Դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան Հայաստանում առաջին ու վերջին անգամ կներկայացնի ամբողջ աշխարհում մեծ հաջողություն վայելող ‹‹Բարոկկո երաժշտությունը՝ հեղինակային ֆիլմում›› ծրագիրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան Հայաստանում առաջին ու վերջին անգամ կներկայացնի ամբողջ աշխարհում մեծ հաջողություն վայելող ‹‹Բարոկկո երաժշտությունը՝ հեղինակային ֆիլմում›› ծրագիրը




Համաշխարհային ճանաչում ունեցեղ ռուս դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան Հայաստանում առաջին ու վերջին անգամ կներկայացնի ամբողջ աշխարհում մեծ հաջողություն վայելող ‹‹Բարոկկո երաժշտությունը՝ հեղինակային ֆիլմում›› ծրագիրը:




Համերգը կկայանա ապրիլի 21-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն բարոկկո դարաշրջանի համար նշանակալից ստեղծագործություններ, որոնք լավ ծանոթ են դասական համերգների ունկնդիրներին, սակայն լայն հանրության մոտ ասոցացվում է կինոյի հետ։ Օրինակ՝ ծրագրում ներառված են Յ. Ս. Բախի պիեսները, որոնք հնչում են Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս», Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայր II», Լարս ֆոն Թրիերի «Ճեղքելով ալիքները» և Ջեյմս Թոբակի «Մատներ» ֆիլմերում, ինչպես նաև Հենդելի երկու ստեղծագործությունները Ինգմար Բերգմանի «Աշնանային սոնատ»-ից և Սթենլի Կուբրիկի «Բարի Լինդեն»-ից: Մեկական ստեղծագործական հնչում է Ֆրանսուա Կուպերենից (Թերրենս Մալլիկ՝ «Կենաց ծառը») և Հենրի Փյորսըլից (Փիտեր Գրինուեյ՝ «Նկարչի պայմանագիրը») և Ռամոյի մի շարք մանրանվագներ, ով, պարզվեց, 17-18-րդ դարերի կոմպոզիտորների մեջ «ամենաարտ հաուսայինն» է։


Օսետինսկայան լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ինքը «առլեկին» չէ, ու չի պատկանում դաշնակահարների այն խմբին, ովքեր նվագում են հանդիսատեսին զվարճացնելու համար: «Մեր սրընթաց ու դրամատիկ իրադարձություններով լի աշխարհում մարդը չի հասցնում ‹‹ապրել›› իր կյանքի հաճելի ու կարևոր պահերը, մնալ մենակ ինքն իր հետ ու մտորել: Ես ցանկանում եմ, որ այն ժամանակահատվածում, որ ունկնդիրը կանցկացնի ինձ հետ համերգասրահում, առանձնանա ինքն իր հետ»,- ավելացնում է դաշնակահարուհին: Նա նաև նշեց, որ հիմա Հայաստանի համար շատ ծանր ժամանակներ են, և այն երաժշտությունը, որ կհնչի ապրիլի 21-ին մեծ ուժ ունի մարդկանց մխիթարելու և ուժով լցնելու, որպեսզի նրանք կարողանան ապրել, արարել, պայքայել ու հաղթել չարին: Նա նաև շնորհակալություն հայտնեց հայերին, որ մեծ ջերմություն ու հյուրընկալություն են ցուցաբերում իր հայրենակիցների հանդեպ, քանի որ հարկադրաբար էմիգրացիան սարսափելի բան է ու շատ ծանր է հայրենիք կորցնելը:


Օսետինսկայն շատ հայ ընկերներ ունի և երբեմ-երբեմն գալիս է Երևան նաև ընկերական այցելություններով: Անցած տարի նա այստեղ էր երեխաների հետ՝ Վարդավառի տոնին և նրանք ուղղակի ցնծության մեջ էին: Օսետինսկայան ունի երկու դուստր և մեկ որդի:

Դաշնակահարուհին նաև հասցրել է վարպետության դասեր տալ հայ պատանի տաղանդավոր դաշնակահարներին: Շատ տպավորված էր նրանց պատրաստվածությամբ, բնատուր շնորհով և արագ ընկալելու ունակությամբ:


Օսետինսկայան Հայաստանում է Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի հրավերով` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Համերգը բարեգործական է և տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Հայաստանի մարզերում դասական երաժշտության բնագավառում խոստումնալից հայ երեխաների կրթական ծրագրերի աջակցությանը, որն իրականացնում է Primavera Foundation of Armenia-ն: Հիմնադրամի հիմնադիր և պրոդյուսեր Յելենա Յակովլևան նշեց, որ նրանք Հայաստանում գործունեություն են ծավալում 2021թ.-ից, չնայած Հայաստանում հիմնադրամ բացելու որոշումը կայացվել է դրանից չորս տարի առաջ: Պատճառն այն է, որ Հայաստանը հայտնի է իր տաղանդներով և իրենց ուշադրության կենտրոնում են, ոչ միայն Երևանի երաժշտական հաստատությունների աշակերտները, այլ նաև մարզերի: Վերջերս նրանք կազմակերպել են կիթառահար Արտյոմ Դերվոյեդի վարպետության դասն ու համերգը Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանում, Իջևանում և Կողբում, ինչպես նաև Երևանում: Այս տարվա հուլիսին ծրագրում են Չայկովսկու XV միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Դմիտրի Մասլեևի վարպետության դասերը Երևանում և Սյունիքում, իսկ արդեն սեպտեմբերին Մասլեևը համերգով հանդես կգա հիմնադրամի գործընկեր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:


Նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն հավելեց, որ Primavera Foundation of Armenia-ն ավելին է քան բարեգործական հիմնադրամը, նրանք Ֆիլհարմոնիկի հետ համագործակցությամբ կազմակերպում են բարձրակարգ համերգներ, ինչպիսին է վերջերս տեղի ունեցած Միխայիլ Պլետնյովի ելույթը՝ Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: Նա, բարձր գնահատելով դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայայի կատարողական արվեստը, ավելացրեց, որ ապրիլի 21-ին հրաշալի համերգ է սպասվում և բոլորին հորդորեց մի պահ կտրվել մեր իրականությունից և գալ ու վայելել դաշնակահարուհու կատարումները: