«Միսիս Հայաստան 2023» Մարգարիտա Պողոսյանը՝ մրցույթում իր հաղթանակի, ձեռքբերումների ու դստեր մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսիս Հայաստան 2023» Մարգարիտա Պողոսյանը՝ մրցույթում իր հաղթանակի, ձեռքբերումների ու դստեր մասին




Մարգարիտա Պողոսյանը «Միսիս Հայաստան» մրցույթի առաջին հաղթողն է։ Նա Հայաստանում առաջին անգամ անցկացրած մրցույթի տիտղոսը նվաճեց ապրիլի 18-ին՝ մրցույթի եզրափակիչ փուլի ավարտին։ Մարգարիտան 31 տարեկան է, ծնվել է Արմավիրում, այժմ բնակվում է Երեւանում, բայց ինչպես նշեց NEWS.am STYLE-ի հետ զրույցում, մրցույթի շրջանակում մեծ ցանկություն է ունեցել հնչեցնելու հենց Արմավիրի անունը։

Այժմ արդեն տիտղոսակիր գեղեցկուհին առաջին մասնագիտությամբ մանկավարժ է․ Հայկական պետական մանկավարժական համալսարանն ավարտել է գերազանց: Այնուհետեւ սովորել է Մոսկվայի Synergy բիզնես համալսարանում՝ ձեռք բերելով մարքեթոլոգի մասնագիտություն:



NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարգարիտան պատմել է նաեւ «Միսիս Հայաստան 2023» մրցույթին մասնակցելու որոշման, հաղթանակի ու դստեր մասին։

Մարգարիտան մրցույթի մասին իմացել է ընկերուհուց, հենց նրա խորհրդով էլ որոշել է մասնակցել,-«Շատ վառ է տպավորվել այդ օրը: Ընտանիքով վերադառնում էինք Գեղարդից, երբ ընկերուհիս զանգահարեց եւ ասաց, որ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենալու «Միսիս Հայաստան» մրցույթ, եւ առաջարկեց ինձ նույնպես մասնակցել: Ճիշտ է, առաջին հայացքից չափազաց հետաքրիր թվաց գաղափարը, բայց միեւնույն ժամանակ բացառեցի իմ մասնակցությունը, քանի որ չգիտեի՝ ինչպես կարձագանքեին ընտանիքիս անդամները: Եվ քանի որ երկար ժամանակ չունեի մտածելու, քասթինգին մնացել էին հաշված օրեր, արագ համաձայնության եկա նրանց հետ եւ արեցի կյանքումս բեկումնային դարձած այդ քայլը»,-պատմեց նա։



Մարգարիտան մրցույթին ներկայանում էր 9-րդ համարի ներքո։ Այդ թիվն, առհասարակ, խորհրդանշական է համարում իր կյանքում,-«Իմ կյանքում հաղթանակները շատ են: Ինքս ծնվել եմ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, եւ կարծում եմ՝ նախախնամություն էր, որ ինձ վիճակվեց մրցույթում հանդես գալ 9-րդ համարի ներքո»:



Խոսելով իր մրցակիցների եւ մրցույթից ունեցած ձեռքբերումների մասին՝ նա նշեց,-««Միսիս Հայաստան»-ը պարզապես գեղեցկության մրցույթ չէ: Հիմքում 21-րդ դարի հայ կնոջ հավաքական կերպարի ներկայացումն է: Իսկ մասնակիցները տարբեր ոլորտներ ներկայացնող եւ տարբեր ներքին մշակույթ կրող կանայք էին: Եվ այո, նրանցից յուրաքանչյուրը կարող էր հաղթել: Այս մրցույթն ինձ տվեց ծանոթություն հրաշալի մարդկանց հետ՝ ի դեմս կազմակերպիչների եւ մեզ հետ ամիսներ շարունակ պատրաստակամ աշխատող թիմի: Բացահայտեցի կանանց նոր՝ ինձ դեռեւս անծանոթ տեսակների, տարբեր բնավորություն եւ բովանդակություն ունեցող հայուհիների: Հասկացա, որ ես ավելի ուժեղ եմ, քան կարծում էի»:

Նախկինում Մարգարիտան երբեք չի զբաղվել մոդելինգով եւ չի ունեցել գեղեցկության մրցույթների մասնակցության փորձ, սակայն, նրա խոսքով, առաջարկներ միշտ ստացել է:



Մոդելն իր կյանքի մեծագույն ձեռքբերումը համարում է դստերը՝ 6-ամյա Արիանային,-«Կարծում եմ՝ հայ կնոջ գլխավոր առաքելությունը կյանքում մայր լինելն է՝ Մայր հայրենիքին երեխաներ պարգեւելը: Եվ, հիրավի, երջանիկ է ու օրհնված այն կինը, ով զգացել է մայրության բերկրանքը: Աղջիկս՝ Արիանան, 6 տարեկան է: Մենք շատ մտերիմ ընկերուհիներ ենք եւ հիանալի հարաբերություններ ունենք: Յուրաքանչյուրիս ձեռքբերումն ու հաղթանակը մեծ ուրախություն է մեզ համար, եւ հաղթանակիցս հետո աղջկաս ուրախությունն ինձ շատ երջանկացրեց»: