Լրահոս

Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը՝ ցեղասպանությունից փրկված իր նախնիների մասին




Հայերից շատերը, թե հին, թե նոր սերնդի, իրենց մեջ կրել ու դեռ երկար տարիներ կկրեն Հայոց ցեղասպանության ցավը։ Դժվար է ասել՝ արդարության հասնելը որքանով կմեղմացնի այդ ցավը, բայց դառը հիշողություններն ու պատմությունը, հաստատ, ջնջել չի ստացվի։ Հայերից շատերն ունեն ցեղասպանությունից փրկված հարազատների պատմություններ։ «Միսս Երկրագունդ Հայաստան 2015», «Միսս Երկիր 2017»-ի հատուկ մրցանակակիր եւ այլ մրցույթների դափնեկիր, մոդել Լիլիթ Մարտիրոսյանը NEWS.am STYLE-ի հետ կիսվել է իր նախնիների պատմությամբ։

Լիլիթի հայրիկի կողմը Կարսից էր, մայրիկինը՝ Մուշից։ Հայրական պապը մեծացել է մանկատանը՝ ենթադրաբար ծնողների զոհվելուց հետո։



«Պապիկս շատ փոքր է եղել, երբ հայտնվել է Գյումրու ամերիկյան որբանոցում, որտեղ իրեն տվել են անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ՝ այդ ամենը մոտավոր։ Այդ ժամանակ որբանոցում եղել են ավելի քան 32 հազար երեխաներ։ Ասում են՝ 1925 թ-ին ընտրել են այդ որբերից ամենագեղեցիկ երեխաներին, այդ թվում նաեւ պապիկիս, եւ տարել են Բաթումի, որպեսզի այնտեղից էլ տանեին Միացյալ Նահագներ։ Սակայն Հայաստանի կառավարությունը բողոք է ներկայացրել, որպեսզի երեխաներին չտանեն ԱՄՆ, բայց քանի որ Հայաստանում այդ ժամանակ շատ աղետալի վիճակ է եղել՝ սով, վատ պայմաններ, երեխաներին հանձնել են համշենահայերին՝ որպես աշխատուժ։ Փաստացի պապիկիս ընտանիք զոհվել էր Կարսում, եւ նա մնացել էր բացարձակ միայնակ»,-պատմում է Լիլիթը,-«Պապիկս ավարտելով Սուխումի մանկավարժական համալսարանը՝ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին ու հասել մինչեւ Քյոնսբերգ, հետո տեղափոխվել է Գյումրի եւ ամուսնացել տատիկիս հետ»։



Լիլիթի խոսքով՝ պապը շատ դժվար օրեր է ապրել՝ թե որբանոցում, թե մինչեւ այդ, բայց չի սիրել խոսել այդ մասին,-«Լռում էր, իր մեջ էր պահում, աշխատում էր չպատմել, բայց ես միշտ զգացել եմ այդ լուռ ցավն իր աչքերում»։

Ըստ մոդելի ընտանիքի ունեցած տեղեկությունների՝ մորական կողմը Արեւմտյան Հայաստանից մի փոքր ավելի շուտ է տեղափոխվել՝ մինչեւ 1915 թ-ը։

«Մյուս պապիկս եղել է գրող՝ Համլետ Մովսիսյանը, որը տպագրել է Ռուբեն Սեւակի կենսագրականը։ Այնտեղ նա ներկայացրել է Մեծ Եղեռնի իրադարձությունները։ Նա առաջինն էր, որը խորհրդային ժամանակաշրջանում համարձակություն էր ունեցել գրելու Ռուբեն Սեւակի մասին։ Գիրքը կոչվում է «Փորձաքար»։ Նա գրել է Սեւակի կյանքի վերջին օրերի մասին, եւ անդրադարձ կատարել, թե ինչպես են վարվել հայ մտավորականների հետ։ Այդ գիրքը միշտ իմ սեղանին է, արդեն անգիր գիտեմ ամեն մի տողը, բայց ամեն տարիքում էլ կարդալիս լաց եմ լինում ու նորովի բացահայտում այդ տարիների սարսափելի իրադարձությունները»։



Մոդելն ասում է՝ առայժմ չի եղել Արեւմտյան Հայաստանում, բայց պատմական հայրենիքը տեսնելու ցանկությունը մեծ է։ «Հատկապես շատ եմ ուզում տեսնել Վանը։ Իհարկե, հոգուս, սրտիս համար մեծ դժվարություն կլինի այդ ամենը, բայց հուսով եմ՝ մի օր այդ բախտը ինձ կվիճակվի»։

Հայող ցեղասպանությունը կատարվել է Օսմանյան կայսրության կողմից՝ 1915 թ-ին։ Սա ոճրագործություն է, որի արդյունքում սպանվել է մոտ մեկ ու կես միլիոն հայ․․․