Նեյմարը հրապարակային ներողություն է խնդրել իր հղի ընկերուհուն դավաճանելու համար




Այս ապրիլին հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն ու Բրունա Բյանկարդին փոքրիկի են սպասում: Իսկ արդեն մի քանի օր է` լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ֆուտբոլիստի դավաճանության թեման է:

Նախօրեին բրազիլացի բլոգեր Ֆերնանդա Կամպոսը պատմել է, որ Նեյմարի հետ սկսել են շփվել Կատարում անցկացվող Աշխարհի առաջնության ժամանակ: Այդ ընթացքում Նեյմարն իր հարաբերությունները Բրունայի հետ մեկնաբանել է որպես «տատանվող»:

Կամպոսի խոսքով՝ ինքն ու Նեյմարը Սան Պաուլոում հունիսի 12-ին նշել են բրազիլական Սուրբ Վալենտինը, ապա ֆուտբոլիստը նրան իր բնակարան է հրավիրել: Կամպոսը նաեւ ներկայացրել է իրենց խոսակցությունների սքրինշոթերը:

Բլոգերը հավաստիացնում է, որ տեղյակ չի եղել Նեյմարի ու Բրունայի սիրավեպի մասին, քանի որ նորություններին չի հետեւում: Ամեն ինչի մասին իմացել է ֆուտբոլիստի Ինստագրամից, երբ վերջինս լուսանկարներ է հրապարակել հղի ընկերուհու հետ:



«Տգեղ է, որ իր անձնական կյանքի այդ մասը չէր պատմել»,- ասել է Կամպոսն ու տեղեկացրել, որ էլ չի պատրաստվում հանդիպել Նեյմարի հետ:

Նեյմարն ու Բրունան սկսել են հանդիպել նախորդ տարի, բայց ֆուտբոլիստի դավաճանությունների պատճառով բաժանվել էին, սակայն 2023-ի հունվարից նորից միացել:

Ֆուտբոլիստը որոշել է Ինստագրամում հրապարակային ներողություն խնդրել դավաճանության համար:



«Բրու, այն, ինչ արել եմ, արդարացում չունի, բայց դու ինձ պետք ես: Սխալ եմ թույլ տվել, անարդար եմ եղել քո հանդեպ: Կհամարձակվեմ ասել, որ ամեն օր եմ սխալվում՝ խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս: Բայց անձնական կյանքում թույլ տված սխալներս տանն եմ ուղղում՝ ընտանիքիս ու ընկերներիս ներկայությամբ:

Այս ամենը խիստ ցավեցրել է այն կնոջը, որի հետ ցանկացել եմ անցնել կյանքս՝ երեխայիս մորը: Այս իրավիճակն ազդել է նաեւ ընտանիքիդ վրա, որն արդեն իմն էլ է:

Բրու, արդեն ներողություն եմ խնդրել սխալներիս համար, բայց զգում եմ, որ պետք է նաեւ հրապարակային անեմ, քանի որ անձնականը դարձել է հանրային: Չգիտեմ՝ կստացվի՞ մեզ մոտ, բայց հիմա հաստատ ուզում եմ նորից փորձել: Մեր սերը երեխայի հանդեպ կհաղթի, իսկ իրար նկատմամբ զգացածը կամրապնդի մեզ: Սիրում եմ քեզ», - գրել է ֆուտբոլիստը: