակոտնյա երկուսի կռիվը զուտ բռնցքամարտ չէ… - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«CREED III»․ Հակոտնյա երկուսի կռիվը զուտ բռնցքամարտ չէ…




Ադոնիս Քրիդը (Մայքլ Բ. Ջորդան) հաղթականորեն ավարտում է բռնցքամարտում իր կարիերան, և ուշադրությունն ամբողջովին նվիրում ընտանիքին ու երիտասարդ բռնցքամարտիկների հետ աշխատանքին: Կյանքն իր հանդարտ ընթացքից շեղվում է, երբ բանտից դուրս է գալիս Դաման (Ջոնաթան Մեյջորս)` գլխավոր հերոսի մանկության ընկերը: Նա կամենում է բռնցքամարտի նոր աստղ դառնալ, միաժամանակ՝ թաքուն ոխ ունի Քրիդի դեմ: Ադոնիսը ռինգում ստիպված է պայքարել ոչ միայն մրցակիցների, այլև մեղքի զգացման, անցյալի ուրվականների և մանկության վախերի դեմ:

Պատմական չափանիշներով՝ Միացյալ Նահանգները շատ երիտասարդ պետություն է։ Կարճ ժամանակում ամերիկացիներին հաջողվել է ստեղծել ազդեցիկ մշակույթ (միայն կինոարդյունաբերությունն ի՜նչ ասես արժե): Սեփական դեմքն ունենալուց բացի՝ այն նաև համաշխարհային միտումներ թելադրող է։ Այնուամենայնիվ, ամերիկյան արվեստին մի բան պակասում է. հնագույն ցանկացած մշակույթ ունի իր ազգային էպոսը՝ «Ռամայանան» Հնդկաստանում, Գիլգամեշի էպոսը՝ Միջագետքում, «Ոդիսականը»՝ Հունաստանում, և այլն: «Նոր աշխարհի» բնակիչները մշակութային նման արտեֆակտ չունեն, ուստի անհրաժեշտ է այն զրոյից ստեղծել:

Ինչպիսի՞ն պետք է լինի ամերիկյան էպոսը…

Կա մի քանի տարբերակ. սուպերհերոսական ասք, քրեական դրամա և իհարկե՝ «ուեսթերն»: Այս շարքում իրենց ուրույն տեղն ունեն նաև բռնցքամարտի մասին պատմությունները։ Մաքուր ամերիկյան ոգով ստեղծագործող այնպիսի գրողներ, ինչպիսիք են Ջեք Լոնդոնը, Ռոբերթ Հոուարդն ու Էռնեստ Հեմինգուեյը, իրենց գործերից շատերը նվիրել են հենց այս սպորտաձևին:

Շատ այլ բաների պես՝ հնագույն այս մարտարվեստը Միացյալ Նահանգներում յուրացվեց ու աննախադեպ ժողովրդականություն ձեռք բերեց՝ վերածվելով պաշտամունքի: Զարմանալի չէ, որ Հոլիվուդն էլ անտարբեր չմնաց: Հենց Ռոքիի մասին ֆիլմերի շարքն էր, որ հասավ էպիկականության, ու դարձավ Սիլվեսթր Սթալլոնեի այցեքարտերից մեկը։ Ժամանակն անողոք է. այն թույլ չի տալիս անվերջ խաղալ պրոֆեսիոնալ մարզիկի դերը, սակայն հանձին Մայքլ Բ. Ջորդանի՝ Սլայն իրեն փոխարինող գտավ՝ բացելով ֆրանշիզայի նոր էջ, որում մեծն Ռոքի Բալբոան իրեն փոխարինողին է մարզում։ Հատկանշական է, որ նման շրջադարձն ի օգուտ ֆիլմաշարի եղավ, և աշխուժացրեց հանդիսատեսի՝ բրենդի հանդեպ արդեն մարող հետաքրքրությունը:

Նման կերպարանափոխությունը հատկապես շահեկան է՝ բռնցքամարտի վերաբերյալ ամերիկյան առասպելի համատեքստում։ Դիցաբանությունը հենց այդպես էլ աշխատում է. հին հերոսից հետո գալիս են նորերն ու նորովի անցնում ցիկլը: Իսկ սևամորթ դերասանը թույլ է տալիս ներդաշնակորեն ներկայացնել ռինգում մարմին առնող ոչ միայն ամերիկյան, այլեւ աֆրոամերիկյան երազանքը: Ի վերջո, Մուհամեդ Ալիի և Մայք Թայսոնի նման խոշոր ֆիգուրները թույլ չեն տա ստել. բռնցքամարտի եւ BLM-ի համակեցությունը հիանալի է ստացվում։ Զուր չէ, որ ֆիլմի ստեղծմանն իր նպաստն է բերել Ռայան Քուգլերը՝ երկու «Սև հովազների» ռեժիսորը (դրանք ևս կարևոր են ռասայական ներկայացվածության առումով):

Այս հանգամանքներն են, որ «Creed III»-ն ասես զերծ են պահում ցանկացած քննադատությունից: Այո, նույն գետը երկու անգամ մտնել չի կարելի, բայց չէ՞ որ մենք առասպելի մասին ենք խոսում, իսկ այն ամեն անգամ կրկնվում է ՝ երբեմն որոշ տարրերի փոփոխությամբ։ Ռոքիի աշակերտի արկածների մասին եռապատումը ևս որևէ բանով չի կարող զարմացնել: Պատումի դրամատիկ հենքն աշխարհի չափ հին սյուժեն է՝ երկու եղբայրների (եթե ոչ արյամբ, ապա՝ ոգով) դիմակայությունը: Պարադոքսալ է, բայց «Creed»-ը դրանից շահում է. մենք հենց դրա համար էլ այն դիտում ենք:

Սա դարձյալ հաղթահարման պատմություն է, որի ամբողջ ընթացքը մեզ տանում է դեպի անխուսափելի վերջնարար՝ ռինգ: Ու որքան էլ Ադոնիս Քրիդը փորձում է խուսափել իր բախտից, ճակատագիրն իրենն է թելադրում: Նման ճակատագրապաշտությունը ևս հնամենի երեւույթ է։ Ի վերջո, ոչինչ չի մնում, բացի երկու մարտիկից, մրցասպարեզից ու ճոպաններից։ Հեղինակները դա հասկանում են, և ֆիլմի լավագույն պահին մշուշում են դահլիճի սահմաններն ու հեռացնում հանդիսատեսին՝ կադրում թողնելով միայն հակառակորդներին, որոնց պայքարն արդեն պարզապես բռնցքամարտ չէ, այլ մտքի, գաղափարախոսությունների ու հույզերի առճակատում։

Նման ունիվերսալ բանաձևով ֆիլմը չափազանց դժվար է փչացնել։ Եվ որպես ռեժիսոր հանդես եկող Մայքլ Բ. Ջորդանը հեռուստադիտողին է առաջարկում հոգեբանական սուր ապրումներ, կանխատեսելի՝ բայց համոզիչ դրամատուրգիա և վառ կերպարներ: Հատկապես աչքի է ընկնում Ջոնաթան Մեյջորսն իր կենդանի, հակասություններից հյուսված ու բազմակողմանի կերպարով: Իսկ երեկոյի գլխավոր «ճաշատեսակը»՝ բռնցքամարտը, մատուցվում է ինչպես հարկն է՝ դինամիկ ու գրավիչ։ Այնուամենայնիվ, առասպելում կարևոր են ոչ թե նրա ծիրում հայտնված խայտաբղետ հերոսները, այլ առասպելն ինքնին։ Ուստիև՝ անվերջանալի սերիալի հերթական մասը չի հիասթափեցնի նրանց, ովքեր մի ժամանակ դիտելով առաջին «Ռոքի»-ն դարձել են բռնցքամարտի սիրահար:



Անտոն Մուխորտով
Նյութի աղբյուրը այստեղ: