30 հազար երեխա օգնություն է խնդրում. Ռոզա Լինը ուղերձ է հղել միջազգային հանրությանը




«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ, երգչուհի Ռոզա Լինը «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում ԼՂ-ի շրջափակման մասին գրառում է կատարել՝ շարունակելով հայտնիների ուղերձների շարքը:

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար ճգնաժամ է ծավալվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող փրկօղակն է։

30.000 երեխա, 20.000 ծեր, 9000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնություն են խնդրում, բայց աշխարհը լռում է։ Սովից մահացող մարդկանց սրտաճմլիկ իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և քաղաքակիրթ աշխարհին բացե՛լ միջանցքը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ կոչով էին հանդես եկել նաև համացանցում մեծ լսարան ունեցող աստղերից շատերը, այդ թվում՝ Արամ MP3-ը, Գարիկ Պապոյանը, Իվետա Մուկուչյանը, Արմենչիկն ու Արման Հովհաննիսյանը։