Երեւանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Հետ նայելով ապագային՝ հենց այս խորագրի ներքո այսօր՝ հուլիսի 9-ին, Երեւանում 20-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Միջոցառման կարմիր գորգի արարողությունը, որին մասնակցեցին ինչպես հայ, այնպես էլ միջազգային կինոյի նշանավոր ներկայացուցիչներ, անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերից են ճապոնացի հանրահայտ ռեժիսոր Տակեշի Կիտանոն, Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ինչպես նաեւ Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան։

Հատուկ հյուրերից են նաեւ Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցեւոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։
«Ոսկե ծիրան 2023» կինոփառատոնը բացվեց ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադեւոսյանը։

Մինչ ֆիլմի ցուցադրությունը կայացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնման արարողությունը, որն այս տարի տրվեց հատուկ հյուրերին՝ Դարդեն եղբայրներին եւ Տակեշի Կիտանոյին:
Փառատոնը կտեւի մինչեւ հուլիսի 16-ը՝ ներառյալ: Այդ օրը կկայանա փակման հանդիսավոր արարողությունն ու կբացահայտվեն այս տարվա հաղթողների անունները:









