«Իրար դեմ» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքն ու հարցազրույցները գլխավոր դերասանների հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Իրար դեմ» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքն ու հարցազրույցները գլխավոր դերասանների հետ




Շաբաթներ շարունակ «Շանթ» հեռուստաընկերության եթերում է «Իրար դեմ» հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսները՝ Հրանտ Հովսեփյանը, Մերի Քոչարյանը, Դալիթան, Բորիս Մելքոնյանը, Լոնը և Տիրուկ Հակոբյանը, հասցրել են գրավել շատ հեռուստադիտողների սրտեր և դառնալ հազարավոր «էդիթների» գլխավոր հերոսներ: Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներից մեկին և ներկայացնում է բեքսթեյջ լուսանկարները և դերասանների հետ հարցազրույցները:



Հեռուստանախագծի սցենարիստն Անի Մաղաքյանն է, իսկ ռեժիսորը՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, որը պատմել է նախագծի նկարահանման վայրերի և բարդությունների մասին:
«Շատ հետաքրքիր նախագիծ ենք սկսել, որտեղ ունենք տարբեր լոկացիաներ, որոնք հետաքրքրացնում են ընթացքը, կերպարներ, որոնք վերցված են իրական կյանքից: Հետաքրքիր տեսարաններ ունենք, որոնք նկարահանելը բարդ էր, բայց դերասանները պատվով են դուրս գալիս ամեն առաջադրանքի տակից, կարողացել ենք նկարահանել տարբեր կռվի տեսարաններ, զույգերից տարբեր երկխոսություններ, բարդ նկարահանում էր նաև, երբ հանրակացարանում հրդեհ էր և տարածքում պետք է շատ դերասաններ լինեին, բայց առջևում ևս շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում»,- մանրամասնեց Ռաֆայել Հովհաննիսյանը:

Նոր հեռուստատեսային զույգը՝ Կամիլան և Սոսը

«Հատուկ դասարան» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասաններ Հրանտ Հովսեփյանը և Մերի Քոչարյանը «Իրար դեմ» հեռուստասերիալում մարմնավորում են սիրահար զույգի, որոնք դեռևս չեն գտել հաշտության եզրեր:
Մինչ Մերի Քոչարյանը պատրաստվում էր նկարահանման և հարցազրույցի, հենց հեռուստասերիալի հանգստի սենյակում խոսել ենք Հրանտ Հովսեփյանի հետ, որը պատմել է նոր դերի և Մերի Քոչարյանի հետ հեռուստատեսային զույգի մասին: Հրանտը նշում է, որ նկարահանումները սկսվում են վաղ առավոտյան և հենց նկարահանման հրապարակում են պատրաստվում տեսարաններին:
«Գիշերն ուշ ենք ավարտում նկարահանումները և առավոտյան ենք անցնում սցենարի վրայով, կրկնում տեքստերը, փորձում տեսարանները: Մինչև նկարահանումները ուսումնասիրել եմ կերպարը, որը պետք է մարմնավորեմ, և հասկացել, որ Սոսի համար կյանքը խաղ է»,- ասաց դերասանը և հավելեց, որ Սոսի կերպարը հասցրել է սիրել:



«Սոսի գույները շատ են, հետաքրքիր դրվագներ, երկխոսություններ, տեսարաններ կան. ես կարողանում եմ աշխատել», - նշեց դերասանը:
Նա հավելեց, որ ըստ արձագանքների կարելի է ենթադրել, որ Մերի Քոչարյանի հետ հեռուստատեսային զույգը հասցրել է սիրվել:
«Մերիի հետ աշխատել ենք «Հատուկ դասարան» հեռուստասերիալում, բայց մեր տեսարանները, երկխոսությունները շատ քիչ էին, իսկ այստեղ գրեթե բոլոր տեսարաններում մենք միասին ենք և դատելով հեռուստադիտողների, օգտատերերի արձագանքից՝ կարծում եմ, որ մարմնավորած կերպարները, տեսարանները և երկխոսությունները սիրվել են»,- նշեց դերասանը:



Այս հեռուստասերիալում Մերի Քոչարյանը մարմնավորում է Կամիլային, որը հանրակացարան է եկել հատուկ առաքելությամբ և աշխատում է որպես լրագրող: Դերասանուհին այս կերպարի համար դիմել է արտաքին փոփոխությունների և այլ կերպ ներկայացել հեռուստադիտողներին:
«Արտաքին փոփոխություններն արվել են հստակ այս դերի համար, բայց սկզբում միտք կար, որ Կամիլան լիներ սևահեր, բայց հասկացա, որ դա շատ ռիսկային է և որոշեցինք այսքանով սահմանափակվել՝ թարմացնելով նաև զգեստապահարանս»,- ասաց Մերի Քոչարյանը և հավելեց, որ հետաքրքիր է մարմնավորել լրագրողուհու:



«Ես հասկացա, որ շատ բարդ մասնագիտություն է, շատ պատասխանատու և իր նրբություններով, որոնցից մեկը ճիշտ միջավայրի ստեղծումն է, որի շնորհիվ կկարողանաս ստանալ քեզ հուզող հարցերի պատասխանները»:
Դերասանուհին նաև նշեց, որ նկարահանված տեսարանները, զարգացումներն իրեն հոգեհարազատ են: Դերասանները նաև խոսեցին մինչ այս նկարահանած բարդ տեսարանի մասին:
«Իրականում այս նախագծում ունենք բարդ տեսարաններ, բայց այս փուլում կառանձնացնեմ այն տեսարանը, որտեղ սենյակն այրվել էր և պետք էր դուրս բերել Կամիլային, իսկ իրականում այդ ամենը նկարահանելը, ճիշտ դիրքով կանգնելը, շարժվելը բավական բարդ էր, բայց մեզ մոտ ստացվեց»,- պատմեց Հրանտը, իսկ Մերին հավելեց, որ ծխահարված սենյակում բարդ էր աշխատելը. «Իսկապես հաճախ են լինում տեսարաններ, որտեղ կան բարդություններ, բայց պատվով հաղթահարել ենք»:



Մուննաթ Էդոն և ապագա դերասանուհի Լիլիթը

Այս նախագծում նաև գլխավոր հերոսների դերում են «Հատուկ դասարան»-ից դերասաններ Բորիս Մելքոնյանը և Դալիթան, որոնք ևս մարմնավորում են սիրահար զույգի:
Դալիթան այս նախագծում մարմնավորում է Լիլիթին՝ երազկոտ և ամբիցիոզ աղջկա, որը մարզից փախել, եկել է Երևան՝ դերասանուհի դառնալու երազանքով:
«Այս նախագծում հետաքրքիր լուծումներ ենք տվել կերպարին, քանի որ Լիլիթի զգեստապահարանի վրա մանրակրկիտ աշխատում ենք՝ ստանալով շատ վառ կերպարներ, որոնք, հենց ըստ հերոսուհու, շատ ոճային են, և նա իրեն շատ ինքնավստահ է զգում այդ ոճում, բայց իրականում ընտրված հագուստը չի համապատասխանում իրար և դա հետաքրքրացնում և գույն է տալիս կերպարին»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ նրա և Բորիսի հեռուստատեսային զույգը հասցրել է սիրվել:

«Ռեժիսորի և սցենարիստի հետ աշխատանքի ընթացքում հասկացանք, որ կերպարների սիրո լեզուն հայացքն է, որը հեռուստադիտողը միանգամից ֆիքսեց և մեզ շատ է ուրախացնում, որ այդ հայացքների հատվածներով օգտատերերը «էդիթներ են» պատրաստում», - նշեց նա:



Բորիս Մելքոնյանը՝ խոսելով իր և Դալիթայի հեռուստատեսային զույգի մասին նշեց, որ երկխոսությունները և տեսարանները հետաքրքիր են, իսկ իր սիրելի տեսարանը նկարահանվել է տանիքում:
«Կառանձնացնեմ այն տեսարանը, երբ հեռուստասերիալում մտերիմ ընկերս կորել էր, իսկ ես բարձրացել էի տանիք և տեսարան ունեինք Դալիթայի հետ, որն իր երկխոսությամբ, խորությամբ ինձ շատ է դուր եկել, քանի որ հենց այստեղ էլ երևում է՝ ինչպես է հնարավոր կարճ ժամանակահատվածում գտնել մարդկանց, որոնք կլինեն քո կողքին»,- ասաց Բորիս Մելքոնյանը և հավելեց, որ փորձում է այս նոր կերպարին այլ գույներ տալ:

«Իրականում նախորդ կերպարի հետ կան նմանություններ և ամենաառանցքային գիծը դա մուննաթն է, քանի որ «Հատուկ դասարան»-ում և այս նախագծում կերպարները մուննաթ են, բայց գնալով փորձում ենք այլ գույներ տալ և օգնում է երաժիշտ մարմնավորելու հանգամանքը», - նշեց նա:



Առեղծվածային բժշկուհի Էսթերը և ընկերասեր երաժիշտ Արեգը

Այս նախագծում գլխավոր հերոսուհու կերպարում է նաև դերասանուհի Տիրուկ Հակոբյանը, որը նախկինում մարմնավորել է տարբեր կերպարներ: Դերասանուհին այս նախագծում մարմնավորում է ուսանողուհու՝ թեպետ իրական կյանքում վաղուց ավարտել է համալսարանը և ունի 1 տարեկան դուստր:
«Իրականում տարիքային առումով ես ինձ չեմ զգում մեծահասակ և չեմ զգում կտրուկ տարիքային տարբերություն իմ և այլ դերասանների միջև: Շատ զգայուն աղջկա եմ մարմնավորում և Էսթերի մասնակցությամբ հուզական տեսարանները շատ են, իսկ ինձ հոգեհարազատ է այս ձևաչափը, թիմի հետ էլ հասցրել ենք ընկերանալ»,- ասաց Տիրուկ Հակոբյանը և հավելեց, որ փորձում է նաև առաջնեկին երբեմն բերել նկարահանման հրապարակ:



«Դանիելլան գալիս է մեր հավաքույթներին, թիմի անդամները հասցրել են սիրել նրան, ինքն էլ՝ խաղընկերներիս», - մանրամասնեց դերասանուհին:
Ընկերասեր և ռոմանտիկ հերոսի կերպարում է դերասան Լոնը, որը նշում է՝ հետաքրքիր է այս թիմի հետ աշխատանքը:
«Հետաքրքիր կերպար եմ մարմնավորում, որը միշտ հանգստություն, հանդարտություն է բերում ցանկացած միջավայր, և Արեգի կերպարը միտված է ցույց տալու՝ ինչքան կարևոր է ընկերությունը, ինչքան կարևոր է կառուցածն ամուր պահելը: Շատ դրական արձագանքներ եմ ստացել կերպարի մասին. և՛ իմ, և՛ Էսթերի տեսարանները ևս հասցրել են սիրվել»,- ասաց դերասանը և խոսեց նաև իր սիրելի տեսարանի մասին:

«Որպես դերասան, որտեղ ես ցույց եմ տվել իմ կերպարը, մոտեցումները շատ եմ հավանել դրվագները, որտեղ ինձ առևագել էին և խոսում էի տուն վերադառնալու ցանկության մասին, իրականում կարող եմ այս փուլում դա առանձնացնել որպես սիրելի տեսարան», - եզրափակեց դերասանը: