Սերգեյ Սմբատյանի բնակության վայրում Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվել է տնային կալանքի ապահովումը

Սերգեյ Սմբատյանի բնակության վայրում Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվել է տնային կալանքի ապահովումը;
Նշվում է, որ Ծառայությունն ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի որոշումը:
«Ծառայության Երևանի քաղաքային մարմնի ծառայողները օգոստոսի 25-ի դրությամբ մեկնել են որոշմամբ սահմանված մեղադրյալի բնակության վայր և ներկայումս իրականացնում են տնային կալանքի ապահովման համար օրենքով իրենց վերապահված գործառույթները», - նշված է գերատեսչության հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին եւ գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Մի շարք մշակութային գործիչներ, հայտնի մարզիկներ եւ բժիշկներ միջնորդագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` հորդորելով կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին։ ՀՀ դատախազությունը պատրաստվում է քննարկել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխելու մասին միջնորդագրերը։