«Ժամեր շարունակ ստուդիայում աշխատել ենք «Future lover» երգի վրա». Արթուր Արմենին՝ Kami Friends-ի, երաժշտության և Բրունետի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ժամեր շարունակ ստուդիայում աշխատել ենք «Future lover» երգի վրա». Արթուր Արմենին՝ Kami Friends-ի, երաժշտության և Բրունետի մասին




Վերջին շրջանի ամենահայտնի երաժշտական հեռուստանախագծերից է «Առաջին ստուդիան», որի շրջանակում մի շարք սիրված երգերի տրվում է նոր շունչ՝ ներկայացնելով այն այլ գործիքավորմամբ և հաշված օրերի ընթացքում երգերը տարածվում են համացանցում՝ դառնալով հիթեր: Tert.am Life-ը զրուցել է երգերի գործիքավորման հեղինակի՝ Արթուր Արմենի հետ, որը պատմել է երաժշտության ոլորտում առաջին քայլերի և եվրատեսիլյան երգ ստեղծելու:



Առաջին քայլերը երաժշտական ոլորտում

«Երաժշտական առաջին քայլերն արել եմ 5 տարեկանում «Արծաթե բանալիներ» երգի ստուդիայում, իսկ հետագայում շարունակեցի վոկալի ոլորտում, հետագայում ընդունվել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, որից հետո Երևանի Պետական Կոմիտասի Կոնսերվատորի, որտեղ էլ սովորել եմ 6 տարի հենց ակադեմիական միջավայրում և քչերը գիտեն, որ ես վոկալիստ եմ ոչ թե դաշնակահար»,- ասաց Արթուրը և հավելեց, որ սովորելու ողջ ընթացքում մասնագիտացված կերպով սովորել է դաշնամուր, որը եղել է միշտ պարտադիր առարկա. «Բախտ է վիճակվել շատ լավ մասնագետների հետ աշխատել, նրանցից սովորել և հասկանալ՝ ինչքան կարևոր գործիք է դաշնամուրը: Շատ կարևոր էր հենց նախնական փուլում, երբ այդ ոլորտում իրականացնում էի առաջին քայլերս ծնողներիս աջակցությունն ու այն հավատը, որն ունեին իմ նկատմամբ, չնայած երաժշտությամբ զբաղվել է հայրս և գենետիկորեն իրենից է եկել այդ ամենը, բայց միշտ մոտիվացիա և աջակցություն ստացել եմ մայրիկիցս, որն անձամբ զբաղվում էր ամեն բանով և հետևողական էր, որ հաճախ եմ դասերի և հաճախ հենց մայրիկս ասում էր՝ «դու երգիչ ես», բայց մեծանալով հասկացա՝ ես երաժիշտ եմ, ոչ թե երգիչ»:



«Առաջին ստուդիան» իր cover աշխատանքներով

«Ամիսներ առաջ Kami Friends նախագծի պրոդյուսերը՝ Վահագն Գևորգյանը եկավ և ասաց՝ «Մի միտք ունեմ» և հենց այդ խոսքերից էլ սկսվեց ամեն բան, ես էլ այդ փուլում արդեն սկսել էի, որպես գործիքավորող իմ գործունեությունը և Kami Friends խմբի 6-7 տարիների աշխատանքային փորձը ներդրվեց այս նախագծում: Ուզում եմ ասել, որ սա շատ հետաքրքիր փորձ է մեզ համար, քանի որ լինում են օրեր, երբ տուն ենք գնում առավոտյան 4-ին, հետագայում օրեր շարունակ անցկացնում ստուդիայում, իրականացնում նկարահանումները, որպեսզի կարողանանք լավ արտադրանք տալ հեռուստադիտողին: Տիգրան Վիրաբյանը և Արման Միտոյանը զարգացրեցին նախագծի պրոդյուսերական կողմը և այս փուլում մենք ունենք մի շարք սիրված երգերի cover տարբերակները»,- ասաց նա և նշեց, որ այս նախագծում նաև հետաքրքիր էր իր փորձը հաղորդավարի կարգավիճակում, քանի որ «Առաջին Ստուդիա» նախագծի շրջանակում եթերում են երկու հաղորդավար՝ Գրիշա Աղախանյանը և հենց Արթուրը. «Ուսանողական տարիների ժամանակ ես ունեցել եմ փորձ միջոցառումներ կազմակերպել, վարել այդ միջոցառումները և որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել տեսախցիկի առաջ խոսելու: Եթե դիտարկենք նման ֆորմատը դրսում սովորաբար հենց աշխատանքների գործիքավորողն է վարում և հյուրը, բայց մենք եկանք այն կետին, որ լիովին այլ որակ կստանանք, եթե եթերում նաև աշխատի Գրիշա Աղախանյանը»:




«Future lover» եվրատեսիլյան երգն ու cover տարբերկները

«Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակը՝ Բրունետը ներկայացել է «Future lover» երգով, որի գործիքավորումը ստեղծել է հենց Արթուրը և մեզ հետ զրույցում պատմել է երգի ստեղծման պատմության և հետագայում cover տարբերկներ ստեղծելու մասին:

«Ինչպես գիտեք ի սկզբանե նախատեսվում էր ռիթմիկ աշխատանք ստեղծել, պարային էլեմենտներով և մենք ֆիքսվել էինք հենց այդ կետի վրա: Ես լսեցի երգի առաջին տողերը՝ «I just wanna make art...» և սկսեցի մտածել՝ ինչ կարող ենք անել այդ տարբերակով: Մենք Բրունետի հետ միասին ժամեր շարունակ անցկացրել ենք ստուդիայում և պետք է անկեղծ լինեմ, որ բարդ էր ընթացքը, քանի որ ստեղծագործող մարդուն կաղապարելը բարդացնում է աշխատանքը և հիշում եմ, որ արդեն առավոտյան ժամը 6-ին մենք սկսեցինք դիտարկել այլ տարբերակ ավելի բալլադային ոճով և միաժամանակ Բրունետի հետ սկսեցինք աշխատել հենց այդ տարբերակի վրա, որն իրականում չէր համապատասխանում նախնական պահանջին, իսկ հետագայում հանձնեցինք երգը և ստացանք դրական արձագանք և կարծում եմ անգամ կարիքը չկա ասելու, թե ինչպես տարածվեց երգն ու ինչպես լսարանը արձագանքեց այդ տարբերակին»,- պատմեց Արթուրը և ասաց, որ հետագայում նաև պետք է ստեղծվեր երգի cover տարբերակը, ինչն իրականում հեշտ չէր, քանի որ կարճ ժամանակահատված էր անցել հենց բուն երգի ստեղծումից. «Բրունետի ձայնն ինքնին տարբերվող է և կարևոր էր հենց նվագախմբով միայն ընդգծել ձայնի կախարդանքը, բայց երբ կարդում էի մեկնաբանությունները տեսնում էի, որ մարդիկ ցանկանում են լսել հայկական գործիքավորմամբ տարբերակ և ստեղծվեց «Future lover» երգի տարբերակը, որտեղ կար քանոն և դուդուկ, որոնք իրենցով շատ ուժեղ և դոմինանտ գործիքներ են, հետագայում նաև ունեցել ենք երգի ակուստիկ տարբերակը և հետաքրքիր փորձ էր, որ մենք ստեղծել էինք և՛ երգի օրիգինալ տարբերակը , և՛ cover 2 տարբերակներ»: