Լրահոս

Անահիտ Մխիթարյանը՝ «3 նամակ Բելլայից» հեռուստասերիալի ավարտի մասին




Ամիսներ առաջ Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգը փետրվարի լսարանի դատին հանձնեց նոր հեռուստանախագիծ՝ «Երեք Նամակ Բելլայից», որում ընդգրկված էին Էթերի Ոսկանյանը, Թելման Խաչատրյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Տաթև Սարգսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ալլա Վարդանյանը, Իրինա Այվազյանը, Մագա Հարությունյանը և մի շարք այլ դերասաններ, որոնց հեռուստադիտողը հասցրել է ճանաչել և սիրել տարբեր հեռուստանախագծերից:

Այսօր հեռուստանախագիծը մոտենում է իր ավարտին և սցենարիստ Անահիտ Մխիթարյանն ամփոփել է նախագիծը՝ պատմելով սպասվող ավարտի մասին:



Սցենարիստը նշեց, որ նախագծերի պարագայում ավարտն առավել քան կարևոր է:

«Հեռուստասերիալի ավարտը նույնքան կարևոր է, որքան սկիզբը, հավանաբար ավելի կարևոր, քանի որ սկզբում հեռուստադիտողին ներկայացնում ես անծանոթ պատմություն, իսկ վերջում պետք է նրանց կողմից արդեն սիրված հերոսների ճակատագիրը որոշվի, ինչը բավականին պատասխանատու է: Ուզում եմ համարձակվել ասել՝ չենք հիասթափեցնի», - ասաց Անահիտ Մխիթարյանը:

Անահիտ Մխիթարյանը նաև նշեց, որ նախագծի սկզբում ունեին մտավախություններ գլխավոր հերոսների հետ կապված, քանի զույգը նաև նկարահանվել է «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում:



«Էթերի և Թելման զույգը շատ էր սիրվել, քանի որ նրանց հիշում էին նախորդ նախագծից, և այս հանգամանքը կարող էր խոչընդոտներ ստեղծել նրանց նոր պատմության ընկալման համար, բայց եթեր գնալուց մի քանի օր անց թեթևացած շունչ քաշեցինք, քանի որ նրանց սիրեցին Բելլայի ու Արթուրի դերերում: Այնքան շատ էին սիրում, որ, երբ սյուժեով զույգը բաժանվում կամ վիճում էր, նամակների տեղատարափ էր սկսվում: Նաև նշեմ, որ մեր նախագծերում առաջին դեպքը չի, երբ գլխավոր զույգին զուգահեռ սիրվում էր նաև ուրիշ զույգ: Այս դեպքում չէինք կարող վստահ լինել, որովհետև Ժակլինը ոչ ստանդարտ կնոջ կերպար էր, ու նման դեպքերում միշտ կասկած կա, արդյո՞ք մարդիկ պատրաստ են ընդունելու ստանդարտներին չհամապատասխանող հերոսուհուն, թե՝ ոչ: Ստացվեց այնպես, որ Ժակլինն ու Հարութը կարողացան իրենց պատմությունը գեղեցիկ մատուցել և մարդիկ հավատացին նրանց: Ես ինքս էլ սիրով եմ հետևել այս զույգի խաղին», - նշեց նա:



Նախագծերի սկզբում թե՛ Անահիտ Մխիթարյանը, թե՛ Ելենա Արշակյանը նշում են՝ հեռուստասերիալներն ունեն ասելիք:

«Տարիներ շարունակ այս ոլորտում ենք ու ամեն անգամ նոր նախագիծ սկսելուց կարևորում ենք ոչ միայն սյուժեն ու քասթինգը, այլ նաև ասելիքը: «Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալում մի քանի անգամ գեներալի կերպարի միջոցով անդրադարձել ենք Շուշիին, պատերազմին, իսկական հային ու հայրենասիրությանը: Ու այս ամենի ֆոնին, ցույց ենք տվել, որ հայրենիք սիրելը, հայրենիքի մասին մտածելը սկվսում է մանրուքներից` ընկերոջը սիրելուց, սեփական տունը պաշտպանելուց: Պաշտոնը և ուժը ոչ միայն հարազատներիդ արարքները կոծկելու, այլ հայրենիքի շահին ծառայեցնելու մեջ է», - եզրափակեց սցենարիստը: