Հնարավորություն կունենամ ներդրում ունենալ մշակութային կյանքի զարգացմանը. Դերասանուհի Տաթև Հովակիմյանը ՔՊ ավագանու թեկնածու է

Հիշեցնենք, որ երեկվա նիստում ներկայացվել է Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը, քննարկվել՝ ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի հարցեր։
«Հայկական ժամանակ»-ի՝ դերասանուհուն ուղղված հարցին, թե իր՝ այդ նիստին մասնակցելը խոսո՞ւմ է ՔՊ-ի ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, Տաթև Հովակիմյանը դրական պատասխան տվեց, նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրից» ստացել է ավագանու ցուցակում ընդգրկվելու առաջարկ և համաձայնել:
«Գտնում եմ՝ այդ կերպ հնարավորություն կունենամ իմ ներդրումը ունենալ քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը, քանի որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ կան բազմաթիվ մշակութային կազմակերպություններ: Առաջանահերթությունների մասով կխոսեմ առաջիկայում, բայց դրանք հիմնականում կապված են նաև քաղաքի թատերական ոլորտում առկա խնդիրները լուծելու հետ»,- նշեց դերասանուհին:
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտ մտնելուն, Տաթև Հովակիմյանն ասաց, որ այդ ձևակերպումը մի փոքր չափազանցված է համարում. «Ես իմ մասնագիտական կարողությունները ներդնելու համար եմ ներգրավվում թիմում, իսկ քաղաքական է այնքանով, որքանով դա օրենքով է սահմանված»: