Դերասանուհիներ Ելենա Բորիսենկոն, Իրինա Դանիելյանը, Լիլի Վարդանը եւ Մարիամ Դավթյանը «Սեքսը մեծ քաղաքում» հայտնի սերիալի հերոսուհիների դերում են։ Բորիսենկոն ինստագրամյան էջում կիսվել է հումորային հոլովակով ու մակագրել՝ «Սեքս չի լինի, քաղաքը փոքր է»։
Տեսաշարի մտահաղացման հեղինակը դիզայներ Մերի Գրիգորյանն է, որը նաեւ Vogue-ի հատուկ՝ «Թատրոնի վերածնունդը նորաձեւության մեջ» նախագծի հեղինակն էր, որի շրջանակում հայտնի ամսագրի էջում ներկայացրել էր դերասանուհի Իրինա Դանիելյանին։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հայկական հումորային ադապտացիային, Մերին նշեց, որ գաղափարը ծնվել է Vogue-ում Իրինա Դանիելյանի պորտֆոլիայի համար։ Դերասանուհին հայտնի ամսագրում լուսանկարվելուց հետո գրանցված է, որպես մոդել, եւ, պարբերաբար, համագործակցում է ամսագրի հետ․ «Մենք ամեն ամիս էջը պետք է թարմացնենք նորությամբ։ Իրինան ինքը ցանկություն հայտնեց որեւիցե բան նկարահանել իր ընկերուհիների հետ։ Հենց այստեղից էլ ինձ մոտ ծնվեց «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի գաղափարը, եւ կարծում եմ, որ ընտրված դերասանուհիներն, իսկապես, շատ համապատասխան են այդ կերպարներում»։