Լուսինե Կիրակոսյան․ տխուր սրտով ժպիտ պարգեւողը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լուսինե Կիրակոսյան․ տխուր սրտով ժպիտ պարգեւողը




Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը։ Ցավալի լուրը երեկվանից հուզել է ոչ միայն դերասանուհու մտերիմերին, գործընկերներին, այլեւ հավատարիմ հանդիսատեսին, ովքեր Լուսինե Կիրակոսյանին, հատկապես, ճանաչում են հումորային կերպարներով։

Մարտի 18-ին դերասանուհին շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ ՀՀ վաստակավոր արտիստի առողջական վիճակն այդ օրվանից ի վեր շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր։ Նրա կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել։ Դերասանուհին 76 տարեկան էր։



Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թ-ի դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ 1969 թվականին Լուսինե Կիրակոսյանն ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երեւանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։

Դերասանուհու մասնակցությամբ ներկայացումների շարքը բազմազան է՝ «Սեր եւ ծիծաղ», «Ավտոբուս», «Քո վերջին հանգրվանը», «Կանգ առ երկրագունդ»․․․․ 2011 թ-ին արժանացել է «Արտավազդ» մրցանակի։ Նա նաեւ հայտնի էր մի շարք հեռուստանախագծերից. հեռուստադիտողների սրտերում դերասանուհին, հատկապես, տպավորվել է «Վերվարածները» հումորային սերիալում Ռոզի կերպարով։



Անսահման հումորով, բարի, ընկերասեր ու կատակասեր՝ այսպիսին են ծանոթ մարդիկ բնութագրում Լուսինե Կիրակոսյանին։ Սակայն ինչպես հայտնի է՝ դերասանուհին, հատկապես, վերջին շրջանում նեղսրտած էր։ Հարցազրուցներում նա հաճախ պատմում էր ավագ եղբոր հետ ոչ այնքան ջերմ հարաբերությունների, տան պատճառով ստեղծված կոնֆլիկտի, մյուս կողմից էլ՝ սիրելի թատրոնից հեռացվելու մասին։

Ինչպե՞ս էր կարողացել կյանքի վայրէջքներին զուգահեռ՝ պահպանել հումորի զգացումն ու ծիծաղեցնել ուրիշներին․



«Դա, երեւի, գալիս է գեներից ու մարդու անկեղծությունից։ Լավատեսությունն էլ, մյուս կողմից, շատ կարեւոր է։ Մարդը պետք է այնպես անի, որ իր հետ պատահած վատ բաներով դիմացինին նեղություն չպատճառի։ Գուցե փորձի ինքնուրույն մարսել այդ ամենը, կամ չկարողանա մարսել, բայց ցույց տա, թե այդպես է արել»,-հաղորդավար Ներսես Ավետիսյանի հետ «Ներս արի» շոուի ընթացքում ունեցած իր վերջին հարցազրույցում նշել էր դերասանուհին։



ՀՀ վաստակավոր արտիստը բոլորովին վերջերս իր համար ժպտալու ու փարատվելու առիթ էր ստեղծել։ Նախորդ տարվա ավարտին նա Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում հանդես եկավ երգիծական ծրագրով, իսկ վերջին շրջանում նկարահանվում էր Ելենա Արշակյանի «Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալում, որը հեռարձակվում է «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։