Գարիկ Պապոյանը դիմել է միջազգային հանրությանը

Հումորիստ Գարիկ Պապոյանը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է ԼՂ 7-ամսյա շրջափակմանը՝ հրապարակելով տեսանյութ և դրա միջոցով դիմելով միջազգային հանրությանը:
«Բարև միջազգային կազմակերպություններ,
Դուք երևի հոգնել եք, երբ ձեզ ինստագրամյան սթորիներում նշում են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը: Ներողություն ենք խնդրում, որ ձեզ անհանգստացնում ենք և պահանջում անել բաներ, ինչի համար դուք ստեղծվել եք: Ես հասկանում եմ, որ դուք հոգնել եք նույն խնդրի մասին անվերջ ու անընդհատ լսել, բայց դրանից խնդիրը չի փոքրանում, և այս մարդկանց տառապանքները չեն պակասում:
Ես հորդորում եմ միջազգային կազմակերպություններին պատասխանատվություն վերցնել իրենց վրա մեր քույրերի ու եղբայրների կողմից Երևանում հավաքագրված սնունդն ու առաջին անհրաժեշտության իրերը Արցախ հասցնելու համար:
Դուք չե՛ք կարող պարզապես կողքից նայել, երբ Ադրբեջանը ոտնահարում է մարդու իրավունքների յուրաքանչյուր հիմնարար սկզբունք, որոնք, ձեր պնդմամբ, դուք պաշտպանում եք:
Հիշե՛ք՝ Արցախին գոյություն ունենալու իրավունք տալով՝ դուք կապացուցեք նաև ձեր գոյություն ունենալու իմաստը»,- ասված է Գարիկ Պապոյանի տարածած ուղերձում: