Լրահոս

«Փյունիկ»-ի ֆուտբոլիստներին Նորվեգիայից տեղափոխող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյում




«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիկներին ու Նորվեգիա մեկնած պատվիրակությանը Բուդյոյից Երևան տեղափոխող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի օդանավակայանում։

Այս մասին հայտնել է «Փյունիկի» մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ պատճառը օդանավի շարժիչի խափանումն է եղել։

«Փյունիկ»-ի անձնակազմը վերադառնում էր Նորվեգիայից, որտեղ անցկացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի հանդիպումը «Բուդյո-Գլիմտի» հետ։

Տեղի ունեցած դեպքի առթիվ հետաձգվում է նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի օգոստոսի 14-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը։

«Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո մեր ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում, ու, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հետաձգել խաղը, որը բավարարվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։