Վրույր Թադեւոսյանի «Ասք կապույտ երկնքի» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում

Արցախյան 44-օրյա պատերազմը՝ արցախցի փոքրիկների աչքերով, պատերազմի ու խաղաղության մասին նրանց պատկերացումները, գյուղական կենցաղն ու առօրյան․ Երեւանում հուլիսի 28-ին տեղի ունեցավ լրագրող, փաստավավերագրող Վրույր Թադեւոսյանի «Ասք կապույտ երկնքի» (The Tales of The Blue Sky) փաստագրական ֆիլմի պրեմիերան։
Վավերագրության առաջին ցուցադրությունը կայացել էր Լոս Անջելեսոում՝ դեկտեմբերի 19-ին։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2022 թվականի հունիսին՝ Արցախի 4 սահմանամերձ գյուղերում. Մյուրիշեն, Ավդուռ, Կարմիր Շուկա, Թաղավարդ։ Հերոսներից յուրաքանչյուրի ընտանիքում պատերազմի անմիջական ազդեցությունը կա, երեխաները մանկական պարզ մտքով պատմում են այդ օրերի իրենց ապրածն ու տեսածը՝ թշնամու մարտական հենակետերից մի քանի մետր
հեռավորության վրա։

Վրույր Թադեւոսյանն ինքն էլ պատերազմի ազդեցությունն անմիջապես կրել է 90-ական թվականներին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում է ծնվել, ու կյանքի առաջին տարիներն անցկացրել ստորգետնյա ապաստարաններում։ Լրագրողն ասում է՝ այսօր արդեն իր առաքելությունն է դարձել հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելով ցույց տալ, թե որքան ծանր ու անդառնալի հետեւանքներ է բերում պատերազմը երախաների համար։ Ֆիլմի նկարահանումներն իրականացնելու գործում Վրույրին աջակցել են նաեւ արցախցի երգիչ Անդրեն եւ նրա քույրը՝ պրոդյուսեր Անուշ Հովնանյանը։

«Ասք կապույտ երկնքի» ֆիլմը մի մեծ ճամփորդություն է մանուկների աշխարհ, որտեղ գերակշռում է աշխարհն ընկալելու պատկերային կողմը»։

Հանդիսատեսը ֆիլմի ամբողջ ընթացքում ապրում է երեխաների հետ, խաղում, ծիծաղում ու արտասվում։ Վրույրը հիշում է՝ երբ ֆիլմի առաջին դիտումն ավարտվել էր, մի քանի րոպե դահլիճում ծանր լռություն էր տիրում, խոսքեր չկային։ Ըստ նրա՝ հանդիսատեսը պատրաստ չէր այդքան մեծ էմոցիաներ ստանալուն․
«Սա սովորական՝ անցողիկ նախագիծ չէ, սա մնայուն պատմություն է, որի միջով սերունդներ են անցնում։ Արցախի մանուկները հիմա մեր աջակցության կարիքն ունեն։ Նրանք են խոսում էկրանից՝ իրենց ցավը թաքցնելով խաղերի ու գյուղական առօրյա հոգսերի մեջ։ Հերոսներիցս մեկն ասում է՝ «… դե մենք մի քիչ շուտ մեծացանք, առանձնապես երազանք չունեմ…» սա այն ողբերգությունն է, որը հենց հիմա պատահել է մեզ հետ։ Ի՞նչ անենք։ Ձեռքներս ծալած նստե՞նք»։

Ֆիլմի պրեմիերային ոլորտի մասնագետներից բացի ներկա էին նաեւ Արցախյան բոլոր պատերազմների վետերաններ, սահմանամերձ շրջանների բնակիչներ։ «Թույլ տվեք հատուկ շեշտեմ իմ հարազատ՝ Տավուշի մարզի մեր հայրենակիցներին, Բերդի համայնքային հիմնարկի եւ տարածաշրջանի բնակավայրերի մշակույթի տների պատասխանատուներին, Չորաթան գյուղի բնակիչներին, ովքեր հարյուրավոր կիլոմետրեր կտրելով եկել-հասել են մայրաքաղաք՝ միջոցառմանը մասնակցելու համար»։
Ֆիլմի երեւանյան ցուցադրությանը ներկա էր նաեւ Արման Թաթոյանը, որը բեմից հանդես եկավ ուղերձով․
«Նմանատիպ ֆիմերն ունեն անչափ կարեւորություն։ Դրանք մի կողմից, թվում է, ցավ են պատճառում, մյուս կողմից հնարավորություն են տալիս հասկանալու իրականում տեղի ունեցածը, նաեւ հնարավորություն են տալիս տեսնել աշխարհն այլ աչքերով։ Իմ խորին համոզմամբ՝ պատերազմը հիմա էլ չի ավարտվել․ ճիշտ է՝ ակտիվ կրակոցներ չկան, բայց պատերազմը չի ավարտվել։ Իրականում խոսքը շատ ավելի խորքային խնդրի մասին է՝ այստեղ մեր արժեքների, մեր ինքնության հարցն է։ Կամքի ուժի, չհանձնվելու ու պայքարի հարցն է։ Իմ կարծիքով՝ մենք ոչ թե պետք է թույլ տանք, որ այս հիշողությունները մեզ ցավ պատճառեն, այլ այս ֆիլմերն առաջնահերթ մեզ են պետք, որ ուժ գտնենք առաջ գնալու համար՝ էլ ավելի մեծ պայքարով»,-իր խոսքում նշեց նա։





