Դերասան Արմեն Նահապետյանը ներառվել է Variety’s 2023 Young Hollywood Impact զեկույցում




Դերասան Արմեն Նահապետյանը ներառվել է Variety’s 2023 Young Hollywood Impact զեկույցում, որում ներկայացված են մինչեւ 25 տարեկան դերասաններ, երաժիշտներ եւ կոնտենտ ստեղծողներ, ովքեր տեւական ազդեցություն են թողնում Հոլիվուդի վրա: Ցանկում են նաեւ Լիլի Ռոուզ-Դեպը, Ice Spice-ը եւ Ջեննա Օրտեգան։

Արմեն Նահապետյանը հանդես է եկել Արի Ասթերի («BEAU IS AFRAID» ֆիլմում որպես Խոակին Ֆենիքսի կերպարի երիտասարդ տարբերակ։

Armenian Film Society -ին տված հարցազրույցում Արմեն Նահապետյանը պատմել է իր հայկական ծագման, կինոարտադրության մեջ իր հայտնության մասին՝ որպես հայ դերասան, եւ թե ինչպիսին է եղել լինել Խոակին Ֆենիքսի տեղում։

Արմեն Նահապետյանի հայրն ու պապը իրանահայ են։ «Պապս հոգացել է պահպանել հայոց կրոնը, լեզուն, մշակույթն ու պատմությունը եւ դրանք փոխանցել հորս։ Փաստորեն, թեեւ հայրս Իրանում է ծնվել ու ապրել, բայց հայերեն է խոսում»,- ասում է դերասանը։

Իրանական հեղափոխությունից հետո ընտանիքը բնակություն հաստատեց Կալիֆոռնիայի Գլենդել շրջանում գտնվող Սան Ֆերնանդո հովտում: Արմենի խոսքով՝ հոր համար կարեւոր էր ընտանիքի հետ լինելը, քանի որ նրանց համար առաջնային էր հայ մշակույթի պահպանումը։ Սա ձեւավորեց նրա ըմբռնումն իր անցյալի մասին: Երիտասարդ դերասանն իր հանգիստն անցկացրել է տատիկի ու պապիկի տանը եւ ասում է, որ դրա շնորհիվ ավելի մտերիմ է հայկական մշակույթի հետ. «Ես հայերեն չեմ խոսում, բայց շատ եմ սիրում սովորույթները, ավանդույթները, ուտելիքները»։

Խոսելով ֆիլմի մասին՝ Արմենը նշում է, որ ստեղծողները փնտրում էին Խոակին Ֆենիքսի երիտասարդ կրկնորդին։ «Հիշում եմ, որ երկու բան էի մտածում. այս դերը խենթություն է, բայց ես սիրում եմ այն, եւ երկրորդ՝ ես նման չեմ Խոակինին»: Սակայն երիտասարդ դերասանն անմիջապես մտել է Բոյի կերպարի հետ։ «Ես գիտեի, որ սա եզակի բան է, որի մի մասն էի ուզում լինել, ես 14 տարեկան էի, դա COVID-ի շրջանն էր, ես գերմոֆոբ էի եւ շատ անձնական վախերի ու անապահովությունների հետ էի առնչվում: Ես Բոն էի: «Երբ ես նայեցի լուսանկարին, որում կողք կողքի կանգնած էինք ես եւ Խոակինը, հասկացա, թե որքան նման ենք»:

 
 Արի Ասթերը հայտնի է իր սարսափ ֆիլմերով, ինչպիսիք են «Ժառանգությունը» եւ «Արեւադարձը»: «Ես եւ Արին մի քանի առցանց հանդիպումներ ունեցանք նախքան նկարահանման հրապարակում միասին աշխատելը, [եւ] մինչ ես հասա նկարահանման հրապարակ, ես արդեն ինձ շատ հարմարավետ էի զգում Արիի հետ»: Երիտասարդ դերասանը աշխատել է ռեժիսորի կողքին, որին Մարտին Սկորսեզեն անվանել է «համաշխարհային կինոյի ամենաակնառու նոր ձայներից մեկը»։

«Վստահ եմ, որ շատերը կարծում են, որ ես դիտել եմ, թե ինչպես է Խոակինը մարմնավորում Բոյին եւ պատճենել նրան, բայց ճշմարտությունն այն է, որ մենք յուրաքանչյուրս ունեինք Բոյի մեր սեփական տարբերակները: Ես Բոյում մարմնավորելիս ներդրեցի իմ մեծ մասը եւ իմ իրական անհատականությունը: Ես շատ ամաչկոտ էի այդ ժամանակ եւ շատ նյարդայնանում էի ընդհանրապես ամեն ինչից: Նկարահանումների ժամանակ ես ստիպված էի դիմակայել իմ բազմաթիվ վախերին, այդ թվում՝ աղջկան համբուրելուն»:

Երիտասարդ դերասանը կարողացել է հաղթահարել իրեն բաժին հասած փորձությունը։ «Ես շատ անհանգստացած էի եւ ցանկանում էի, որ Խոակինան հպարտանա ինձնով: Բարեբախտաբար, նա խոսեց ինձ հետ նկարահանման վերջին օրը եւ ասաց, որ Բոյի իմ տարբերակը ոգեշնչել է իրեն: Ես երբեք չեմ մոռանա նրա խոսքերը»։

Արմեն Նահապետյանն այժմ ուշադրության կենտրոնում է, բայց կինոարդյունաբերության բեկումնային ճանապարհը հեշտ չի եղել: Վերջին մի քանի տարիներին, ասում է, իրեն անվանում են «Մերձավոր Արեւելքի երեխա» եւ նույնիսկ «ահաբեկչի որդի»: «Ինձ նույնիսկ ասացին, որ իմ անունը «չափազանց հայկական է»: Կար ժամանակ, երբ մենք լրջորեն մտածում էինք իմ բեմական անունը փոխելու մասին, քանի որ այն կարծես ինքնաբերաբար որակազրկում էր ինձ որոշակի դերերից: Ի վերջո, ես որոշեցի դա չանել, քանի որ ծնողներս ինձ համոզեցին այնքան լավ խաղալ, որ այլ ելք չունեին, քան ինձ հնարավորություն տալը»: Նա հույս ունի, որ դա կոգեշնչի մյուսներին: «Ես ուզում եմ օրինակելի լինել մյուս հայ երեխաների համար, որպեսզի նրանք չզգան, որ պետք է փոխեն իրենց անունը, որպեսզի անեն այն, ինչ սիրում են»։