Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից. Հ1-ի տնօրեն

Դիզայներ Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Դա որոշ ժամանակ առաջ է տեղի ունեցել, մնացած հարցերը պետք է ուղղել նրան»,- նշել է Մովսիսյանը։
Արամ Նիկոլյանը Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավարն է եղել։ Դիզայներն այդ տեղեկությունը որեւէ կերպ չի մեկնաբանել:
Արամ Նիկոլյանն ապրիլի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը՝ հայտնելով իր բողոքը:
««Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը չի հարում որեւէ քաղաքական ուժի, ունի սեփական կարծիքն ու տեսլականն այս ամեն ինչի վերաբերյալ: Իմ ցանկությունն է եղել անել այնպես, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, եւ ամենակարեւորը, որ երբեք չմտածեն՝ հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների»,- ասել էր դիզայները:
Ադրբեջանի անունը հայտնելուց հետո դիզայները շքերթին մասնակցող մոդելի ձեռքից վերցրել է դրոշը, այրել այն ու հեռացրել: Անվտանգության աշխատակիցները Նիկոլյանին դուրս էին տարել դահլիճից:
Այդ միջադեպից հետո որոշ թերթեր գրել էին, որ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերություն: