
Սցենարի շուրջ Ելենան կրկին համագործակցել է Անահիտ Մխիթարյանի հետ, ասում է՝ արդեն 30-ից ավելի համատեղ նախագիծ ունեն, ու ամեն տարի ավելի բարդ է լինում նորը ստեղծելը,-«Բայց, կարծես, դա մեզ մոտ ստացվում է, իսկ գնահատականը տալիս է մեր սիրելի հեռուստադիտողն իր արձագանքով»։
Նոր նախագիծը պատմելու է լեռնագնացների ընտանիքի մասին, նկարահանումներն անցնելու են Հայաստանի տեսարժան վայրերում։ Անձնակազը, նույնիսկ, բարձրանալու է Խուստուփ լեռը։ Տեսարաններ կնկարահանեն նաեւ Մոսկվայում։

Ելենան ուրախությամբ է նշում, որ սերիալում սիրված ու, նույնիսկ, սկսնակ դերասանների կողքին հեռուստադիտողը կտեսնի վաստակավոր ու ժողովրդական արտիստների․
«Նկարահանվում են այնպիսի դեմքեր, որոնց հեռուստադիտողը շատ է կարոտել։ Մեր նախագծում պատիվ ունենք աշխատելու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ Հրաչյա Գասպարյանի եւ Անահիտ Քոչարյանի հետ։ Շատ շնորհակալ եմ նրանց, որ չմերժեցին առաջարկն ու սիրով համաձայնվեցին նկարահանվել։ Նկարահանվում է նաեւ թե իմ, թե ժողովրդի կողմից շատ սիրված Արմինե Պողոսյանը, ով բնակվում է Միացյալ Նահանգներում, բայց այս պահին Երեւանում է, ու սիրով միացավ մեր նկարահանումներին։ Հեռուստադիտողը կրկին էկրաններին կտեսնի Ռոմելա Սարգսյանին եւ Գեւորգ Գրիգորյանին, ինչպես նաեւ՝ Հակոբ Տեր-Վարդանյանին, Անահիտ Մանուկյանին, Հարութ Արշակյանին եւ շատ այլ ծանոթ դեմքերի։ Կլինեն նաեւ նոր ու սկսնակ դերասաններ, որոնք, վստահ եմ, կսիրվեն եւ հետագայում հաճախ կլինեն հեռուստաէկրաններին։ Ինձ համար շատ կարեւոր է նաեւ սկսնակներին տեղ տալը»։

Կյանքն էլ է բարձունք, որը մենք հաղթահարում ենք ամեն օր՝ սա է, ըստ Ելենա Արշակյանի նախագծի գլխավոր ասելիքը,-«Ինչպես լեռներում, այնպես էլ կյանքում, շատ կարեւոր է զգալ, որ եթե ընկնես, ընկերդ կբռնի ձեռքդ»։




