20 փաստ «Կույր աշխարհ» սերիալից հայտնի Աննա Զարգարյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

20 փաստ «Կույր աշխարհ» սերիալից հայտնի Աննա Զարգարյանի մասին




Երիտասարդ դերասանուհի Աննա Զարգարյանը շատերին է ծանոթ է գովազդային հոլովակներից, սակայն հեռուստադիտողների լայն զանգված աղջկան ճանաչեց «Արմենիա» հեռուստաընկերության «Կույր աշխարհ» հեռուստասերիալից, որտեղ Աննան մարմնավորում է Իվային՝ մանկատանը մեծացած աղջկա, ով աչքի է ընկնում երբեմն խառնակիչ, երբեմն էլ՝ խենթ արարքներով։ Աննան նշում է, որ իր հերոսուհուն կյանքում նման է միայն խենթությամբ։ «20 փաստ» դերասանուհու մասին։



Աննա, ե՞րբ ես ծնվել, որտե՞ղ։

Ծնվել եմ 2002 թվականի մայիսի 4-ին՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։

Որտե՞ղ է անցել մանկությունդ։

Մանկությունս անցել է իմ սրտի Ճամբարակում, մինչեւ այն ժամանակ, երբ սովորելու նպատակով տեղափոխվեցի Երեւան։

Ովքե՞ր են ընտանիքիդ անդամները։

Շատ գեղեցիկ ընտանիք ունեմ` հայրիկս, մայրիկս եւ եղբայրս։



Մանկության շրջանում ի՞նչ երազանքներ ես ունեցել․ կատարվե՞լ են, թե՞ ոչ։

Դեռ մանկուց երազել եմ դառնալ հայտնի եւ սիրված դերասանուհի։ Այժմ կարող եմ ասել, որ ինչ-որ չափով հասել եմ իմ երազանքին։

Ինչի՞ մասին ես երազում այսօր։

Ինձ համար հիմա գոյություն ունեն միայն նպատակներ, քանի որ երազանքներս դարձրել եմ նպատակներ, եւ քայլում եմ դրանց հետեւից։

Առաջին ծանոթությունդ դերասանության հետ․

Մի օր իմացա, որ մեզ մոտ բացվել է թատերական խմբակ եւ ցանկացա գնալ, տեսնել, թե ինչ են անում այնտեղ։ Անբացատրելի զգացում էր, երբ տեսա, թե ինձանից մեծերը ինչպես են խաղում բեմի վրա եւ ինչքան հմտորեն են կառավարում տիկնիկներին։ Հենց այդ պահից էլ սիրահարվեցի բեմին, եւ դերասանուհի դառնալը դարձավ իմ երազանքը։ Իմ երկու ուսուցիչները` ընկեր Արթուրը եւ տիկին Գայանեն, շատ-շատ ոգեւորեցին ինձ․ միշտ ասում էին, որ ինձ մեծ բեմեր են սպասվում։ Պետք է առանձնացնեմ նաեւ հայրիկիս։ Նա ինձ միշտ վստահել է, հավատացել իմ ուժերին եւ թույլ է տվել, որ ես գնամ իմ երազանքի հետեւից։



Ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստատեսության աշխարհում։

Շատ անսպասելի եղավ այդ ամենը։ Զանգ ստացա «Արմենիա» հեռուստաընկերությունից. հրավիրեցին քասթինգի։ Դե, բնականաբար, ոգեւորված գնացի եւ անհամբեր սպասում էի պատասխանին, որ իմանամ՝ արդյոք անցե՞լ եմ քասթինգը, թե՞ ոչ։ Այդ օրվանից անցավ երկար ժամանակ, եւ հույսս կորցրել էի, որ ինձ կզանգահարեն, սակայն մի օր ստացա սպասված զանգը եւ իմացա, որ անցել եմ, եւ որ շուտով պետք է սկսվեն նկարահանումները:

Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ ունես «Կույր աշխարհ» հեռուստասերիալում քո հերոսուհու հետ։


Իվան եւ Անան գրեթե նմանություններ չունեն։ Միայն երկու նմանություն կարող եմ առանձնացնել, առաջինը` ուժեղ տեսակն է, երկրորդը՝ խենթությունն է, որը վերջերս է դրսեւորվում կերպարի մեջ։

Սերիալի դերասաններից ո՞ւմ հետ ես, հատկապես, մտերիմ։

Չեմ կարող առանձնացնել որեւէ մեկին, քանի որ բոլորի հետ էլ եւ մտերիմ եմ, եւ շատ սիրում եմ։



Երբ չես նկարահանվում, ինչո՞վ ես, սովորաբար, զբաղվում։

Նկարահանումներից զատ գնում եմ դասի, ինչպես նաեւ աշխատում եմ որպես խաղավար։

Որտե՞ղ ես սովորում։

Սովորում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։

Ովքե՞ր են սիրելի դերասաններդ։

Շատ-շատ եմ սիրում մեր բոլոր վաստակավոր արտիստներին, սակայն չեմ կարող որեւէ մեկին առանձնացնել, քանի որ յուրաքանչյուրը յուրահատուկ է ինձ համար։ Արտասահմանյան դերասաններից կառանձնացնեմ Ջոնի Դեփին եւ Անջելինա Ջոլիին։

Ի՞նչ հոբբիներ ունես։

Մշակույթի ոլորտում ինձ ամեն բան միշտ հետաքրքիր է եղել, այդ իսկ պատճառով հոբիներս շատ են. նկարում եմ, երգում եմ, զբաղվում եմ կավագործությամբ եւ ունեմ ձեռքի հետաքրքիր աշխատանքներ։



Ունե՞ս տաղանդներ, որոնց մասին քչերը գիտեն։

Հագուստներիս մեծ մասի հեղինակը ես եմ. այդ հագուստներիցս մի քանիսը անգամ կրել եմ նկարահանումների ժամանակ։

Ի՞նչ ֆոբիաներ ունես։

Միակ վախս մարդկային կորուստն է։

Սիրահարվա՞ծ ես, կամ սիրո՞ւմ ես։


Ես միշտ սիրահարված եմ։

Ունե՞ս մականուն, որով քեզ դիմում են մտերիմ մարդիկ։

Տեսակով խենթ եմ, հետեւաբար ընկերական շրջապատում ինձ դիմում են՝ խենթ կամ գիժ։



Կյանքիդ կարգախոսը․․․


Միշտ հավատալ երազանքներին, լինել համառ, անկոտրում եւ բոլոր դժվարությունները դիմակայել ժպիտով։

Ի՞նչը երբեք չես ների։

Ինձ համար կյանքում ամեն բան ներելի է։

Ուժեղ եւ թույլ կողմերդ։

Թույլ կողմս մարդկանց անսահման վստահելն է, իսկ ուժեղ կողմերիցս կառանձնացնեմ մեկը` ինձ շատ դժվար է կոտրել. երբ որոշում եմ կայացնում, ոչինչ եւ ոչ ոք ինձ հետ պահել չեն կարող։