Պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը՝ «Ազգային երգիչ» նախագծի, Արցախում շրջափակման մեջ գտնվող հարազատների ու անձնականի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը՝ «Ազգային երգիչ» նախագծի, Արցախում շրջափակման մեջ գտնվող հարազատների ու անձնականի մասին




Ռուսաստանաբնակ պրոդյուեր Սոֆիա Ղուլյանը տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում է։ Այստեղ նրա գործունեությունը կապված է «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի հետ, որտեղ Սեւակ Ամրոյանի ու Արփիի հետ ժյուրիի հիմնական կազմում է։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սոֆիան նշեց, որ մինչեւ նախագծի ավարտն այստեղ է լինելու, ինչի համար ուրախ է՝ վայելում է Երեւանն ու այստեղի եղանակը։ Պրոդյուսերը նաեւ լուսանկարներ է տրամադրել նախագծի նկարահանումներից, եւ պատմել է ժյուրի լինելու հեշտ եւ բարդ կողմերի եւ Արցախում շրջափակման մեջ գտնվող հարազատների մասին։

Սոֆիան երկար տարիների պրոդյուսեր է, որն աշխատել եւ աշխատում է ոչ միայն հայ, այլեւ ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ։ Վերջին շրջանում նրա մասնակցությամբ ամենահայտնի նախագծերից է, օրինակ, Միշա Գալուստյանի «Սուպեր Ժորիկ» տեսահոլովակների շարքը։ Ժյուրիի աթոռին, սակայն, Սոֆիան առաջին անգամ է,-«Առաջարկը ստացա «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությունից, սիրով ընդունեցի այն, միասին խոսեցինք, ծրագրեր կազմեցինք, որպեսզի հետագայում զբաղվեմ նաեւ մասնակիցների շրջագայություններով»,-պատմում է նա՝ հավելելով․



«Առաջին անգամ եմ նման լուրջ նախագծում, եւ անկեղծ ասած՝ ուրախ եմ, որ միացել եմ գալահամերգների փուլից, երբ արդեն ոչ թե ժյուրիի ձայնն է որոշիչ մասնակիցների համար, այլ հեռուստադիտողի․ դա բավական թեթեւացնում է իմ հոգեվիճակը։ Կարծիքս անկեղծ եմ արտահայտում։ Իսկապես, այնքան լավն են մասնակիցները, որ ուզում եմ համերգից համերգ ձեռք բերած այդ փորձը, խոհուրդներն օգտագործեն ի օգուտ իրենց։ Առհասարակ, մեր ժյուրիի ամբողջ կազմն է անկեղծ»։



Նրա խոսքով, որպես պրոդյուսեր, այնուամենայնիվ ավելի խիստ է, քան ժյուրիի կազմում,-«Խստությունս դրսեւորվում է այն պատճառով, որ ցանկանում եմ ավելի լավը լինեն։ Եթե երգիչը սիրում է իր գործը եւ անում է այն, ինչ պետք է, այդ դեպքում խստությունս երբեք չի արտահայտվում։ Իսկ որպես ժյուրի, զգալով մասնակիցների հուզմունքը, անհանգստությունը, փորձում եմ իրենց կողմից լինել»։

Սոֆիան դժվարությամբ չի համատեղում ժյուրի եւ պրոդյուսեր լինելու գործունեությունները, քանի որ նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում ռուսական շոուբիզնեսում պասիվություն կա, ինչը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով։



«Հուսով եմ՝ այս պատերազմն էլ շուտով կավարտվի, եւ այդ ժողովուրդներն էլ, վերջապես, հանգիստ կապրեն։ Ուզում եմ, որ աշխարհում տիրի խաղաղություն»։

Ծնունդով արցախցի պրոդյուսերն այս շրջանում, հատկապես, անհանգիստ է Արցախի ու Արցախում շրջափակման մեջ հայտնված հարազատների համար, թեեւ նշում է՝ նրանք շատ չեն բողոքում, ամեն ինչ անում են, որ այստեղ չանհանգստանան․



«Արցախում ունեմ ազգականներ՝ հորաքույրներս, մորաքույրներս, մորեղբայրներս, քույրերս, եղբայրներս, շատ ընկերներ ու բարեկամներ։ Հույսով են լցված, ինչպես եւ բոլոր հայերը, չեն ցանկանում լքել իրենց տները, հողը։ Սպասողական վիճակ է․․․ Չեն բողոքում, մենք ավելի շատ ենք նրանց համար անհանգստանում։ Շատ եմ ցանկանում, որ այս հարցը մի օր լուծվի, կորուստներ չունենանք։ Մեր յուրաքանչյուր զինվորի համար սիրտս ցավում է։ Ծնված օրվանից դաժան պատմություններ եմ հիշում։ Արցախում չգիտեմ մի ընտանիքի, որը կորուստ չունենա։ Երազում եմ, որ մեր ազգը, վերջապես, կարողանա հանգիստ ապրել, չթողնեն Հայաստանը գնան, ինչպես իմ դեպքում է եղել։ Չեմ ցանկանում բողոքել, բայց վստահ եմ՝ մեր հայրենիքում մենք մեզ ավելի լավ կզգայինք»։



Պրոդյուսերին հարցրել ենք նաեւ անձնական կյանքի փոփոխությունների մասին, քանի որ ամիսներ առաջ, ինստագրամյան Story բաժնում, Սոֆիան լուսանկարով էր կիսվել, եւ շատերին թվացել էր՝ պրոդյուսերն ակնկարկել է, որ սիրտն այլեւս զբաղված է։ NEWS.am STYLE-ին, սակայն, նա ասաց, որ անձնականում փոփոխություններ չկան։ «Հուսով եմ՝ այս տարի կուրախացնեմ այլ նորություններով (ծիծաղում է)»։