Թիլ Շվայգերը՝ Հայաստան կատարած այցի ու Արման Նշանյանի հետ նոր նախագծի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թիլ Շվայգերը՝ Հայաստան կատարած այցի ու Արման Նշանյանի հետ նոր նախագծի մասին



Գերմանացի հայտնի դերասան Թիլ Շվայգերն օրեր առաջ է մեկնել Հայաստանից։ «Բախելով երկնքի դռները» եւ «Անփառունակ սրիկաները» ֆիլմերի աստղն այստեղ էր Արման Նշանյանի հրավերով։ Հայ եւ գերմանացի դերասանների ծանոթությունը կայացել էր Մայք Հեթոնի եւ Ասկո Ակոպյանի «Հոլիվուդյան կողոպուտ»/Hollywood Heist/ ֆիլմի նկարահանման հրապարակում, որտեղ նրանց խաղընկերներն էին նաեւ Ալեք Բոլդուինն ու Միքի Ռուրկը։ Նկարահանումների ընթացքում Արմանն ու Թիլը միանգամից մտերմացել են, ինչի արդյունք է դարձել համատեղ նոր նախագիծը, որի առաջին մանրամասները Արման Նշանյանն ու Թիլ Շվայգերը պատմել են NEWS.am STYLE-ի հետ բացառիկ հարցազրույցում։

Թիլն ու Արմանը հանդիպել են Մալյորկայում, որտեղ նկարահանում էին գերմանացի կինոաստղի տեսարանները։



«Արմանի հետ անմիջապես ընկերացանք։ Նա հրաշալի մարդ է։ Յուրաքանչյուրս կիսվեց իր ծրագրերով, եւ երբ ես պատմեցի նրան իմ առաջիկա նախագծի մասին, որը մտադիր էի նկարահանել Բուլղարիայում, նա ասաց՝ իսկ ինչո՞ւ չես ցանկանում նկարահանումներն իրականացնել Հայաստանում։ Ես նրան ուղարկեցի սցենարը, այն թարգմանվեց հայերեն, եւ ավելի ուշ նա ինձ ներկայացրեց առաջարկի պայմանները, ինչն ինձ հրաշալի թվաց, եւ մենք որոշեցինք գալ Հայաստան եւ սկսել մեր փնտրտուքները»,-NEWS.am STYLE-ին պատմում է Թիլը։

Դերասանին, հատկապես, հետաքրքրել է Արմանի՝ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվելու միտքը։

«Ես ասացի, որ չնայած ԱՄՆ-ն մեծ երկիր է, ես Հայաստանում ինձ ավելի լավ ու ազատ են զգում, դրա համար էլ ընտանիքիս հետ որոշել ու տեղափոխվել եմ այստեղ։ Երբ ինքն էլ եկավ Հայաստան, հասկացավ՝ ինչի մասին է խոսքը։ Հիմա, նույնիսկ, մտածում է Դիլիջանում տուն ձեռք բերելու մասին»,-ասում է Արմանը։



Ֆիլմը, որը Թիլ Շվայգերը պատրաստվում է նկարահանել Արման Նշանյանի People of AR production-ի հետ համատեղ, կոչվում է Underdog:

«Այն իրական պատմության հիման վրա է, պատմում է մի ռուս պրոֆեսիոնալ մարտիկ կնոջ մասին, որը կորցնում է ամեն ինչ, բայց հետո մարզվում է պապի օգնությամբ ու որոշում պայքարել անարդարությունների դեմ։ Նա մարտնչում է միայն տղամարդկանց դեմ եւ միշտ հաղթող դուրս գալիս։ Իրականում, հրաշալի պատմություն է»,-նշում է Շվայգերը, որը Հայաստանում անցկացրած ժամանակը տրամադրել է համապատասխան վայրեր դիտարկելուն։

«Հրաշալի օրեր եմ անցկացրել այդտեղ մի շարք հիասքանչ հայերի հետ, որոնք աշխատում են կինոինդուստրիայում։ Հավանել եմ թե ուտելիքը, թե մարդկանց․ շատ նոր ընկերներ եմ ձեռք բերել։ Մի շարք վայրեր ենք այցելել․ եղել ենք Սեւանում, Դիլիջանում, շրջել ենք Երեւանով։ Տպավորված եմ քաղաքով։ Այստեղ որոշ փողոցներ հիշեցնում են Նյու Յորքը, հետո աջ ես թեքվում ու հայտնվում Լոնդոնում, նայում ես ձախ՝ ասես Բարսելոնայում լինես։ Պարզապես, հրաշք է»։



Դերասանը խոստովանում է, որ սկզբում եկել էր ընդամենը մեկ ֆիլմի համար վայրեր փնտրելու, իսկ արդյունքում հասկացել է, որ Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ կարելի է եւս մեկ նախագիծ նկարահանել։

«Մի օր անցկացրեցինք մի վայրում, եւ մտածեցինք՝ այստեղ, նույնիսկ, մեկ ուրիշ ֆիլմ էլ կարելի է նկարել։ Կարծում եմ՝ Հայաստանում կնկարահանենք նաեւ մեր նոր սերիալը։ Այստեղ այնքան շատ հնարավորություններ եւ անհավանական վայրեր կան, որոնք խելքահան կանեն բոլորին»։

Արման Նշանյանը հավելում է՝ բացի հրաշալի մարդ ու հանճարեղ դերասան լինելուց՝ Շվայգերը նաեւ իր խոսքի տերն է․ երբ մի բան որոշում է, մինչեւ վերջ գնում է դրա հետեւից,-«Կսկսենք առաջին նախագծից, հետո կանցնենք հեռուստասերիալին, որը եւս ծրագրում ենք նկարահանել Հայաստանում։ Առաջին նախագծի նկարահանումները նախնական տվյալներով կմեկնարկեն ձմռանը»,-ասում է նա։



Այս ամենին զուգահեռ՝ Արմանը զբաղվում է նաեւ իր նոր գաղափարներով,-«Իհարկե, ինձ համար շատ կարեւոր են իմ ֆիլմերը, որտեղ ես հանդես եմ գալիս որպես ռեժիսոր եւ պրոդյուսեր, բայց նաեւ կարեւորում եմ, որ չկորցնենք այսպիսի համագործակցությունների հնարավորությունները։ Սա առաջնահերթ կարեւոր է ոչ թե ինձ համար, այլ մեր երկրի։ Պետք է դրսից Հայաստան գան այսպիսի ազդեցիկ մարդիկ, եւ ինչպես Թիլը, տեսնեն, որ Հայաստանը ոչ միայն լավ երկիր է ապրելու, այլեւ աշխատելու համար։ Մեր նպատակը Հայաստանում կինոարվեստի մակարդակը բարձրացնելն է, որ կինոշուկան հասցնենք համաշխարհային սանդղակի։ Մենք շատ հեռու չենք դրանից, պարզապես պետք է ճիշտ քայլեր արվեն այդ ուղղությամբ։ Այս հարցում մեծ ներդրում ունի նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ինչի համար շնորհակալ ենք նաեւ իրենց։ Նաեւ՝ իմ տաղանդավոր հայ գործընկերներին, նրանց թվում է, օրինակ, Անի Որսկանյանն իր Ava production ընկերության հետ միասին»։


Լուսանկարները՝ Թիլ Շվայգեր (Anatol Kotte), Courtesy of Artist International Group եւ Արման Նշանյանի ու Արթուր Աբրահամի ինստագամյան էջերից