Լրահոս

Ռոզա Լինի նոր տեսահոլովակը՝ ամերիկյան լեյբլի ներքո


Ռոզա Լինը նոր տեսահոլովակ է ներկայացրել Never Be Mine երգի հիման վրա։ Երգչուհու նոր աշխատանքը թողարկվել է Columbia Records-ի ներքո, որի հետ Ռոզա Լինն այս շրջանում աշխատում է։
 
Լիրիկական աշխատանքի պրոդյուսերը Փիթեր Ուիլյամսն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Հանա Բոնը։ Այս անգամ էլ Ռոզան երգում է կորցրած սիրո մասին, որն այլեւս իրենը չի լինի։ «Չգիտեմ՝ էլ ինչ անել, ես գրում եմ այս երգը քեզ մոռանալու համար»,-ասվում է երգի մեջ։

«Եվրատեսիլ 2022»-ում ներկայացրած Snap երգը, ինչպես բազմիցս նշել է Ռոզան, իր համար միջոց է եղել էմոցիաներն արտահայտելու եւ զգացմունքները բաց թողնելու համար։ Երգչուհու հույզերից ստեղծված այդ աշխատանքն այսօր նրան հասցրել է իր երազանքների հարթակին․ թե ուր կհասցնի Ռոզային նոր երգը, դեռեւս դժվար է ասել, բայց մի քանի ժամվա ընթացքում այն արդեն ունի 300 եւ ավելի դրական արձագանք։

Ամերիկյան թիմի հետ այս աշխատանքում հայ երգչուհին չի մոռացել նաեւ հայկական մշակույթին հատուկ տարրերը։ Տեսահոլովակում կտեսնեք հայկական զարդանախշերով գորգ եւ նուռ։