HAUSER-ը կիսվեց հայաստանյան այցով ու ծրագրերով

Խորվաթ հայտնի երաժիշտ HAUSER-ը Երեւանում է, ոգեւորված իր առաջին այցի ու առաջիկա համերգի համար: Երաժիշտը «Զվարթնոց» օդանավակայան ժամանել է լուսադեմին, իսկ ծննդյան 37-ամյակը նշել հենց օդանավում:
«Ծնունդս նշել եմ Հայաստանի ճանապարհին՝ տորթով ու շամպայնով»,-ժպիտով պատմեց խորվաթ արտիստը՝ խոստանալով, որ երկրպագուներին վաղը՝ հունիսի 17-ին սպասվող համերգին բազում հետաքրքիր ու անմոռանալի պահեր են սպասվում:

HAUSER-ը հայ երաժիշտներից շատերին ծանոթ չէ առայժմ, բայց նշեց, որ հավանում է Արամ Խաչատրյանին, հատկապես, նրա Ջութակի կոնցերտը:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է պատրաստվում անցկացնել իր ժամանակը Հայաստանում: «Կցանկանայի ծանոթանալ ձեր ազգային խոհանոցին: Ի՞նչ խորհուրդ կտայիք ուտել եւ խմել այստեղ»,-հետաքրքրվեց արտիստը, որին ի պատասխան՝ նշեցինք տոլման, խորավածը եւ, իհարկե, հայկական գինին: «Անպայման կփորձեմ գինի, բայց՝ ոչ համերգից առաջ»,-կատակեց նա:
HAUSER-ը մի շարք համաշխարհային մրցույթների դափնեկիր է, նա հանդես է եկել այնպիսի արտիստների ու խմբերի հետ, ինչպիսիք են՝ Էլթոն Ջոնը, Անդրեա Բոչելին, U2-ն, Red Hot Chili Peppers-ը, Ջորջ Մայքլը, Aerosmith խմբի հայտնի մեներգիչ Սթիվեն Թայլերը եւ մի շարք այլ անուններ։ Հարցին՝ որն է իր հաջողության գաղտնիքը, HAUSER-ը պատասխանեց.
«Հաջողության գաղտնիքը ինքդ քեզ հավատարիմ լինելն է, իրական լինելը, չկեղծելը: Կարեւոր է նաեւ ձախողումից հետո երբեք չհանձնվելը»:

Հիշեցնենք, որ արտիստը Հայաստանում է ՀԱՅԱ փառատոնի հրավերով։ Նրա երեւանյան համերգը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Գլխավոր լուսանկարը՝ vnews.am-ի