Հայկ Դարբինյանն ընկերների կողմից արված անակնկալի և հեռուստասերիալային դադարի մասին

Երիտասարդ դերասան Հայկ Դարբինյանը լսարանին հայտնի դարձավ «Հատուկ դասարան» հեռուստասերիալով, որտեղ մարմնավորում էր հեռուստասերիալի գլխավոր բացասական հերոսին: Այս շրջանում դերասանի մոտ հեռուստատեսային դադար է, իսկ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է այս շրջանի այլ զբաղվածության, ընկերների կողմից արված նվերի և տարեդարձի մասին:
«Հատուկ դասարան» հեռուստասերիալի դերասանական անձնակազմն այս ամիսների ընթացքում ձևավորել է ավանդույթ և ընկերներն առաջինն են շնորհավորում միմյանց տարեդարձն, իսկ Հայկի ծնունդը բացառություն չէր:
«Լուսավոր ավանդույթ է, որը ձևավորել ենք և կարծում եմ, որ երկար ժամանակ կլինի մեզ հետ, քանի որ ցանկացածիս ծնունդը լավ առիթ է իրար տեսնելու, զրուցելու և լավ ժամանակ անցկացնելու համար, քանի որ հաճախ ենք նման բաներ անում ինձ համար ընկերներիս անակնկալն անսպասելի չէր»,- նշեց Հայկ Դարբինյանը:

Երիտասարդ դերասանի ընկերներն անակնկալ կերպով նրան տարեդարձի կապակցությամբ Ալֆրեդ անունով շուն են նվիրել, իսկ Հայկը մեզ հետ զրույցում պատմել է իր հույզերի մասին:
«Երբ ստացա նամակ, որտեղ ընկերներս շարադրել և պատմում էին անակնկալի մասին, բայց ողջ ընթացքում չէի ուզում հավատալ, որ նրանք շուն են նվիրելու: Հասնելով վերջին տողերին և հասկանալով, որ դռների հետևում ինձ Ալֆրեդն է սպասում չէի կարողանում զսպել հույզերս: Ուրախ եմ, որ նման նվեր ստացա նրանցից և ամենայն հոգատարությամբ եմ վերաբերվում շանս, որն ունի իր ծիծաղելի արտաքինին ոչ համապատասխան ազնվական անուն»,- հավելեց դերասանը:

Այս շրջանում Հայկ Դարբինյանը չի նկարահանվում, չնայած նշում է, որ ունեցել է առաջարկներ:
«Բարդ է մոտ մեկ տարի մարմնավորել բացասական կերպար և որոշակի ժամանակ անց նոր դեր ստանալ, քանի որ կերպարը դառնում է քո առօրյայի բաղկացուցիչ մասը: Ստիպված էի մերժել այդ շրջանի առաջարկներն ու այժմ հիմնական գործունեությունը ծավալելու եմ թատրոնում և մեր նորաստեղծ «Մասուր» project-ում: Ուզում եմ նաև նշել՝ ես երգիչ չեմ, դա ինձ համար հաճելի զբաղմունք է, ես սիրում եմ երգել և երաժշտությունն ինքնադրսևորման հարթակ է: Թատերականում սովորելու ժամանակ դեռևս մենք զբաղվել ենք երգով և այդ հմտություններն ինձ պետք են գալիս այժմ»,- եզրափակեց Հայկ Դարբինյանը: