Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2 ամսով կալանավորվեց

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2 ամսով կալանավորվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը` Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Արմեն Սմբատյանը ձերբակալվել են` պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու կասկածանքով։ Գործով անցնում է նաև գործարար Ա.Պ.–ն։
Դատախազությունից հայտնեցին նաև, որ հետախուզվող գործարար Ա.Պ.–ն հայտնաբերվել և ձերբակալվել է։ Միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու համար։
Ինչ վերաբերում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հորը` նախկին դեսպան Արմեն Սմբատյանին, նրա խափանման միջոցի հարցով դատարանի որոշումը սպասվում է ժամեր անց։
Հիշեցնենք, որ Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։