«4 երազանք» հեռուստանովելի մանրամասները և լուսանկարները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«4 երազանք» հեռուստանովելի մանրամասները և լուսանկարները




Երեկ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպել է «4 երազանք» հեռուստանովելի երկու եթերաշրջանի գլխավոր դերակատարների հանդիպումը երկրպագուների հետ, որոնք հղել են հեռուստանովելի և դերասանական անձնակազմի վերաբերյալ իրենց հարցերը: Tert.am Life-ը ներկա է եղել հանդիպմանը, զրուցել գլխավոր դերակատաների հետ և ներկայացնում է հեռուստանովելի մանրամասները:



Թե՛ դպրոցականները, թե՛ մեծահասակները հասցրել էին սիրել «4 երազանք» հեռուստանովելի առաջին եթերաշրջանը և փոքրիկ դերակատարներին, որոնք զրույցի ընթացքում շեշտում են՝ ուրախ են, որ նկարահանվել է 2-րդ եթերաշրջանը, որի ռեժիսորն է Արթուր Սարիբեկյանը:

«Մենք շատ հավանում ենք մեզ մարմնավորող տարիքով դերասաններին, քանի որ մենք իսկապես սիրել ենք պատմությունն ու մեզ հետաքրքիր է տեսնել դերասանների, որոնք մարմնավորում են մեզ մեծ տարիքում, վերցրել են որոշակի դետալներ մեզանից, իսկ պատմությունը շարունակում է մնալ հետաքրքիր, իսկ այժմ մեզ նաև գրավում է հեռուստադիտողի դերում լինելը»,- նշել են փոքրիկ դերասանները:



Դերասան Միկա Ղափլանյանն այս նախագծի գլխավոր դերակատարներից է: Նա մարմնավորում է Տիգրանին, որը դարձել է արատավոր երևույթների կրող ու շեղվել «երամից», իսկ ընկերները փորձում են նրա «հետ բերել» և հիշեցնել իր երազանքների մասին: Ղափլանյանը մեզ հետ զրույցում ընդգծել է, որ նախագծի կրթական բաղադրիչը շատ կարևոր է:

«Շատ եմ կարևորում, որ մեր երկխոսությունները գրական հայերենով են, չկա բացասական և առօրյա բառամթերք: Տեսարանները ևս շատ կրթադաստիարակչական են ու կարևոր է՝ ինչ արժեքներ ենք մենք սովորեցնում երեխաներին, ինչն է կարևոր այս կյանքում՝ ինչքան կարևոր է ընկերությունը, ընտանիքը, երազանքներին հավատալն ու երազանքների համար առաջ շարժվելը: Ես միշտ սիրում եմ այն նախագծերը, որոնցում ներգրավված եմ լինում, բայց այս հեռուստանովելն առավել քան հոգեհարազատ է դարձել, կարծում եմ՝ պայմանավորված է սցենարով և կերպարային լուծումներով»,-նշել է Միկա Ղափլանյանը:



Խոսելով իր երազանքի մասին դերասանը հավելել է, որ նյութականի մասին այս փուլում չի մտածում:
«Այժմ երազում եմ ապրել մի երկրում, որտեղից երբեք ցանկություն չեմ ունենա գնալ»,- ընդգծել է դերասանը:

Երիտասարդ «ինֆլյուենսեր» Շուշան Ստեփանյանը նշել է՝ երազել է դառնալ դերասանուհի և ուրախ է, որ հենց «4 երազանք» հեռուստանովելում է ստացել իր դերը:

«Սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, բայց ռեժիսուրա բաժնում՝ չնայած, որ միշտ երազել եմ դառնալ դերասանուհի», - պատմել է Շուշան Ստեփանյանը՝ շեշտելով, որ այս փուլում կատարվել է իր երազանքը:

«Ուրախ եմ, որ ներգրավվել եմ հենց այս նախագծում, որը կրթական է, որը դիտում են դպրոցականները և սովորում ճիշտ արժեքներ: Ուրախ եմ նաև, որ այս նախագիծը և՛ նկարահանում ենք, և՛ թողարկվում է, իսկ ես կարողանում եմ տեսնել իմ թերությունները, առավելությունները և աշխատել խաղիս վրա»,- պատմել է Շուշան Ստեփանյանը:



Թատրոնի երիտասարդ դերասան Նարեկ Ղարիբյանը, որն այս նախագծում մարմնավորում է Արամին, նշել է՝ իր մարմնավորած կերպարը և ինքը որևէ առնչություն չունեն:

«Սա իմ առաջին գլխավոր դերն է, բայց հետաքրքիր է մարմնավորել կերպարի, որը քեզ հետ կապ չունի, բայց գծերը հետաքրքիր են, խաղարկային: Ինձ գրավում է, երբ մարմնավորում եմ կերպար, որը երազում է Հայաստանը մրցակցային դարձնալ «սմարթ» տեխնոլոգիաների դաշտում: Ես երազում եմ ստանալ «Օսկար», բայց չգիտեմ՝ ինչ դերի համար կստանամ, ինչ տարիքում, բայց այս փուլում դա երազանք է և նպատակ»,- նշել է Նարեկ Ղարիբյանը:

Դերասան Արմեն Ջրբաշյանը ևս նշում է, որ երբեմն ապշում է իր մարմնավորած կերպարի՝ Էրիկի աշխարհընկալումից և բարությունից:

«Իրական կյանքում ես առավել հավասարակշռված եմ, զուսպ էմոցիաներում, բայց այս նախագծում ես բարության մարմնացում եմ, վառ կերպով եմ արտահայտում էմոցիաներս և այն կերպարն եմ, որը փորձում է համախմբել ընկերներին»,- ասել է Արմեն Ջրբաշյանը:



Երիտասարդ դերասան Նարեկ Ներսիսյանը մարմնավորում է Տարոնին, որին նախկինում մարմնավորած փոքրիկ դերասանը նույնպես այդ թատրոնից է և Գյումրիից:

«Մինչ այս նկարահանումը հիմնական փորձը եղել է թատրոնում և սա իմ առաջին մասշտաբային նախագիծն է: Իմ կերպարի խաղը միանգամից է սկսվումՙ և շատ հետաքրքրական է, որ նույն ընկերության մեջ պատահած դեպքի պատճառով ես որակազրկվում եմ, բայց ուզում եմ ասել՝ ամեն բան առջևում է»,- նշել է Նարեկ Ներսիսյանը:



Դերասանական անձնակազմը ժպիտով է տեղեկացնում, որ ծանոթության առաջին իսկ օրվանից հետո նրանք ունեցել են հրաշալի հարաբերություններ և տեղեկացրել, որ իրենց հարաբերությունները, միավորումը և ընդհանուր «չաթը» կրում է «անբացատրելի մտերիմներ» անվանումը:

Նշենք, որ հեռուստանովելի 2-րդ եթերաշրջանը Հանրային հեռուստաընկերության եթերում է մարտի 20-ից և ցուցադրվում է երկուշաբթիից-հինգշաբթի՝ 20:30-ին: